Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԳՈՐԲԱՉՈՎԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԵԳԻՊՏՈՍՅԱՆ ՎԵՐՋԱԲԱՆ Է ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Փետրվար 17,2011 00:00

\"\"Ռուսաստանի քաղաքական ռեժիմը կարող է ավելի կոշտ վերջաբան ունենալ, քան Եգիպտոսում էր։ «Ազատություն» ռ/կ-ի հարցազրույցում այդ մասին հայտարարել է նախկին ԽՍՀՄ առաջին եւ միակ նախագահ Միխայիլ Գորբաչովը: «Եթե մենք ժամանակ կորցնենք, եթե հետեւողականորեն չպաշտպանենք մարդու իրավունքները, չձեւավորենք արդյունավետ խորհրդարան, որն ընդունակ կլինի վերահսկել գործադիր իշխանությունը, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես կա, ապա կարծում եմ, եգիպտական սցենարի հնարավորությունը կսկսի աճել»,- ասել է նա:
Գորբաչովը խստորեն քննադատել է Ռուսաստանի այսօրվա իշխանություններին՝ ասելով. «Տեսեք, թե ինչպես է ձեւավորվում իշխանությունը. վերցում են իրենց մտերիմներին, ում հետ սովորել են, ում հետ ապրել են նույն փողոցում, ում հետ ֆուտբոլ են խաղացել, ում հետ ինչ-որ գործեր են արել ու շարունակում են անել: Այսինքն, գլխավորը անձնական հավատարմությունն է, ծանոթությունը, մտերիմ հարաբերությունները: Ես այդպիսի մոտեցում չեմ ընդունում՝ վճռականապես»:
Այսօրվա Ռուսաստանի իշխանություններից Գորբաչովի հիմնական պահանջը, դժգոհությունն այն է, որ դանդաղ են լուծվում ժողովրդավարության խնդիրները. «Ժողովրդավարության տեսակետից ամեն ինչ կա՝ խորհրդարան, դատարաններ, մամուլ, բայց արդյունքները շատ քիչ են»։
Ռուսաստանի առաջիկա՝ 2012 եւ 2018թթ. նախագահական ընտրությունների մասին ասվում է, թե առաջինում կառաջադրվի Մեդվեդեւը, հետո նորից՝ Պուտինը: Այս առնչությամբ Գորբաչովը շեշտում է, թե ամոթ է, երբ երկրի ղեկավարներն ասում են՝ «ժամանակը կգա, կնստենք, կորոշենք՝ մեզանից ով կառաջադրվի ընտրություններում։ Ես ամաչում եմ: Կարծես՝ հասարակություն չկա, Սահմանադրություն չկա, ընտրական համակարգ չկա. նրանք երկուսով պիտի որոշեն: Երկուսի իշխանություն, իսկ ո՞ւր ենք մենք՝ 140 միլիոնանոց ժողովուրդը: Դա ինձ դուր չի գալիս: Նրանք համոզված են, որ իրենք հայրենիքի փրկիչներն են, իսկ ես կարծում եմ, որ դա այդպես չէ»:
Նա նաեւ նկատել է, թե արդեն հայտնվում են մարդկանց այնպիսի խմբեր, որոնք կգտնեն եւ նախագահի պաշտոնին հավակնող թեկնածու կառաջադրեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել