Շախմատի Հայաստանի 2011 թվականի չեմպիոն Սիրանուշ Անդրիասյանն օրերս ամուսնացել է եւ արդեն մեկնել Ուկրաինա: Կանանց միջազգային վարպետն իր հետագա կյանքը կապել է Խարկովում բնակվող մեր հայրենակից Միխայիլ Դավիդյանի հետ, որն Ուկրաինայի ներկայիս լավագույն շախմատիստուհիներից մեկի՝ Եվգենիա Դոլուխանովայի մորաքրոջ տղան է: Ճիշտ է, Սիրանուշն այսուհետեւ ապրելու է ամուսնու հետ, սակայն շարունակելու է միջազգային ասպարեզներում պաշտպանել Հայաստանի մարզական դրոշի պատիվը:
Նորապսակներին ինտերնետով ծանոթացրել է Եվգենիան: Նա մի քանի օր Հայաստանում էր եւ Փարպի գյուղում հյուրընկալվում էր Լիլիթ Մկրտչյանի հայրական օջախում: Ուկրաինա վերադառնալուց առաջ Դոլուխանովան «Առավոտի» հետ ունեցած զրույցում ասաց. «Ես վաղուցվանից ջերմ ու մտերիմ հարաբերությունների մեջ եմ Հայաստանի իմ հայրենակից շախմատիստուհիների հետ: Սիրանուշին էլ լավ եմ ճանաչում: Միխայիլն իմ եղբայրն է, եւ ուրախ եմ, որ նրանք ընտանիք կազմեցին, եւ ես էլ դրանում իմ փոքրիկ ներդրումն ունեցա: Հայաստան ժամանել եմ փետրվարի 8-ին՝ «Moscow Open»-ից անմիջապես հետո եւ մասնակցել նրանց հարսանեկան արարողությանը»: Հարցին, թե Սերգեյ Մովսիսյանի օրինակով մտադրություն չունի՞ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, Եվգենիան պատասխանեց. «Ճիշտն ասած՝ մինչեւ հիմա նման բան մտքովս չէր անցել, բայց այդ ուղղությամբ մտածել կարելի է»: