Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գյուղնախարարը խոստացավ տավուշցիներին

Փետրվար 17,2011 00:00

\"\"Փետրվարի 15-ին Տավուշի մարզպետարանում, ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի մասնակցությամբ, խորհրդակցություն է կայացել, որի ժամանակ Նոյեմբերյանի այգեգործների միության նախագահ Սպարտակ Զաքարյանը բարձրացրել է թունաքիմիկատների թանկացման խնդիրը: Ըստ այգեգործի, այգիների բուժումն արդյունավետ է միայն պղնձարջասպով, որի գինը կրկնապատկվել է՝ մեկ հեկտար այգու համար տարեկան 200 հազար դրամի թունաքիմիկատ է հարկավոր: Դեռեւս 2000 թվականին Նոյեմբերյանի այգեգործները Ալավերդու պղնձաձուլական գործարանի տնօրենից հետաքրքրվել են, թե ինչո՞ւ ձեռնարկությունը չի վերականգնում պղնձարջասպի արտադրությունը: Տնօրենն էլ պատասխանել է, որ դրա համար առնվազն 100 տոննայի պահանջարկ է հարկավոր: Նոյեմբերյանի այգեգործների միության նախագահի խոսքով՝ հիմա Հայաստանում այդ քանակությունից ավելի շատ պահանջ կա: Այգեգործը նախարարին առաջարկեց «Այրում» կայարանում կամ Տավուշի մարզում մի այլ տեղ թունաքիմիկատների պահեստի հարց լուծել, որ իրենք ստիպված Երեւան չհասնեն: Իսկ բագրատաշենցի այգեգործ Արմո Գաբրիելյանն ասաց, որ ծանր մետաղներով աղտոտված Դեբեդի ջրով այգիները ոռոգելուց հետո ծառերի բները ամրանում են, ասես ցեմենտած լինեն: Այգեգործը զգուշացրեց, որ պղնձի արդյունահանման ծրագրեր իրականացնելու դեպքում կարելի է մոռանալ այգիների մասին: Հիշեցնենք որ Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի՝ IFAD հովանավորությամբ, 2000 թվականից Դեբեդի հովտում հիմնվել է մոտ 350 հա դեղձի այգի:
Սա գյուղնախարարի առաջին այցն էր մարզ: Նախարարի խոսքով՝ Տավուշը պատահական չէր ընտրված, այն սահմանամերձ է: Սերգո Կարապետյանը նշեց, որ գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախաշեմին իր պարտքն է համարում լինել այստեղ եւ քննարկել ցանկացած հուզող հարց:
Նախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ համաշխարհային շուկայում աճել են թունաքիմիկատների գները, Հայաստանում էլ, ի տարբերություն պարարտանյութերի, թունաքիմիկատների իրացումն ազատված չէ ավելացված արժեքի հարկից: Սերգո Կարապետյանը տավուշցիներին խոստացավ, որ կպարզեցվեն բուժանյութերի իրացման համար տրվող արտոնագրերի հատկացման պայմանները:
Մարզի առաջնային խնդիրներից մեկն էլ վերջին տարիներին բնակչության թվի պակասելն է ու դատարկվող գյուղերը: Նախարարը նշեց, որ պետք է վարվի այնպիսի քաղաքականություն, որը կօգնի լուծել գյուղատնտեսության խնդիրները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել