Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայ կանայք էլ բրիտանուհիների պես

Փետրվար 17,2011 00:00

Կամ «Կին քաղաքական գործիչներից՝ կին քաղաքական գործիչներին» ձեռնարկի շնորհանդեսը

Հայաստանում հասարակության 50%-ից ավելին կազմող կանայք շարունակում են քաղաքական դաշտում ցածր ներկայացվածություն ունենալ: 2005թ. պատրաստված «Հազարամյակի զարգացման նպատակների տեղայնացումը եւ առաջընթացը» ազգային զեկույցի համաձայն, մեր երկիրը պարտավորվել է մինչեւ 2015 թվականը ավելացնել կանանց տեսակարար կշիռը ԱԺ պատգամավորների, նախարարների, փոխնախարարների, մարզպետների ընդհանուր թվում՝ դարձնելով այն 25%-ից ավելի: Հայաստանում այժմ ԱԺ 131 պատգամավորներից միայն 11-ն է կին, 18 նախարարներից՝ 2-ը: 2009թ. տվյալներով, 65 փոխնախարարներից 3-ն է կին եղել, 21 փոխմարզպետներից՝ 1-ը, իսկ մարզպետարանների աշխատակազմի ղեկավարներից՝ 2-ը: Կանանց դերի բարձրացմանն է միտված «Կին քաղաքական գործիչներից՝ կին քաղաքական գործիչներին» ձեռնարկը, որի շնորհանդեսը կայացավ երեկ՝ ԵՊՀ-ում: Քաղաքական դաշտում կանանց ներգրավվածությունը կարեւորելու եւ ընդլայնելու նպատակով Բրիտանական խորհուրդը Երեւանում 2008 թ. նախաձեռնել էր Wo/Men in politics երկամյա ծրագիրը, որին մասնակցել է 5 խորհրդարանական եւ 5 արտախորհրդարանական կուսակցությունների 20 կին ներկայացուցիչ: Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի տնօրեն Արեւիկ Սարիբեկյանը տեղեկացրեց, որ 2 տարվա ընթացքում կազմակերպվել են տարբեր թրեյնինգներ, մասնակիցները այցելել են Մեծ Բրիտանիա, որտեղ ուսումնասիրել են տեղի կին քաղաքական գործիչների փորձը: Ծրագրի արդյունքում որոշվել է Հայաստանում ձեւավորել կանանց հարցերով խորհրդակցական խումբ, որը պետք է ապահովի կնոջ ակտիվությունը խորհրդարանում: Մասնակիցներից Սրբուհի Ներսիսյանը երազում է մի օր Հայաստանի նախագահի պաշտոնում տեսնել կնոջ: «Տղամարդիկ հիմա մի քիչ սեփականաշնորհել են ե՛ւ ԱԺ-ն, ե՛ւ կառավարական պորտֆելները, բայց փոփոխություն կամաց-կամաց մեզ մոտ էլ է լինում»,- մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց նա: Գայանե Բարսեղյանն էլ կարծում է, որ կանայք լավ խորհրդատու են տղամարդկանց համար, բայց կին նախագահ ունենալուն կողմ չէ. «Երկիրը թող տղամարդը ղեկավարի, բայց նաեւ չմերժեն կնոջ խորհուրդները»:
«Առավոտը» ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է վերաբերվում կնոջ՝ քաղաքականությամբ զբաղվելուն եւ արդյո՞ք կցանկանար իր երկրի նախագահը կին լիներ: Կնոջ՝ քաղաքականության մեջ լինելուն նա նորմալ է վերաբերվում, եթե վերջինս կարողանում է համատեղել իր մասնագիտական եւ ընտանեկան պարտականությունները: Նախագահական ընտրություններին կին թեկնածուի առաջադրմանը պատգամավորը կողմ չէ, գտնում է. «Մենք այնպիսի տարածաշրջանում եւ այնպիսի դժվարին պայմաններում ենք ապրում, որ մեզ դեռ շուտ է կին նախագահի մասին խոսել, բայց խորհրդարանում անպայման ներկայացված են լինելու, կարծում եմ, որ գնալով այդ ներկայացվածությունը կմեծանա: Այս ուղղությամբ աշխատանքներ ընթանում են, եւ արդյունքներն ապագայում ավելի տեսանելի կլինեն»:
Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հս. Իռլանդիայի դեսպան Չարլզ Լոնսդեյլի խոսքով՝ այսօր բազմաթիվ տղամարդկանց համար դժվար է ընդունել, որ կանայք եւ տղամարդիկ պետք է ունենան նույն իրավունքները: Նրա փոխանցմամբ, խտրական վերաբերմունքի են արժանանում նաեւ բրիտանուհիները: Միացյալ Թագավորության պառլամենտում ունենալով ընդամենը 21% կանանց ներկայացուցչություն՝ Բրիտանիան դեռ հեռու է ավելի հավասար դիրքեր ունեցող Շվեդիայից (այս երկրում 46% կանանց ներկայացուցչություն կա) եւ Ռուանդայից (56%): Ընտրարշավներ կազմակերպող բրիտանական մի կազմակերպություն կանանց՝ պառլամենտում ընդգրկվելուն խանգարող 4 պատճառ է ընդգծում. քաղաքական կյանքի մշակույթը, երեխաների խնամքը եւ ընտանիքում ունեցած պարտավորությունները, վստահությունը: Պատճառներից մեկն էլ, ըստ բրիտանացիների, կանանց ավելի քիչ վաստակելն է, որի պատճառով նրանք ավելի քիչ գումար կարող են ծախսել ընտրարշավի վրա: Չնայած սրան, դեսպանը նշեց, որ քաղաքական կուսակցությունները վերջին տարիներին գիտակցաբար փորձում են ձեռնարկել այնպիսի քայլեր, որոնց միջոցով կքաջալերեն կանանց մասնակցությունը, բայց, նրա կարծիքով, մինչեւ հավասարություն՝ դեռ անցնելու երկար ճանապարհ կա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել