Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԿՊԱՅՔԱՐԵՆ ԿԵՂԾ ԴԵՂԵՐԻ ԴԵՄ

Փետրվար 17,2011 00:00

Այսօր հայաստանյան դեղ սպառողները գերադասում են գնել արտասահմանյան արտադրության դեղամիջոցներ, քանի որ Հայաստանում արտադրվող դեղերը, սպառողների կարծիքով, այնքան էլ որակով չեն: Մինչդեռ երեկ «Արփիմեդ» դեղագործական ընկերության ստերիլ հոսքագծերի նորաստեղծ արտադրամասերի բացման արարողության ժամանակ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը վստահեցրել է, որ հայկական դեղերն էլ պակաս որակով չեն՝ նշելով, որ մի քանի դեղարտադրող ընկերություններ արդեն համապատասխանում են GMP ստանդարտին: Առողջապահության նախարարը նշել է, որ նախաձեռնվել է նոր միջոցառումների շարք, որով պայքար կմղվի դեղատներում վաճառվող կեղծ եւ ժամկետանց դեղերի դեմ՝ այդ երեւույթն արմատախիլ անելու նպատակով:
«Կառավարության որդեգրած քաղաքականության շրջանակներում մենք տարեցտարի, ամսեամիս պետք է ավելացնենք նրանց ներկայությունը տեղի շուկայում: Հայաստանում այսօր լիցենզավորված է դեղարտադրող 19 կազմակերպություն, որոնցից ակտիվ գործունեություն է ծավալում 14-ը»,- նշել է Հ. Քուշկյանը: News.am-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ, շրջելով «Արփիմեդ» դեղագործական ընկերությունում, ծանոթացել է արտադրանքի առաջին նմուշներին, իսկ «Արփիմեդի» գլխավոր տնօրեն Վաչագան Ղազարյանը վարչապետին է ներկայացրել ժամանակակից սարքավորումներով հագեցած կլինիկական, մանրէաբանական եւ գիտական լաբորատորիաներում հումքի, միջանկյալ եւ պատրաստի արտադրանքի որակի հսկման գործընթացի մանրամասները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել