Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՆԿՈՉՈՒՄ ԵՎ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

Փետրվար 17,2011 00:00

Ճանաչված մտավորականների կարծիքով՝ դա իջեցնում է նշաձողը

\"\"

ՀՀ կառավարության հունվարի 26-ի որոշմամբ՝ փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական (ԵԹԿՊԻ) ինստիտուտի կանոնադրության մեջ: Արդյունքում՝ այս բուհի ռեկտոր կարող է լինել անգամ գիտական աստիճան չունեցող ցանկացած մեկը: Մարդը կարող է լինել դոցենտ, արվեստի կամ մշակույթի վաստակավոր գործիչ ու ղեկավարել բուհ՝ դոկտորներով եւ պրոֆեսորներով հանդերձ: Ինչ վերաբերում է ներկայիս ռեկտոր Հրաչյա Գասպարյանին, ում 65 տարին լրանում է մարտի 6-ին, ըստ ՊՈԱԿ-ի մասին օրենքի, նա այլեւս չի կարող ռեկտորի պաշտոն զբաղեցնել: Այնպես որ, պատահական չէ՝ ռեկտորի թեկնածուների անունների շրջանառվելը: Նրանց թվում են նույն բուհի դեկան Նարինե Սարգսյանի, «Գոյ» թատրոնի տնօրեն Արմեն Մազմանյանի եւ կինոգետ Դավիթ Մուրադյանի անունները: Տիկին Սարգսյանի հետ կապվել չհաջողվեց, Դ. Մուրադյանն ասաց, որ շատ հարգելի մարդիկ խոսել են իր՝ ռեկտորի հավանական թեկնածու լինելու մասին, ինքն էլ ասել է. «Հաճելի է լսել, բայց թույլ տվեք մտածել…»:
Արմեն Մազմանյանը հեռախոսով «Առավոտին» փոխանցեց, որ այս պահին ոչինչ չի կամենում մեկնաբանել. «Երբ թերթերում բան չի լինում գրելու, շահարկվում է իմ անունը, հատկապես՝ երբ ինչ-որ մեկը որոշում է ինձանից իր մուռը հանել… Ես ոչ մի կոմենտար չունեմ, կարծիք չունեմ, այս վայրկյանին ոչ մի ցանկություն չունեմ: Կգա ժամանակը, կլինի հայտարարություն»: Իսկ կանոնադրության համապատասխան կետի փոփոխության մասին, որը, տարածված կարծիքի համաձայն, արվել է ռեկտորի պաշտոնը հենց Մազմանյանին հարմարեցնելու նպատակով, մեր զրուցակիցը նշեց, որ տեղյակ չէ՝ չի՛ կարդացել: Հավելենք, որ բուհի խորհրդում էլ են փոփոխություններ կատարվել, կազմից դուրս են հանվել Սուրեն Հասմիկյանը, Գրիգոր Օրդոյանը, նոր մարդիկ էլ են ավելացվել, նրանց թվում՝ Հարություն Խաչատրյանը, Արա Երնջակյանը եւ այլք:
Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի դերասանի վարպետության եւ ռեժիսուրայի ամբիոնի վարիչ, բուհի խորհրդի անդամ, պրոֆեսոր Ռուբեն Բաբայանն ասաց, որ կողմնակից է այն ամենին, ինչ կատարվում է օրենքի սահմաններում: «Ոչ մի բան որեւէ թեկնածուի համար հատուկ չեմ ուզում ասել, ավելի կարեւոր է, որ ընտրությունները կատարվեն ընտրության ձեւով, թեկնածուները ներկայանան իրենց ծրագրերով, պահպանվի այն կարգը, որ կա: Եթե դա նշանակովի է, թող իրականում արվի նշանակման ձեւով… Ամեն դեպքում, թեկնածուների մասին կարելի է խոսել նրանց ծրագրերին ծանոթանալուց հետո»: Ռեկտոր դառնալու պահանջների մեղմացման մասին էլ պարոն Բաբայանը հավելեց, որ երբ եղել է կառավարության որոշումը, ինստիտուտը կարծիք է հայտնել, որին ինքը կողմնակից է՝ գիտական աստիճանի մասին կետը հանելը իջեցնում է նշաձողը: Պարոն Բաբայանը հակասահմանադրական է համարում 65 տարին լրանալու պատճառով պաշտոն զբաղեցնելու անհնարինության մասին նորմը. «Լավ կլիներ, որ այսօրվա ռեկտորն էլ իրավունք ունենար մասնակցել ընտրությանը, որովհետեւ, բոլոր դեպքերում, 65 տարեկան գործունյա տղամարդուն միայն տարիքի համար, երբ չկա առողջական կամ մասնագիտական խնդիր, ուղարկել թոշակի՝ արդարացի չէ: ՊՈԱԿ-ի այդ նորմը, փաստորեն, հակասում է Սահմանադրությանը, որը նման սահմանափակումներ չի ենթադրում: Իսկ Սահմանադրությունը պետության գերագույն օրենքն է: Կառավարությունը պետք է մտահոգվի այդ հակասությունը վերացնելու խնդրով, քանի որ ստեղծագործական ու գիտամանկավարժական օղակ հանդիսացող բուհում տարիքը ամենավատ հատկանիշը չէ»:
ԵԹԿՊԻ-ի խորհրդի արդեն նախկին անդամ, պրոֆեսոր Սուրեն Հասմիկյանը ուրախ է, որ այլեւս այն խորհրդում չէ, որին կպարտադրեն «վերեւի» թեկնածուին անցկացնել: Նա ասում է, որ բոլոր երեք թեկնածուների հետ հրաշալի հարաբերությունների մեջ է, եւ որեւէ մեկի դեմ ոչինչ չունի, ու խնդիրը ոչ թե անձերն են, այլ ընտրության սկզբունքը. «Երեւույթն է կարեւոր՝ որոշում ու կանոնադրություն է փոխվում, ըստ որի՝ ռեկտորն անպայման չէ, որ լինի գիտնական, ուրեմն՝ ամբիոնի վարիչը պետք է լինի պրոֆեսոր, ռեկտորը՝ ո՞չ»: Նա եւս անհեթեթ է համարում 65 տարին լրանալու կետը, կարծում է, որ եթե ռեկտորի «ժամկետը» լրանում է, հենց նույն ռեկտորն էլ կարող է լինել ժամանակավոր պաշտոնակատար եւ ոչ թե մեկ ուրիշը՝ մինչեւ ընտրություններ կայանան: Բացի դրանից, Ս. Հասմիկյանի համոզմամբ, երբ Բոլոնյան սկզբունքով երկու տարի է՝ բուհում ռեֆորմներ են իրականացվում, ինչո՞ւ ռեկտորին հնարավորություն չտալ, որպեսզի գոնե մինչեւ տարվա վերջ աշխատի ու քաղի պտուղները. «Լավ կլիներ, որ, անկախ անձից, ներկայիս ռեկտորը շարունակի աշխատել, քան նոր նշանակում լինի, մանավանդ՝ գուցե Հրաչյա Գասպարյանը չի էլ երազում մնալ, բայց բուհի շահը պահանջում է, որ մնա, ուրեմն՝ ինչո՞ւ շտապել: Եթե մարտին այդ մարդու 65-ը լրանում է, փոխվո՞ւմ է ինքը, միանգամից դառնում է հաշմանդա՞մ… Կամ ի՞նչ է նշանակում օրենք փոխել, որ ռեկտորը չլինի գիտնական, այդ դեպքում եկեք ինստիտուտի անուն էլ փոխենք, դնենք՝  քոլեջ…»:
ԵԹԿՊԻ-ի ներկայիս ռեկտոր, պրոֆեսոր Հրաչյա Գասպարյանը «Առավոտի» հետ զրույցում մեկնաբանելով կառավարության աղմկահարույց որոշումը, ասաց, որ ստիպված են այն կատարել, թեեւ վստահ են, որ դրանով ռեկտոր դառնալու նշաձողն ահագին իջեցված է. «Ես հարց բարձրացրի, ասացի՝ սա ոչ միայն ստեղծագործական, այլեւ գիտական բուհ է, անգամ ինստիտուտի մասշտաբներում մեզ վատ ենք զգում, քանի որ մեր բուհն այնպիսին է, որ կարող է համալսարան համարվել»: Պարոն Գասպարյանը ձեռնպահ մնաց որեւէ թեկնածուի մասին խոսելուց, բայց շեշտեց. «Թատերական ինստիտուտի ռեկտորը պիտի լինի մարդ, ով հասկանում է բուհի դինամիկան, գիտակցում, որ այստեղ հեղափոխություն անելու տեղ չէ»: Իր 65 տարին լրանալու պատճառով պաշտոնից զրկվելու մասին էլ քմծիծաղով հավելեց. «Հենց մի քանի օրից վաթսունհինգս լրանա, ձեռքերս սկսելու են դողալ, միտքս էլ՝ մթագնել…»:
 Թե ինչպես կզարգանան իրադարձությունները, կերեւա ապագայում, տհաճն այն է, որ մշտապես բոլոր ոլորտներում ստեղծվում են ձեւական հանձնաժողովներ ու խորհուրդներ, որոնք ընդունում են մի որոշում, որի վրա «վերեւում» թքած ունենալով՝ անպայման ուրիշն են կայացնում: Այդպես եղավ, օրինակ՝ «Սպարտակ» բալետը պետական մրցանակի արժանացնելու ժամանակ: Հանձնաժողովի անդամների մեծամասնությունն այլ կարծիքի էր, բայց նախագահը վետո դրեց դրանց վրա… Նման փաստերը հաստատ «վերեւների» օգտին չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել