Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ԴՊՐՈՑԸ» ՀԱԿԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ Է

Փետրվար 17,2011 00:00

Այն դաժանություն ու ժարգոն է քարոզում

«Առավոտը» հունվարի 18-ին «Խեղաթյուրված ու սպանող իրականություն» հոդվածում անդրադարձել է «Հ1»-ի «Հրեշտակների դպրոցը» հեռուստասերիալին, որը, ի դեպ, նկարահանվում է թիվ 181 դպրոցում: Ծնողներն էլ հավաստում են, թե նկարահանումները հաճախ խաթարում են դասապրոցեսը: Նշել էինք, որ «Հրեշտակների դպրոցում» հեռուստադիտողին հրամցվում են անցանկալի, մերժելի, անընդունելի ու վտանգավոր իրողություններ՝ հարբեցող ամուսին, որ ծեծում է կնոջն ու երեխաներին, կռիվների մեջ ընկած աշակերտի հետ գործարքի գնացող եւ ոստիկանությանն արհամարհող ուսուցիչ, «ախրանայով» ու «Ջիփ»-ով դպրոց գնացող երեխա եւ նրա դեմ կամավոր ստորացող ուսուցիչ եւ այլն: Բեմադրող ռեժիսորը Տիգրան Դավթյանն է, սցենարի հեղինակը՝ Անուշ Պետրոսյանը, պրոդյուսերը՝ Դավիթ Բաբախանյանը:
Ցավոք, «Հրեշտակների դպրոցը» մեծ լսարան ունի, ու դատարկ եւ անբովանդակ այս «ծամոնը», որ դեռ երկար կձգվի…… առաջին իսկ հայացքից սրտխառնուք է առաջացնում: Ի՞նչ են մտածում հարկատուների հաշվին «Հանրայինը» պահող հեռուստաընկերության տերերը, որ նման կարգի սերիալների համար «կանաչ լույս» են վառում: Թեպետ նմանատիպ գարշանքներ այլ ալիքներով էլ են ցուցադրում…… «Հրեշտակների դպրոց»՝ «օճառային օպերայի» բաղկացուցիչ մասը ողբ է ու լաց, ծեծ, «ռազբորկա»: Անպակաս են գռեհիկ արտահայտությունները՝ հասկացանք, որ մեր իրականությունից են վերցված, բայց մի՞թե արժե փողոցը եթեր բերել, չէ՞ որ այդկերպ սերունդ չեն կրթում: Սցենարի եթե ողջ ամբողջը, ապա զգալի մասը լեփլեցուն է «ապեներով» ու «արաներով»…… Թութակի նման այդ տեքստ կոչվածը արտաբերող «փոքրիկ հրեշտակները» ուղղակի խղճահարություն են առաջացնում: Այդ տարիքի փոքրիկ «դերասանները» ոչ թե սերիալում պետք է իրենց ժամանակը վատնեն, այլ մանկապարտեզ եւ դպրոց հաճախեն,  գիրք կարդան: Հետո էլ զարմանում ենք՝ որտեղի՞ց այսքան ագրեսիա երեխաների մեջ, ինչո՞ւ են նրանք այսքան «ինքնասածի», ինչո՞ւ են անհարգալից վերաբերվում իրենց դպրոցին, ուսուցչուհուն, համադասարանցուն եւ շրջապատող մարդկանց: Հանուն նրա, որ ինչ-որ մի ռեժիսոր ու սցենարիստ իր դիպլոմային աշխատանքն է առաջ տանում. որքան դաժան ու սրտաճմլիկ՝ այնքան ավելի լավ: Վատ չէր լինի, որ սերիալի հեղինակները մի քիչ էլ ուրիշների ու իրենց սեփական երեխաների դաստիարակության մասին մտածեին ու իրենց «գլուխգործոցը» նկարահանելուց առաջ հոգեբանի հետ խորհրդակցեին: Այդ դեպքում՝ դժվար թե եթերում հայտնվեր տեսարան, որտեղ 3 տարին չբոլորած աղջնակի թեւին Սամվել անունով հերոսը սիգարետ է հանգցնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել