Լրահոս
Օրվա լրահոսը

Ամենակարեւոր բաները մի դարձրեք վիրտուալ

Փետրվար 17,2011 00:00

Կարող ես անգամ անուն չունենալ……

Մարդկային փոխհարաբերությունների կազմակերպման ու հասարակության զարգացման տարբեր միջոցների շարքում վերջին տարիներին իրենց տեղը հաստատեցին էլեկտրոնային հաղորդակցության, տեղեկատվություն ստանալու նոր տեխնոլոգիաները՝ ինտերնետը. կապի միջոց, որն այսօր շատերին է գերել:
Համակարգչի անհրաժեշտության եւ դրա շուտափույթ ձեռքբերման համար մտահոգվում է մեր քաղաքացիների մեծ մասը: Արդեն մի տեսակ ամոթ է, եթե չունես համակարգիչ կամ չես տիրապետում դրան: Ամենուր, ցանկացած բնագավառի աշխատանք փնտրելիս, առաջնային է դարձել «դուք համակարգչին տիրապետո՞ւմ եք» հարցը:
Այսօր նույնիսկ դպրոցականները տնային հանձնարարությունների մեծ մասի համար դիմում են համակարգչի օգնությանը, միայն թե ուսուցչի կողմից տրված հանձնարարությունները արագ կատարեն: Մի կողմից լավ է, երբ դպրոցականներն ինքնուրույն են պրպտում, գտնում տնային առաջադրանքների պատասխանները, իսկ մյուս կողմից էլ՝ վատ, քանի որ ինտերնետում «լցված» ինֆորմացիան ոչ միշտ է ճիշտ, գրագետ եւ ստուգված: Հետեւաբար, դպրոցականը, որը պիտի կրթվի գրքերի ու հանրագիտարանների միջոցով, այդ ամենն անում է ինտերնետում, սխալներով:
Համակարգիչը, ինտերնետը, անշուշտ, ունի մի շարք առավելություններ. բացի նրանից, որ այն ինֆորմացիայի աղբյուր է, մեզ տալիս է վայրկենապես նամակ ուղարկելու հնարավորություն, գործարքների, առանց աշխատասենյակից դուրս գալու պայմանագրերի կնքում՝ աշխարհի տարբեր երկրներում գտնվողների հետ, հնարավորություն է տալիս նաեւ «online» առեւտուր կատարել եւ այլն:
Համացանցը թույլ է տալիս գտնելու բոլոր «ինչուների», «երբերի» պատասխանները: Ինտերնետն այսօր ամբողջ աշխարհին իր շուրջն է հավաքել, բայց մարդիկ անտեսում են ինտերնետի բացասական կողմը: Չէ որ, երբ ժամեր ես անցկացնում ցանցում, քիչ ես մտահոգվում քո անձնական խնդիրներով, մոռացության ես տալիս դրանք, կյանքիդ զգալի մասն անցկացնելով «online» ռեժիմում:
Այդպես ժամանակիդ մեծ մասը վատնվում է վիրտուալ շփման վրա, իսկ ամենից վտանգավորն այն է, որ դա դուր է գալիս բոլորին, քանի որ համացանցում դու ազատ ես, դու կարող ես անգամ անուն չունենալ: Վիրտուալ աշխարհը ազատ դաշտ է հատկապես կեղծիքի համար:
Ի վերջո, քիչ չեն նաեւ այն անչափահասները, ովքեր ինտերնետում գտնում են անպարկեշտ կայքեր եւ սկսում ուսումնասիրել, տարվել դրանցով, իսկ հետեւանքների մասին խոսելն անիմաստ է, որովհետեւ բոլորս էլ գիտենք, թե ինչպես է խեղաթյուրվում դեռահասի հոգեկան աշխարհը, որը «շոշափել» է «մեծերի թեմաները»:
Անվերահսկելի այս տիրույթում՝ համացանցում գոյություն ունի միայն ազատ ինֆորմացիոն հոսք, ուրիշ ոչինչ: Վատ է, որ ցանկացած անձ հնարավորություն ունի «հայտնվել» բազմաթիվ կայքերում, վիրտուալ աշխարհում անիրականը դարձնել իրականություն, խաբել, սիրել եւ այլն:
Վիրտուալ կախվածությունը լրջորեն մտահոգում է ոչ միայն հայ հոգեբաններին, բժիշկներին: Մի շարք օտարերկրյա մասնագետներ վիրտուալ կախվածությունը դասում են նույն շարքում, որում, օրինակ, խաղամոլությունն է, ալկոհոլիզմը, թմրամոլությունը:
Փաստ է, որ մարդիկ շատ հաճախ աննկատ, իրենց կամքից անկախ են հայտնվում համացանցի «ծուղակում», հատկապես, երբ իրադարձությունները եւ «թեժ» թեմաները ստեղծում են այն իլյուզիան, թե դու ապրում ես լիարժեք կյանքով, այն ժամանակ, երբ դու կտրված ես իրականությունից:
Ինչեւէ, այսօր շատերի առօրյան այնպես է դասավորված, որ օրվա մեծ մասը անցնում է աշխատավայրում եւ գրեթե ժամանակ չի մնում հարազատ մարդկանց հետ շփվելու համար. այդ պահին գուցե եւ ստիպված հիշում ենք, որ կա ինտերնետը, որը գալիս է «օգնության», ինչն էլ նպաստում է, որ ընկերությունը, սերը եւ մնացյալը դառնան վիրտուալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել