Փետրվարի 14-ին Ռուսաստանի կաթոլիկ եկեղեցիներում նշվում է Սուրբ Կիրիլի եւ Սուրբ Մեֆոդիի տոնը, այլ ոչ թե «բոլոր սիրահարների օրը», հայտնել է Ռուսաստանի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի գլխավոր քարտուղար, հոգեւորական Իգոր Կովալյովսկին:
Նա նշել է, որ III դարի նահատակ Սուրբ Վալենտինը՝ Իտալիայի Տերնի քաղաքից, ընդհանուր սուրբ է թե կաթոլիկ եւ թե ուղղափառ եկեղեցիների համար, սակայն նրա հիշատակությունը կամավոր է:
«Կաթոլիկ եկեղեցում փետրվարի 14-ը Եվրոպայի հովանավորներ Սուրբ Կիրիլի եւ Սուրբ Մեֆոդիի տոնն է»,- հայտարարել է գլխավոր քարտուղարը: Նա ավելացրել է, որ այդ օրը պատարագի ընթացքում կաթոլիկներն աղոթում են Աստծուն՝ հայցելով լուսավորիչ սրբերի բարեխոսությունը, ում երկրպագում են նաեւ ուղղափառ եկեղեցիները:
Հոգեւորականը չի բացառել այն հնարավորությունը, որ կարող են լինել այդ օրը Սուրբ Վալենտինի հիշատակության նախաձեռնություններ: Սակայն, նրա կարծիքով, կաթոլիկների համար որպես «բոլոր սիրահարների օր» ավելի հարմար է սուրբ ընտանիքի տոնը (նվիրված Հիսուս Քրիստոսին, Կույս Մարիամին եւ Հովսեփին): Այդ օրը, ըստ ձեւավորված ավանդույթի, ամուսինները նորոգում են պսակադրության պահին միմյանց տրված երդումը: Դրանից բացի, կա ընտանիքի հովանավորին՝ Սուրբ Հովսեփին նվիրված մեկ այլ տոն, որը նշվում է մարտի 19-ին, հայտնել է Ռուսաստանի կաթոլիկ եպիսկոպոսների կոնֆերանսի գլխավոր քարտուղարը:
Սուրբ Վալենտինն ապրել է այն ժամանակներում, երբ քրիստոնյաները հետապնդվում եւ հալածվում էին Կլավդիոս կայսեր կողմից: Մի օր Վալենտինը կուրությունից բուժում է բարձրաստիճան պաշտոնյա Աստերիուսի դստերը, եւ դրանից հետո Աստերիուսի ամբողջ ընտանիքն ընդունում է քրիստոնեություն: Դա հարուցում է կայսեր զայրույթը: 269թ. փետրվարի 14-ին Վալենտին եպիսկոպոսը գլխատվում է:
Այն ժամանակներում Հռոմեական կայսրությունում տեղի էին ունենում սիրահար զույգերի հովանավոր Յունոնա աստվածուհուն նվիրված ամենամյա հանդիսություններ: Սովորույթներից մեկն էր՝ միմյանց նվիրել երկտող տոմսակներ՝ սիրեցյալի անվան նշմամբ, եւ այդ ավանդույթը տարածվեց նաեւ քրիստոնյաների շրջանում:
Եկեղեցին չի դատապարտում սերը եւ միմյանց հանդեպ ուշադրությունը Սուրբ Վալենտինի օրը, «սակայն սերը կապված է պատասխանատվության հետ, եւ եկեղեցին կոչ է անում բոլոր սիրահարներին՝ միմյանց մասին մտածել ոչ միայն այդ օրը, այլեւ ամեն օր»,- ասել է կաթոլիկ հոգեւորականը: