Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Իսկ ե՞րբ են պատժվելու մեղավորները»-2

Փետրվար 17,2011 00:00

Փետրվարի 11-ին «Իսկ ե՞րբ են պատժվելու մեղավորները» լուրով տեղեկացրել ենք, որ Նոյեմբերյանի բնակիչներ Սեդա Փաշիկյանն ու Մարիամ Շահնազարյանը, իրենց կամքից անկախ, այլ խոսքով՝ պետական որեւէ կառույցի անփութության պատճառով գրանցված են ոչ իրենց բնակարանում, արդյունքում զրկվել են ընտանեկան նպաստից եւ միայն դատարանով վերականգնել նպաստ ստանալու իրավունքը: Պարզվում է՝ սրանք եզակի դեպքեր չեն:
Նոյեմբերյանի տարածաշրջանում իսկական խառնաշփոթ է, հարյուրավոր մարդիկ, իրենց կամքից անկախ, ուրիշի տանն են գրանցված կամ սխալ են նրանց տների հասցեները: Սա խնդիրներ է առաջացնում ընտանեկան նպաստի համար տարածքային սոցիալական ծառայություն փաստաթուղթ ներկայացնելիս:
Նոյեմբերյանի անձնագրային բաժնի ղեկավար Հայկ Մամյանն ասում է, որ իր առանձնատան հասցեն էլ շտկման կարիք ունի, Նոյեմբերյանի Շիրազի փողոցում նոր տների կառուցման արդյունքում Մամյանի տան հասցեն փոխվել է: Միայն Կողբ գյուղում հասցեների եւ գրանցումների 400 փոփոխություն է կատարվել: Անձնագրային բաժնի պետը այս խառնաշփոթում իրեն մեղավոր չի համարում, ասելով, որ տվյալների բազան տրամադրում են համայնքապետարանները: Ներկայումս ակտիվորեն ընթանում է հասցեների եւ գրանցումների ճշտում: Անձնագրային բաժնի ղեկավարը առկա խնդիրները պայմանավորում է նաեւ այն բանով, որ ՏԻՄ հերթական ընտրություններից հետո համայնքապետարանների աշխատակազմի ղեկավարները հաճախ են փոխվում, նորերն էլ գործից իրազեկ չեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել