Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐ՝ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

Փետրվար 17,2011 00:00

Մոսկվայում ընթացող շախմատի «Aeroflot Open» փառատոնի «C» խմբի մրցաշարը երեկ ավարտվեց հայ շախմատիստների անվերապահ հաղթանակով: Որ այստեղ հաղթողն անպայման մեր հանրապետությունից է լինելու, ութերորդ տուրից հետո կասկած չկար: Հարցը միայն այն էր, թե մերոնցից ո՞վ կգրավի առաջին տեղը: Պատասխանն ստացվեց ցերեկը, այս խմբում եզրափակիչ տուրը սովորականից շուտ էր սկսվել: Վճռորոշ տուրում միմյանց հետ խաղում էին մրցաշարային աղյուսակի երկու առաջին տեղերն զբաղեցնող Դավիթ Շահինյանն ու Արթուր Ղարագյոզյանը եւ սպիտակներով խաղացող Դավիթը՝ տոնելով իր յոթերորդ հաղթանակը, 8,0 միավորով դարձավ փառատոնի միանձնյա հաղթող:
Մրցանակակիրների եռյակում տեղ զբաղեցնելուն հավակնում էին հայաստանցի միանգամից չորս շախմատիստներ: Սակայն հաջողությունը բարեհաճ գտնվեց Տիգրան Սիմոնյանի նկատմամբ: Նա պարտության մատնեց Ռուսաստանի ներկայացուցիչ, կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Վարվառա Ռեպինային ու 7,5 միավորով գրավեց «մաքուր» երկրորդ տեղը: Իսկ եռյակը եզրափակեց մեր հայրենակից Էդուարդ Բասենցյանը՝ Ռուսաստանից: Իսկ ինչ վերաբերում է պայքարի ամբողջ ընթացքում գերազանց հանդես եկած մեր մյուս տղաներին, ասենք, որ Արթուր Ղարագյոզյանն ի վերջո հանգրվանեց չորրորդ հորիզոնականում (6,5 միավոր): Նույնպիսի արդյունքով Սարգիս Մանուկյանը տեղ զբաղեցրեց վեցերորդ հորիզոնականում, իսկ կես միավոր պակաս վաստակած Վարդան Խոջայանը բավարարվեց 9-րդ տեղով:
Ճիշտ է, «Aeroflot Open»-ի այս խումբն իր կարգով զգալիորեն զիջում էր «B», առավել եւս՝ «A» խմբին, սակայն ուրախացնող է, որ շուրջ երկու տասնյակ երկրներ ներկայացնող 106 երիտասարդ, բայց տաղանդաշատ շախմատիստների հետ պայքարում մեր հանրապետության հինգ ներկայացուցիչներ տեղ զբաղեցրին լավագույն տասնյակում, նրանց ավելացրած նաեւ ռուսաստանցի Էդուարդ Բարսամյանին:
Երեկ ուշ երեկոյան պետք է ավարտվեր նաեւ «B» խմբի մրցաշարը, որտեղ հանդես եկող եւ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնող գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը նույնպես կարող էր հաղթող ճանաչվել, եթե առավելության հասներ իր հետ հավասարաքայլ ընթացող Նիկոլայ Կաբանովի նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2011
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28