Լիբերեցում շարունակվող Եվրոպայի երիտասարդական ձմեռային օլիմպիական 10-րդ փառատոնում Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի ներկայացուցիչները շարունակում են ցածր արդյունքներ ցույց տալ:
Տղաների հսկա ոլորավայրէջքում Սարգիս Գալստյանը երկու փորձահերթերում ցույց տվեց 2:13.86 ընդհանուր արդյունք: Դա եզրագիծ հասած մարզիկների մեջ վերջին ցուցանիշն է: Դանդաղ էր նաեւ մեր դահուկային արագավազորդների ընթացքը: Տղաների պայքարում Թադեւոս Պողոսյանը (Աշոցք) պայքարն ավարտեց 72-րդ (2:52.72), իսկ գյումրեցի Հրաչիկ Սահակյանը (3:14.33)՝ 83-րդ արդյունքով: Տղաներից ետ չմնացին նաեւ աղջիկները: Լիլիթ Տոնոյանը 3:34.66 արդյունքով 69-րդն էր, իսկ նրա թիմակից Կատյա Գալստյանը (3:39.76)՝ 72-րդը:
Առավել վատ հանդես եկան մեր բիաթլոնիստները: Եթե տղաների 12,5 կմ մրցատարածությունում Արտուշ Մկրտչյանը 87 մասնակցի մեջ 85-րդն էր, աղջիկների 10 կիլոմետրում Գոհար Աբգարյանը, ըստ օլիմպիական փառատոնի պաշտոնական կայքի, եզրագիծ չի հասել:
Լիբերեցում հայ մարզասերների համար միակ լուսավոր կետը գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանն է: 14-ամյա այս պատանին կարճ ծրագրից հետո ընթանում էր հինգերորդ տեղում եւ երեկ ուշ երեկոյան մրցավարներին պետք է ցուցադրեր իր ազատ ծրագիրը եւ, ինչպես մասնագետներն են նշում, դիրքերը մի փոքր էլ բարելավելու վատ հնարավորություն չուներ: