Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՉՔՆԵՐԸ՝ ՋՐԻ ՃԱՄՓԻՆ

Փետրվար 17,2011 00:00

Պատասխանատուները պնդում են, որ Գեղարքունիքում ջրի հարցը լուծելու համար լուրջ ներդրումներ եւ լուրջ մասնագետներ են պետք:

Հայաստանում խմելու ջրի ներտնտեսային համակարգը բարոյապես ու ֆիզիկապես այնքան մաշված ու հնացած է, որ պարբերաբար լուրջ խնդիրներ են առաջանում՝ հարուցելով բնակիչների արդարացի դժգոհությունը: Խորհրդային տարիներից ժառանգություն մնացած եւ իր դարն ապրած համակարգը արմատապես նորոգելու համար ահռելի ներդրումների բացակայությունը հիմնական եւ միակ պատճառաբանությունն է, որ ջուր մատակարարող ընկերությունները ներկայացնում են ջուր սպառողներին, առավելապես՝ գյուղացիներին: Իսկ վերջիններս, մասնավորապես հեռավոր մարզերում ապրող, ոչ այն է համակերպված, ոչ այն է՝ խռոված, ամեն ձմեռ իրենց խաչը լուռ տանելով, դույլերով ջուր են կրում՝ որտեղից կարողանում եւ ինչպես կարողանում են:
Ցրտերը սկսելուն պես, ջրային ճգնաժամի մեջ են հայտնվում մասնավորապես Գեղարքունիքի մարզի գյուղական համայնքների բնակիչները. Լուսակունք, Լճավան, Ծովակ, Խաչաղբյուր՝ այս ցանկը կարելի է շարունակել: Լճավանում, օրինակ, ջուրը պոմպերով են ստանում, իսկ չաշխատեցնելու դեպքում դրանք սառչում, անօգտագործելի են դառնում: Չշահագործվելուց սառչում են նաեւ մաշված ջրագծերը, որոնց վնասված կամ ճաք տված հատվածները հողի տակ պայթում, շարքից դուրս են գալիս, իսկ դրանք թեկուզ մասնակի վերանորոգելու համար համայնքը միջոցներ չունի:
Ոչ միայն ժամկետանց, այլեւ՝ վերակառուցված ջրագծերը վթարներից ապահովագրելու միակ տարբերակը դրանցով ջրի շուրջօրյա մատակարարումն է: «Բայց դրա հնարավորությունը մենք ունե՞նք, որ 24 ժամ ջուր տանք բնակիչներին: Ամսական մեկ միլիոն դրամի ծախս է պետք, որտեղի՞ց էս գյուղին մեկ միլիոն դրամ»,- ասաց Լճավանի գյուղապետ Լյովա Խաչատրյանը:
Ի տարբերություն Լճավանի, որը նոր ջրագիծ ունենալու բախտ չունեցավ, հարեւան մի քանի գյուղերում սոցներդրումների հիմնադրամը նախորդ տարի ջրագիծ կառուցեց: Նույնիսկ Վանեվան գյուղը, որը վերջին 30 տարում ցամաք էր, ջուր ստացավ նորակառույց խողովակաշարով: Իսկ բնական ջրաղբյուրներով հարուստ Խաչաղբյուրը դարձավ Լուսակունք, Վանեվան եւ Ծովակ գյուղերի դոնորը՝ վերջիններին ապահովելով խմելու ջրով:
Խաչաղբյուրից ջրային կախվածության մեջ հայտնված երեք գյուղերի բնակիչներն էլ հենց դիմել էին «Առավոտի» խմբագրություն, բողոքելով, որ վերը նշված գյուղն իրենց ծարավ է պահում: «Խնդիրն ընդամենը տեխնիկական է եղել. ջրատարի մի հատվածում խցանում է եղել, ինչի պատճառով համայնքները երկու օր անջուր են մնացել: Բայց Խաչաղբյուրի միջոցներով այդ հարցը այլեւս կարգավորված է»,- ասաց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի վարիչ Հասմիկ Շահբազյանը: Վերջինիս փոխանցմամբ՝ ասֆալտի տակ մնացած, խցանված խողովակին ձեռք չեն տվել, փոխարենը գյուղապետը շրջանցիկ խողովակ է կառուցել, այդկերպ ժամանակավորապես ապահովելով չորս գյուղերի խմելու ջուրը:
Հանրապետական ղեկավարներով երեք գյուղերի ջրի խնդրին այլ երանգներ չտալու համար Խաչաղբյուրի դաշնակցական գյուղապետ Հակոբ Գաբոյանը թեեւ հարցին ժամանակավոր լուծում տվել է, բայց ջրագծերի հիմնանորոգման համար տեղական բյուջեից մասհանում անելը աբսուրդ է համարում, քանզի իրենք այնքան հարուստ չեն, որ նման շռայլություն թույլ տան: «Նույնիսկ, եթե հսկայական բյուջե էլ ունենային, չեմ կարծում, որ կկարողանային ջրամատակարար ներքին ցանցը վերանորոգել: Դրա համար լուրջ ներդրումներ են պետք եւ լուրջ մասնագետներ»,- ասաց մարզպետարանի լրատվության պատասխանատուն: Վերջինիս փոխանցմամբ՝ ջրագծերի շինարարության համար պետական մոտեցում է հարկավոր:
Ըստ նրա, հրատապ լուծում պահանջող խնդիրներին ընթացք տալու համար կառավարությունն այս տարի Գեղարքունիքի մարզին 1,135 միլիարդ դրամ է հատկացրել: «Հատկացումների շրջանակում Տրետուկ, Նորակերտ, Ծաղկունք եւ Արծվանիստ համայնքներում կիրականացվեն ջրագծերի հիմնանորոգման աշխատանքներ, իսկ Գեղարքունիք գյուղում կկառուցվի ներհամայնքային ճանապարհ»,- տեղեկացրեց Հասմիկ Շահբազյանը:
Անդրադառնալով միջհամայնքային նշանակության ճանապարհների անմխիթար վիճակին, որոնք շատ հաճախ քանդվում են հենց ջրագծերի վթարված հատվածները հայտնաբերելու նպատակով, կամ պայթած ջրագծից հոսող ջուրն է քանդում եւ այդպես՝ քանդված էլ մնում, Հասմիկ Շահբազյանը ասաց, որ դրանց մի մասը կնորոգվի նախորդ տարվանից մարզում մեկնարկած Ասիական զարգացման բանկի ծրագրով: Իսկ Կարմիր գյուղ-Գավառ-Արծվաքար-Նորատուս 9 կմ-անոց, Դդմաշեն-Հրազդան-Զովասար 5,5 կմ-անոց հատվածները, նաեւ Մադինա գյուղի մատույցներում պետական նշանակության խճուղու 10 կմ-անոց մի մաս՝ կասֆալտապատվեն Համաշխարհային բանկի ծրագրի շրջանակում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել