Երեկվանից ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում: Փետրվարի 15-ի կեսգիշերին Քանաքեռ-Զեյթունի վարչական շրջանի Սարկավագի փողոցում՝ «Օպել-Վեկտրա» 21 ՕՍ 028, «ԳԱԶ-3102» 33 ԼՏ 777 եւ «Պրիորա» 22 ՏՍ 121 համարանիշներով ավտոմեքենաները բախվել են:
«Օպելի» վարորդ Արմեն Մելքոնյանը, ուղեւոր Էդիկ Մարգարյանը եւ «Պրիորայի» ուղեւոր Վարդան Վարդանյանը տեղափոխվել էին Միքայելյանի անվան հիվանդանոց: Վթարի վայրում աշխատող ՃՏՀ քննության բաժնի քննիչին՝ Հարություն Խալաթյանին անհրաժեշտ եղավ մթության, փողոցում արտաքին լուսավորության բացակայության պայմաններում մոտ մեկ ժամից ավելի ձեռքի լուսարձակով կատարել քննչական գործողություններ:
Վարորդներից մեկը համոզում էր տողերիս հեղինակին, ձեռնպահ մնալ վթարը լուսաբանելուց, նկարահանումներից, խոստանալով «մաղարիչ անել»: Իսկ քննիչին ու ճանապարհային ոստիկանին էլ խնդրում էր, որպեսզի «մաղարչի դիմաց» մեքենան տուգանային հրապարակ չտեղափոխվի: Սակայն 3 ավտոմեքենաները քննիչի հանձնարարականով տեղափոխվեցին ՃՈ տուգանային հրապարակ: