Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԳԻՏԵՆՔ՝ ՆԱԽԱԳԱՀՆ ՈՎ Է ԼԻՆԵԼՈՒ, ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՉԳԻՏԵՆՔ»

Փետրվար 17,2011 00:00

\"\"ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի կանխատեսումը՝ ՀՀ հաջորդ նախագահի եւ նախարարի մասին

Երեկ ԱԺ-ում քննարկվեց «ՀՀ կրթության զարգացման 2011-2015թթ. պետական ծրագրի» նախագիծը եւ դրա ազդեցությունը կրթության որակի եւ արդյունավետության բարձրացման վրա: Հանդիպման սկզբնական հատվածը դեկլարատիվ բնույթ ուներ: Այն սկսվեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի ելույթով, որը պոետիկ էր, խոհափիլիսոփայական: Նախարարը խոսեց կրթության առաքելություններից, մարտահրավերներից: Նա նաեւ զերծ չմնաց սեփական «նորաբանություններն» օգտագործելուց. օրինակ՝ փարիսեցիական բառը պարոն Աշոտյանի շուրթերից հնչեց որպես «փարիսեական», ֆետիշացվածը դարձավ «ֆետիշականացված» եւ այլն: Նախարարի ելույթից հետո մանկավարժներից մեկը բարձրացրեց ծրագրի 40-րդ կետով սահմանված խնդիրը, որը վերաբերում է նրան, որ մանկավարժական մասնագիտություններով բուհերի եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսումնական պլանները վերանայված չեն եւ չեն համապատասխանեցվել հանրակրթության ոլորտում գոյություն ունեցող բարեփոխումներին: Ա. Աշոտյանը պատասխանեց. «Ընդունենք, որ այսօր Հայաստանում մանկավարժական կրթության գնում են մարդիկ, որոնք հիմնականում ձեռքի հետ են ընդունվում մանկավարժական բուհեր, այլ ոչ թե ցանկանում իսկապես դառնալ մանկավարժ: Փաստորեն, այն դիմորդը, որը գալիս է մանկավարժական բուհ, մոտիվացված չէ: Սա բերում է նրան, որ լսարան են մտնում ոչ մոտիվացված մանկավարժներ, նրանք, ովքեր մասնագիտական առումով բավարար չեն մանկավարժ կոչվելու: Մանկավարժական համալսարանում մեր կրթական ծրագրերը չեն պատրաստում մաթեմատիկոս, քիմիկոս, բանասեր, այլ պատրաստում են մաթեմատիկայի ուսուցիչ, ինչը նշանակում է՝ մի քիչ ուսուցիչ, մի քիչ մաթեմատիկոս»: ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանն էլ, նշելով, որ նախարարից ավելի սադրիչ ելույթ էր սպասում, բարձրացրեց մի քանի հարցեր: Պատգամավորը նկատեց, որ նախարարի ելույթում բարձրացրած մանկավարժական բնագավառին ուղղված խնդիրներն ամրագրված չեն ծրագրում, նույնիսկ դրանց սաղմն էլ չկա, որ հետո անկախ նրանից՝ ով կլինի ՀՀ նախագահ, ԿԳ նախարար, այս ծրագիրը իրականանա: Նախարարն էլ ի պատասխան նշեց. «Գիտենք՝ նախագահն ով է լինելու, նախարարը՝ չգիտենք»:
«Առավոտը» նախարարից հետաքրքրվեց, ի՞նչ էր նշանակում այդ նախադասությունը: Ա. Աշոտյանը պատասխանեց. «Դա կանխատեսում էր»: Ա. Բախշյանի մյուս հարցը վերաբերում էր այն միջին մասնագիտական ուսումնական հաստատություններին, որոնք մանկավարժական մասնագիտությամբ դիպլոմ են տալիս: Նախարարը այս առիթով պատասխանեց. «Մենք ունենք 43 հազար ուսուցիչ, որոնք աշխատում են 28 հազար դրույքների վրա: Սա հսկայական խզում է, որը մասամբ սուբյեկտիվ է եւ հիմնականում՝ օբյեկտիվ: Ակնհայտ է, որ մեզ մոտ մանկավարժական կադրերի գերարտադրություն կա: Ուստի գործազրկությունը ոչ միայն բարձր է, այլեւ բարձրանալու է, եթե մենք այս տեմպերով շարունակենք արտադրել դիպլոմներով, որակավորումներով մարդկանց, որոնք աշխատաշուկայում դեռ համապատասխան պահանջարկ չունեն»: «Առավոտը» զրուցեց քննարկմանը ներկա կրթության ոլորտի մի շարք մասնագետների հետ: Օրինակ՝ Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը ծրագրի մասին ասաց. «Ծրագիրը հստակ է, բայց նշված կարեւոր խնդիրների լուծման համար անհրաժեշտ են ֆինանսավորման նոր հոսքեր»: «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը եւս բարձրացրեց ֆինանսական միջոցների տրամադրման հարցը՝ նկատելով, որ ծրագրում ոչ մի հստակ բան նշված չէ այդ մասին: ԿԳ նախարարն էլ հստակ պատասխան չտվեց, պարզապես նշեց, որ կան որոշ ծրագրեր, որոնք ֆինանսավորվում են ոչ պետության կողմից: Ա. Բլեյանը նաեւ նշեց, որ ծրագրում ոչ մի բան ամրագրված չէ նաեւ ուսուցչի կարգավիճակի մասին: Նախարարն էլ պատասխանեց. «Մանկավարժին պետական ծառայողի կարգավիճակ տված մի քանի երկրներ արդեն սկսել են հրաժարվել այդ մոդելից, քանի որ այն իրեն չի արդարացնում»:
Երեկվա քննարկման ընթացքում քննադատությունների թիրախ դարձան հիմնականում Մանկավարժական եւ Ագրարային համալսարանները՝ նախարարը մի քանի առիթով շեշտեց, որ այս մասնագիտությունների գծով կա կադրերի գերարտադրություն, քննադատվեց նաեւ այս բուհերում կրթության կազմակերպումը: Մանկավարժական համալսարանի ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը ի պատասխան նշեց, որ իրենց բուհում բարեփոխումներ են կատարվում, եւ շուտով դրանց արդյունքները տեսանելի կլինեն: Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն էլ ասաց. «Չնայած ծրագրում նշված են երկու բուհերի մասնագիտությունները, բայց պետք է նկատել, որ, ի տարբերություն մանկավարժական կադրերի, որոնց գործատուն հիմնականում դպրոցներն ու համալսարաններն են, գյուղատնտեսական մասնագիտությունների գծով գործատուների դաշտը շատ ավելի մեծ է. ոչ միայն պետական, այլեւ մասնավոր ընկերություններն ունեն մեր կադրերի պահանջը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել