Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ԵՐԻՆ ԱՋԱԿՑԵԼՈՒ ԵՎ ԿՈՂՄՆՈՐՈՇԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Փետրվար 17,2011 00:00

Զեկույցի համաձայն՝ ՔԿՀ-երի նկատմամբ ամենից անկախն ու արժանահավատը հասարակական վերահսկողությունն է

\"\"

Փետրվարի 2-ին, երբ Հայաստանի մարդու իրավունքների արդեն նախկին պաշտպան Արմեն Հարությունյանն իր պաշտոնավարման տարիների արդյունքներն էր հրապարակում, ՄԻՊ գրասենյակի աշխատակիցները լրագրողներին, ներկա հասարակական, քաղաքական գործիչներին բաժանեցին մի զեկույց, որը լռության մատնվեց:
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի օժանդակությամբ կյանքի կոչված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրության համապատասխանությունը մարդու իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշներին» զեկույցում ուսումնասիրվում է ազատազրկված անձանց իրավունքներին վերաբերող մի շարք հիմնախնդիրներ: Ինչպես զեկույցի ներածական բաժնում է նշվում, ազատազրկված մարդիկ հենց ազատությունից զրկված լինելով՝ իրավունքների խախտման տեսանկյունից գտնվում են առավել խոցելի վիճակում: 4 բաժիններից կազմված զեկույցը, որը ստեղծվել է մարդու իրավունքների պաշտպաններին աջակցելու նպատակով, որոշակի կառուցողական հարցադրումներ ունի, որոնց եւ հարկ ենք համարում անդրադառնալ, առավել եւս, որ ՄԻՊ Ա. Հարությունյանի հեռանալու գործոնում ստվերվեց սույն զեկույցի հրապարակային քննարկումը: Ըստ առաջին հարցադրման՝ «առկա օրենսդրությամբ նենգափոխվում է դատապարտյալի՝ որպես պաշտոնատար անձ չհանդիսացող մարդու սահմանադրական կարգավիճակը, մինչդեռ կարելի է ազատությունից զրկված մարդուն վերապահել օրենքով սահմանված վարքագծի հնարավորություն»: Հետեւաբար՝ առաջարկվում է ՄԻՊ-ին դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ Քրեակատարողական օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 13-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականության հարցով, քանի որ հակասում է ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածին: Օրենքի կանոնավորմամբ ազատությունից զրկված քաղաքացին «կհավասարվի պետական մարմինների պաշտոնատար անձանց», քանի որ օրենքի համապատասխան դրույթները կունենան հետեւյալ խմբագրումը. «Դատապարտյալը եւ ձերբակալված կամ կալանավորված անձն ազատ են կատարելու այն, ինչ արգելված չէ օրենքով եւ չի խախտում այլոց իրավունքները եւ ազատությունները»:
Զեկույցում անկախ դատաբժշկական հետազոտություն իրականացնելու հարցում նոր առաջարկ կա: Համաձայն որի՝ դատապարտյալների նախնական ու հետագա բժշկական զննության անաչառությունն ապահովելու հարցում հարկավոր է բժշկական զննություն իրականացնող անձնակազմն առանձնացնել քրեակատարողական ծառայության համակարգից, եւ այն հանձնել ՀՀ առողջապահության նախարարության վերահսկողությանը: Ինչպես նաեւ պետք է բացառել խոշտանգված դատապարտյալների դիմումները, բողոքները ծառայողական քննություններով, ներգերատեսչական ստուգումներով դիմումի վերջնական լուծման պրակտիկան: Գլխավոր դատախազի եւ արդարադատության նախարարի համատեղ հրամանով խոշտանգումներին վերաբերող դիմում-բողոքները, ըստ զեկույցի, ՔԿՀ-ի ղեկավարի կողմից պետք է անհապաղ ուղարկվեն գլխավոր դատախազին: Քննարկվող զեկույցում բավականին մեծ տեղ է հատկացվում դատապարտյալներին եւ կալանավորված անձանց պահելու վայրերի գործունեության օրինականության նկատմամբ հասարակական վերահսկողության տարատեսակ դրսեւորումներին:
Ուշագրավ է հետեւյալ դիտարկումը. չնայած նրան, որ մեր երկրում ՔԿՀ-երի նկատմամբ վերահսկողությունը կատարվում է ՄԻՊ ինստիտուտի, վերջերս ստեղծված Հանրային խորհրդի, տարբեր հասարակական կազմակերպությունների, դիտորդական խմբերի ու ԶԼՄ-ների կողմից, այդուհանդերձ, ըստ զեկույցի, ժողովրդավարական վերահսկողության բոլոր կառույցներից ամենաարդյունավետը հասարակական վերահսկողությունն է՝ ամենից անկախն ու արժանահավատը: Որպես նշվածի լավագույն վկայություն՝ զեկույցը ստեղծողները նկատում են. «Քիչ չեն դեպքերը, երբ ազատազրկման վայրում գտնվող անձանց իրավունքների խախտման փաստի առթիվ մամուլի հաղորդագրություններից հետո «Facebook» սոցիալական կայքում եւ ինտերնետային բլոգներում ծավալվել են քննարկումներ, անգամ թեժ բանավեճեր, որոնք, որպես հասարակական կարծիքի դրսեւորում, դրական ազդեցություն են ունեցել՝ իրավիճակի բարելավման իմաստով»: Այս համատեքստում առաջարկվում է՝ «մշակել իրավական կառուցակարգեր, որոնցով հնարավոր կլինի իրականացնել արագ եւ որակյալ քննություն՝ կապված ՔԿՀ-երում կատարված խոշտանգումների եւ արժանապատվությունը նվաստացնող այլ գործողությունների հետ»: Իրավապահ մարմինների կողմից հասարակական կազմակերպությունների, դիտորդների մշակած զեկույցները լրջորեն չուսումնասիրելը, դրանցում բարձրացրած խախտումներին պատշաճ ընթացք չտալը, այլ հենց առաջին օրերին հերքողական բնույթի հայտարարություններով հանդես գալը զեկույցը պատրաստողները պայմանավորում են նրանով, որ «թե՛ իրավապահ մարմինների, թե՛ հասարակական կազմակերպությունների գործողությունները հաճախ քաղաքական հիմքեր ունեն, եւ մեր հասարակությունում այս երկու հատվածների համատեղ գործունեությունը՝ հանուն ընդհանուր նպատակի հանդես գալը, դեռեւս միանշանակ չի ընկալվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել