Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ֆիլհարմոնիկը՝ դեպի ՀՀ բուհեր

Փետրվար 17,2011 00:00

\"\"Դասական երաժշտությունը՝ «ապագայի» մոտ

«Առավոտը» ժամանակին անդրադարձել է հայաստանյան բուհերում խորհրդային տարիներին գործող ուսանողական նվագախմբերին, որոնցից մի քանիսի համբավը դուրս էր եկել հանրապետության սահմաններից: Հիշատակման են արժանի կոմպոզիտոր Սերգեյ Աղաջանյանի ղեկավարությամբ Պոլիտեխնիկական ինստիտուտի ջութակահարների եւ Բժշկականի կամերային անսամբլները, Գյումրիի մանկավարժականում՝ այսօր արդեն Օդեսայի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր եւ տեղի կոնսերվատորիայի պրոռեկտոր Սերգեյ Մացոյանի ղեկավարած սիմֆոնիկ նվագախումբը եւ այլն: Իհարկե, միամիտ է կարծել, թե բուհական ուսանողական նվագախմբերով լիովին լուծվում էր երիտասարդների շրջանում դասական երաժշտության հանդեպ հետաքրքրության խնդիրը, բայց փաստ է, որ ճաշակ էր ձեւավորվում դեպի բարձրակարգ արվեստ:
Մեզ համար անակնկալ էր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հերթական ուրբաթօրյա համերգի ազդագիրը, որը փետրվարի 18-ին, ժամը 15-ին հրավիրում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի մեծ դահլիճ: Դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ կայանալիք համերգին որպես մենակատար հրավիրված է երիտասարդ տաղանդավոր ջութակահարուհի Անուշ Նիկողոսյանը:
«Դասական երաժշտությունն ենք տանում ապագայի՝ երիտասարդության մոտ». սա Թոփչյանի հակիրճ պատասխանն էր մեզ հասած այն լուրերի, թե Ֆիլհարմոնիկն իր առաջիկա ծրագրերը ներկայացնելու է միայն բուհերում:
«Առավոտն» ավելի մանրամասն տեղեկություններ ստանալու համար հանդիպեց ՀՊՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանի հետ:
Տիկին Սիրունյանը նշեց, որ Ֆիլհարմոնիկի՝ բուհերում կայանալիք համերգների իրենց նախագիծը արժանացել է մշակույթի նախարարության հավանությանը, մանրամասնեց. «Առայժմ հանդիպել եւ պայմանավորվածություն ենք ձեռք բերել երեք բուհի՝ Հայ-ռուսական, Բժշկական եւ Մանկավարժական համալսարանների ռեկտորների հետ: Բացի «Արամ Խաչատրյան» համերգասրահում ուրբաթօրյա համերգներից, Ֆիլհարմոնիկը ելույթ կունենա հիշյալ բուհերում: Մաեստրո Թոփչյանի հետ ընտրել ենք հանրամատչելի դասական երաժշտություն, ինչը, վստահ ենք, հասու կլինի երիտասարդությանը: Չմոռանանք՝ այսօրվա ուսանողները 90-ականների սկզբների սերունդն է, որը զրկված էր նաեւ բարձր արվեստի հետ շփումից…»: Ռ. Սիրունյանը շեշտեց, որ բուհերում համերգներն անվճար են եւ բացի փետրվարի 18-ից, Ֆիլհարմոնիկի համերգները, ինչպես միշտ, կկայանան «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Ավելացրեց նաեւ, որ համերգների համար բուհերը սիմվոլիկ գումար կփոխանցեն Ֆիլհարմոնիկին:
Հարցին՝ հնարավո՞ր է արտագնա համերգների ժամանակ ուսանողներն իրենց կրթօջախներում շփվեն նաեւ արտերկրից ժամանած անվանի երաժիշտների հետ, մեր զրուցակիցն ասաց, որ դա ոչ միայն հնարավոր է, այլեւ նախատեսված է որոշ «հյուրախաղային» երաժիշտների ելույթը, բացի համերգասրահից, կազմակերպել նաեւ բուհերում. «Բացի համերգներից, կանցկացվեն նաեւ Թոփչյանի, Ֆիլհարմոնիկի երաժիշտների, ինչպես նաեւ երաժիշտ հյուրերի հանդիպումները ուսանողների հետ»: Իսկ թե ինչու միայն ընտրվել են վերոհիշյալ բուհերը, տիկին Սիրունյանն ասաց, որ նրանց դահլիճները համապատասխանում են պահանջվող նորմերին: Հավելեց նաեւ, որ ռեկտորների հետ բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել բուհերում ստեղծել դասական երաժշտության սիրահարների ակումբ: Ի դեպ, առաջիկա համերգը նվիրվում է Սիրո տոնին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել