Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐ ԿՈՂՄՆ Է

Փետրվար 17,2011 00:00

Analitika.at.ua խմբագրությունը ստացել էր «Զապորոժյան կազակության»  ատամաններից մեկի՝ Վլադիմիր Լեբեդի դիմումը՝ նվիրված Ուկրաինայում փետրվարը «Խոջալուի ամիս» հռչակելուն: Analitika.at.ua-ի հրապարակած տեքստը ներկայացնում ենք «Առավոտի» թարգմանությամբ:

Ուկրաինական հողի վրա չպիտի տեղ ունենա պատմության ծայրահեղական եւ քսենոֆոբիական վերաշարադրումը՝ այս կամ այն ժողովրդին հարմար ձեւով: Դրա համար շատ մեծ զարմանքով մենք՝ «Զապորոժյան կազակության» կազակներս ԶԼՄ-ներից տեղեկացանք, որ Իսլամական կոնֆերանսի երիտասարդական ֆորումի, Ուկրաինայում ադրբեջանական երիտասարդության միության, Համաուկրաինական երիտասարդական ասամբլեայի ջանքերով եւ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատան աջակցությամբ փետրվարը մեզ մոտ հռչակվել է «Խոջալուի ամիս», եւ որ այդ կապակցությամբ Ուկրաինայի շատ քաղաքներում եւ մարզերում նախատեսվում է բազմաթիվ տարատեսակ ակցիաների անցկացում:
Ինչո՞ւ է դա մեզ զարմացնում: Այն պարզ պատճառով, որ Ուկրաինային ձգտում են ներքաշել գործողությունների մեջ, որոնք որեւէ ձեւով չեն համապատասխանում ոչ նրա ազգային շահերին եւ ոչ էլ, որ ամենակարեւորն է՝ պատմական բարձրագույն ճշմարտությանը: Որպեսզի դրանում վստահ լինենք, պետք է նայել այդ գործողություններին ոչ թե ադրբեջանական կամ հայկական տեսանկյունից, այլ հատկապես՝ ճշմարտության պրիզմայի միջով: Եվ ի՞նչ ենք այդ դեպքում մենք տեսնում: Խոջալուի ողբերգության մասին այսօր հաստատապես հայտնի է միայն այն, որ հայկական զորքերի կողմից Խոջալուի գրավումից հետո՝ 1992թ. փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը, Խոջալուից 12 կմ հեռավորության վրա, Աղդամ քաղաքի մոտակայքում հայտնաբերվել են մի քանի հարյուր խաղաղ բնակիչների սպանված մարմիններ: Եվ որ ադրբեջանական քաղաքական ուժերը, առաջին հերթին՝ պրոթուրքական կողմնորոշում ունեցող Ադրբեջանի ազգային ճակատը, շտապեցին մեղադրել հայկական կողմին՝ ադրբեջանական բնակչությանը ցեղասպանության ենթարկելու մեջ եւ այդ ժամանակներից ի վեր ամեն ձեւով այդ գաղափարը ուզում են մտցնել միջազգային հանրության գիտակցության մեջ: Հենց դրան են ուղղված նաեւ ներկայիս ակցիաները Ուկրաինայում:
Սակայն ամեն ինչ այդքան պարզ չի, ինչպես ուզում է ներկայացնել ադրբեջանական կողմը: Եթե նույնիսկ համաձայնենք, որ այդ գազանությունը հայերի ձեռքի գործն է, հարց է ծագում, թե ինչո՞ւ ենք մենք խոսում միայն Խոջալուի մասին եւ չենք հիշում Սումգայիթը, Բաքուն, Կիրովաբադը, որտեղ դրանից մի քանի տարի առաջ գազանաբար սպանվել էին ընդհանուր հաշվով մի քանի հարյուր հայեր: Թե՞ այդ զոհերն ինչ-որ բանով տարբերվում են եւ արժանի չեն հիշատակման:
Սակայն ամեն ինչ այդքան հստակ չէ հենց Խոջալուի ողբերգության մեջ: Ուկրաինայում, բարեբախտաբար, դեռ հետ չեն վարժվել կարդալուց եւ մտածելուց, եւ ողբերգության բոլոր մանրամասների մանրակրկիտ ուսումնասիրությունը ստիպում է դեպքերին նայել այլ կերպ:
Չեխ լրագրողուհի Դանա Մազալովայի, նրա ադրբեջանցի գործընկեր Չինգիզ Մուստաֆաեւի վկայությունները (ի դեպ, վերջինս սկսել էր այս հարցով իր սեփական հետաքննությունը, եւ դրա արդյունքում անհայտ պայմաններում սպանվեց), ինչպես նաեւ Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Այազ Մութալիբովի ոչ երկիմաստ արտահայտությունները, ինչպես նաեւ բազմաթիվ այլ փաստեր հիմքեր են տալիս պնդելու, որ Խոջալուի կոտորածը հրահրված էր Ադրբեջանի ազգային ճակատի կողմից՝ սեփական քաղաքական նպատակներին հասնելու համար: Նախ, դեպի Մոսկվան կողմնորոշված Մութալիբովին հեղինակազրկելու եւ նրանից ազատվելու, ապա՝ Իրանի արտաքին գործերի նախարար Վելայեթիի խաղաղարար առաքելությունը խափանելու համար, որի արդյունքում Իրանի ազդեցությունը կուժեղանար՝ ի հակադրություն թուրքականի, եւ վերջապես՝ միջազգային հանրության աչքերում հայերին հեղինակազրկելու համար, որպեսզի նրանց վրա դրված կոտորածի մեղադրանքը ինչ-որ կերպ հավասարակշռեր 1-ին համաշխարհայինի ժամանակ թուրքական գազանությունները:
Անաչառ ուսումնասիրությունը բերում է հենց այդպիսի եզրահանգումների, ինչը Խոջալուի կոտորածը դարձնում է կրկնակի ողբերգություն: Նախ՝ անմեղ զոհերի ողբերգություն, երկրորդ՝ չտեսնված ստի ողբերգություն: Դրանից հետո մի սուտը շարունակում է մյուսին, եւ Խոջալուն դառնում է քաղաքական բրենդ, գիտակցության մանիպուլյացիայի միջոց: Ընդ որում, հայ-ադրբեջանական հակամարտության առանձին վերցրած դրվագը, որը ողբերգական է երկու ազգերի համար էլ, գիտակցաբար հանվում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ընդհանուր կոնտեքստից: Իհարկե, ցանկացած կոտորած, ով էլ որ դրա հեղինակը լինի, չարիք է, բայց դա պատճառ չէ, այլ՝ հետեւանք: Իսկ պատճառը համառորեն թաքցվում է, քանի որ ծայրահեղ անհաճո է նրանց համար, ովքեր, չնայած ամեն ինչին, փորձում են ապացուցել Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի իրավունքը:
Այնինչ պատճառը ակնհայտ է նույնիսկ մեր ուկրաինական հեռուներից: Կողքից կարող է զարմանալի թվալ, որ Ղարաբաղի պատերազմը հենց սկզբից ընթանում էր, ինչպես ասում են՝ մի դարպասի մոտ, եւ որ ադրբեջանցիները ոչ մի շանս չունեցան թեկուզ ժամանակավորապես այդ տարածքին տիրանալու: Ինչո՞ւ էր դա այդպես: Մի՞թե Հայաստանն ավելի շատ ռեսուրսներ ուներ: Իհարկե՝ ոչ: Ուղղակի սնդուկը բացվեց, եւ դրանով արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը, եւ, հիմնվելով բարձրագույն Աստվածային ճշմարտության վրա, միայն ինքը կարող է որոշել իր սեփական կարգավիճակը: Բայց խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության մասին, չգիտես ինչու, հաճախ մոռանում են, որ հարցի ողջ էությունը որոշող եւ գլխավոր ուժը այստեղ ոչ թե Հայաստանը կամ Ադրբեջանն են եւ ոչ էլ նրանց պետական շահերը, այլ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կամքը, իր սեփական ճակատագիրը ազատորեն տնօրինելու նրա իրավունքը:
Առավել եւս, որ նման իրավունք նրան տալիս է պատմությունը: Բանն այն է, որ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի հայկական բնակչությունը այստեղ ապրել է ողջ տեսանելի պատմական ժամանակաշրջաններում, նույնիսկ այն ժամանակներում, երբ ոչ ադրբեջանցիների, ոչ թուրք-սելջուկների մասին այս վայրերում որեւէ բառ անգամ չէին լսել: Այդ իսկ պատճառով, երբ ի հակակշիռ Ղարաբաղի հայկական բնակչության ինքնորոշման իրավունքի, առաջ են քաշում սահմանների անխախտելիության եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության թեզը, ապա հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս են այդ սահմաններն առաջացել, եւ այդ ինչո՞վ է սրբագրվել դրանց անխախտելիությունը: Պարզվում է՝ հեռուն գնալ պետք չէ՝ «պատմական որոշումը» ընդունվել է 1921-ին, երբ սովետական ղեկավարությունը այսրոպեական քաղաքական պատճառներով որոշեց 90%-ով հայկական բնակչությունից կազմված Լեռնային Ղարաբաղը ինքնավար մարզի կարգավիճակով մտցնել նորակազմ Ադրբեջանական ՍՍՀ-ի մեջ: Չլիներ այդ պատմական սխալը, չէր լինի եւ հայ-ադրբեջանական պատերազմի ամբողջ սարսափը:
Բայց այսօր, երբ վաղուց արդեն չկա սովետական պետությունը, հետեւաբար եւ սովետական օրենքները, անբնական չէ՞ արդյոք այդ օրենքների անխախտությանը դիմելը, որոնցով Ղարաբաղի հայերին «նետեցին» Ադրբեջանի «բերանը»: Ավելի բնական կլիներ ուղղել այդ սխալը եւ երկկողմանիորեն ընդունել նոր, էթնիկորեն հիմնավորված սահմաններ: Բայց այն, ինչին հասնում են տարաբնույթ ստերով, նմանատիպ ստերով էլ պաշտպանում են: Այդպիսին է Ադրբեջանի ցուցաբերած քաղաքականության էությունը: Դա սխալ ընկալված հայրենասիրություն է, որտեղ ուրիշի ճշմարտությունից բարձր է դասվում սեփական սուտը: Ծանոթանալով հարցի պատմական էությանը՝ մենք ուսումնասիրեցինք բազմաթիվ հետազոտություններ եւ հոդվածներ՝ նվիրված Հայաստանի եւ Ադրբեջանի պատմությանը, եւ համոզվեցինք, որ Արցախը պատմականորեն Հայաստանի անբաժանելի մասն է, այն պարզ պատճառով, որ այստեղ դարեդար ապրել են հայերը: Էլ ի՞նչ պատճառ է պետք:
Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի դիրքորոշմանը, ապա դրա կարճ եւ միեւնույն ժամանակ՝ ամբողջական արտահայտությանը մենք հանդիպեցինք Ղարաբաղի ոմն ադրբեջանցի հայրենասերի անձնական կայքում: Նա, թվում է, վատ մարդ չէ եւ ամենեւին արնախում չէ, քանի որ հասկանում է հետեւյալը. «Ժամանակն է մեր մեջ գտնել ուժ, իմաստություն, վճռականություն եւ միմյանց մեկնել բարեկամության ձեռքը… Շատ տխուր եւ ողբերգական է, որ եղել է նման վիշտ, որը երկու հպարտ, ժամանակին եղբայրական ժողովուրդներին նետել է բարիկադների տարբեր կողմերը»: Այ, դրա հետ հաստատ չես կարող չհամաձայնվել՝ իսկապես ժամանակն է: Սակայն դրան հետեւում է այս մի միտքը. «Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անքակտելի մասն է, որը ես մանկուց համարում էի Ադրբեջանի մարգարիտը, եւ որը ավելի քան 15 տարի բռնազավթված է հայ անջատողականների կողմից»: Դե, ինչպես բացատրես մարդուն, որ նրանք, ում ինքը իր վայրի քաղաքական սլենգով կոչում է «հայ անջատողականներ», իրականում հենց Ղարաբաղի ժողովուրդն է: Նրա տրամաբանությամբ ստացվում է, որ Լեռնային Ղարաբաղը սեփական ժողովրդի կողմի՞ց է զավթվել: Սա այն դեպքն է, երբ օտարի ճշմարտությունից բարձր է դասվում սեփական սուտը:
Նույնը կարելի է ասել նաեւ Ուկրաինայում «Խոջալուի ամիս» կազմակերպելու մասին: Անմեղ զոհերի հիշատակը հարգելը բարի գործ է: Բայց այդ դեպքում ինչո՞ւ Ուկրաինայի ադրբեջանական երիտասարդական կազմակերպությունները չեն խոսում հայ-ադրբեջանական կոնֆլիկտի բոլոր զոհերի հիշատակը հարգելու մասին, որպեսզի Աստված լսի իրենց աղոթքները եւ երկու թշնամացած ժողովուրդներին հաշտեցնի: Դա օգտակար կլիներ բոլորի համար՝ Ադրբեջանի, Հայաստանի, Ուկրաինայի: Բայց, ցավոք, ամենեւին նման նպատակներ չեն հետապնդում «Խոջալուի ամսվա» կազմակերպիչները. ոչ թե ժողովուրդների հաշտեցում, այլ թշնամության սրում, ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ են նրանք բերում Ուկրաինա:
Այդ իսկ պատճառով, դիմելով Ուկրաինայի անվտանգության ծառայության նախագահին, ներքին գործերի նախարարին, արտաքին գործերի նախարարին, ողջ Ուկրաինայի տարածքում գործադիր կառավարման այլ ճյուղերի ներկայացուցիչներին, մենք՝ կազակության ներկայացուցիչներս, խնդրում ենք ուշադրություն դարձնել վերը հիշատակված փաստերին, որպեսզի նախատեսված միջոցառումների ժամանակ չթույլատրվեն քսենոֆոբիայի դրսեւորումներ, մեր քաղաքացիների գիտակցության մանիպուլյացիայի դեպքեր եւ հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածության հետագա սրումներ: Հայ համայնքի ներկայացուցիչներին էլ կոչ ենք անում պահպանել հանգստություն եւ համբերատարություն, չենթարկվել սադրանքների եւ հիշել, որ ճշմարտությունը այս դեպքում իրենց կողմից է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել