Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պարենի աճող գները ողջ աշխարհում հասել են «վտանգավոր մակարդակի»

Փետրվար 17,2011 00:00

\"\"Պարենի աճող գները հասնում են «վտանգավոր մակարդակի» եւ սպառնում են որոշ երկրներում դառնալ սովի ընդվզումներ: Հունվարին պարենի գների ինդեքսը կազմել է 231 կետ, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 1990թ.-ից ի վեր: «Ինտերֆաքսի» մատուցմամբ, այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ-ը՝ վկայակոչելով Bloomberg գործակալությանը: Համաձայն վերջին տվյալների, որոնք մեջբերել է Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելլիկը, ցորենի եւ այլ հիմնական սննդամթերքների գները մոտ են պատմական մաքսիմումին:
Անցած տարի Երկիր մոլորակի տասնյակ միլիոնավոր բնակիչներ հայտնվել են ծայրահեղ աղքատ վիճակում: 2010թ. հունիսից աշխարհում աղքատության շեմից անդին ապրող մարդկանց թիվը (օրական 1,25 դոլար) աճել է՝ հասնելով 44 միլիոնի: Գների ռեկորդային բարձրացումն արսեն բողոքի ալիքներ է առաջացրել Հյուսիսային Աֆրիկայում եւ Մերձավոր Արեւելքում:
ՀԲ-ի՝ պարենի գների ինդեքսը, որը հաշվարկում է ցորենի, շաքարի, ձեթի եւ այլ հիմնական սննդամթերքների գները, ընդամենը 3 տոկոսով է ցածր պատմական մաքսիմումից, որը գրանցվել էր 2008-ին: «Աղքատ մարդիկ այլեւս անասելի դժվարություններ են կրում՝ փորձելով կերակրել իրենց ընտանիքները»,- հայտարարել է Զելլիկը՝ հավելելով, թե պարենային ինֆլյացիան «բացասական գործոն» էր, որը Թունիսում սկսված եւ Եգիպտոսում ու այլ երկրներում տարածված անկարգությունների «կրակի վրա յուղ լցրեց»: ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության հարցերով կազմակերպության կանխատեսմամբ, ցորենի համաշխարհային արտադրությունը 2010-2011 թթ. ընթացքում կկրճատվի ավելի քան 4 տոկոսով եւ կկազմի 653 մլն տոննա, այն դեպքում, երբ դրա պահանջարկն աճում է 1,2 տոկոսով եւ կկազմի 667 մլն տոննա:
ԱՄՆ պետդեպի տվյալներով, 2007-2009թթ. աշխարհում տեղի է ունեցել սովի ավելի քան 60 ընդվզում: Գների աճն առավել մեծ սպառնալիք է զարգացող երկրների համար Աֆրիկայում, Ասիայում, Հարավային Ամերիկայում ու մասնավորապես՝ Ուգանդայում, Մալիում, Նիգերում, Սոմալիում, Ղրղըզստանում, Տաջիկստանում, Հոնդուրասում, Գվատեմալայում եւ Հայիթիում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել