Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԹԵԿՆԱԾՈՒԹՅԱՄԲ»

Փետրվար 18,2011 00:00

\"\"ՀՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահ է, որ կոալիցիան 2013-ին կգնա մեկ միասնական թեկնածուով:

– Թեպետ ստորագրվեց կոալիցիոն նոր հուշագիրը, սակայն որոշ հարցեր մնացին. օրինակ, ինչո՞ւ այսքան ձգվեց անորոշության եւ լարվածության մթնոլորտը:

– Նախ, ես դրական եմ գնահատում քաղաքական երեք ուժերի ստորագրած հայտարարությունը, ըստ որի՝ միասնական ջանքերվ պարտավորություն է ստանձնվում նախագահ Սարգսյանի գլխավորությամբ լուծել մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերները, որոնք առկա են թե արտաքին եւ թե ներքին ճակատում: Ավելին, սրանով նաեւ քաղաքական պատասխանատվություն է ստանձնվում բոլոր երեք ուժերի կողմից, որոնք էլ հայտարարում են, որ 2013-ի նախագահական ընտրություններին պետք է գնալ գործող նախագահ Սարգսյանի միասնական թեկնածությամբ։ Նախ, ճշտենք, որ ԲՀԿ-ն երբեք էլ չի ասել, թե չի սատարելու Սերժ Սարգսյանին, բնականաբար, մենք ստորագրել ենք կոալիցիոն հուշագիր, պարզապես այժմ առաջացավ նոր իրավիճակ՝ թե արտաքին, թե ներքին քաղաքականության մեջ, սոցիալական որոշակի բեւեռացում կա եւ այլն, եւ այս բոլոր խնդիրների լուծման համար անհրաժեշտ է, որպեսզի մենք ունենանք կանխատեսելի գործընկերություն, քանի որ այն ավելացնում է վստահությունը թիմում, եւ եթե վստահությունն ավելանում է, նշանակում է՝ աշխատանքի արդյունավետությունն էլ է բարձրանում: Մենք ունենք երկարաժամկետ խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան, իսկ այդ ճանապարհին կարեւորվում է մի բան՝ ինչպե՞ս ենք լուծելու այդ խնդիրները, ի՞նչ թիմով ենք լուծելու եւ ո՞ւմ գլխավորությամբ:

– Համաձայնեք, որ դեռ բավականին ժամանակ կա մինչ խորհրդարանական ընտրություններ՝ մեկ տարուց ավելի, մինչեւ նախագահական՝ ընդհանրապես ավելի երկար ժամանակ կա, ուրեմն ինչո՞վ է բացատրվում այս շտապողականությունը, այսպես թե այնպես՝ կար կոալիցիոն հուշագիր, նորի կարիքը ինչո՞ւ առաջացավ:

– Ես արդեն ասացի, կոալիցիոն ձեր նշած հուշագրից հետո բավականին փոփոխություններ են տեղի ունեցել, օրինակ՝ ճգնաժամը, սոցիալական խնդիրների սրված վիճակը, օրինակ՝ վրաց-օսական պատերազմը, օրինակ՝ հայ-թուրքական հարաբերությունները, կամ՝ ղարաբաղյան հարցում ռազմատենչ հայտարարություններnվ այսքան ակտիվ չէին եւ այլն: Իսկ այս կարգի խնդիրները մեկ օրում հնարավոր չէ լուծել, մանավանդ՝ մեր ժողովրդին պետք է, որպեսզի այս խնդիրները լուծվեն: Դրա համար անհրաժեշտ է թիմ, որը համախմբված կգնա այդ հարցերի լուծմանը: Եվ այդ թիմը հայտարարում է իր հետագա քայլերի ռազմավարությունը եւ մարտավարությունը: Իսկ մենք հայտարարում ենք, որ պետք է գնանք երկարաժամկետ լուծումների այս թիմով եւ նախագահի գլխավորությամբ:

– Հայտարարության մեջ կան որոշ անհասկանալի մտքեր. օրինակ, ինչպե՞ս պետք է հետեւեք, որ երեք կուսակցություններից որեւէ մեկը չխախտի հավասարակշռությունը, ի՞նչ է դա նշանակում՝ պետք է ընտրությունների ընթացքի վրա ազդե՞ք:

– Մենք բազմիցս ենք նշել, որ մեր երկրում ժողովրդավարական արժեքները այլընտրանք չունեն, մենք ձգտում ենք կառուցել ժողովրդավարական Հայաստան, եւ ընտրություններն էլ ժողովրդավարության միջոցներից մեկն են: Խոսքն այն մասին է, որ կոալիցիան մեկ քաղաքական թիմ է եւ գործելու է, բայց կոալիցիոն ուժերը չպետք է իրականացնեն պոպուլիզմի քաղաքականություն, որտեղ ուժերից մեկն ու մեկը կփորձի դիվիդենդներ շահել գործընկերներին քարկոծելու, սեւ PR իրականացնելու հաշվին: Պետք է լինի հստակ, նորմալ, թիմային աշխատանք:

– Ի՞նչ երաշխիք ունեք, որ նախագահական ընտրություններից անմիջապես առաջ իրավիճակը չի փոխվի, ի՞նչ երաշխիք, որ հավատարմությունը կտեւի մինչեւ անհրաժեշտ պահը:

– Տեսականորեն ոչինչ բացառել չի կարելի, բայց մյուս կողմից էլ՝ իսկ ի՞նչ երաշխիք, որ մենք վաղը չենք արթնանա ջրհեղեղի մեջ: Իսկ կոալիցիոն երեք ուժերը կայացած քաղաքական ուժեր են, իրենց որոշումները մանրամասն ծանր ու թեթեւ են արել, եւ այսօրվա դրությամբ փաստաթուղթը գործում է, իսկ թե ինչ կարող է լինել երկու-երեք-տասը տարի հետո՝ որեւէ մեկը չի կարող ասել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել