Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ԱԿՏԻՎԱՑՆՈՒՄ ԵՆ ՈՒ ՇՇՄԵՑՆՈՒՄ

Փետրվար 17,2011 00:00

«Առավոտի» շրջայցը մայրաքաղաքի դպրոցների բուֆետներ

\"\"
Թիվ 162 դպրոցի բուֆետապանը վախից չէր կարողանում ասել, թե բուֆետում ինչ են վաճառում, ինչ՝ չէ:

\"\"
Այս անհայտ ծագման նրբերշիկով «հոթ-դոգերը» հրամցվում են Դ. Վարուժանի անվան դպրոցի աշակերտներին:

\"\"
Այս գնացուցակը թիվ 162 դպրոցինն է:

Գոյություն ունի Երեւանի քաղաքապետարանի որոշում՝ դպրոցական բուֆետները կամ ճաշարանները վերականգնելու, սերտիֆիկացնելու եւ այնտեղ առողջ սնունդ իրացնելու վերաբերյալ, որը գործում է 2008-ից: Պարզ է, որ առողջ սննդի մեջ մտնում է թարմ կաթ-կաթնամթերքը, որակյալ մսամթերքը, բնական հյութերը, այսինքն՝ այն ամենը, ինչը վնասակար չէ երեխաների համար: Հաշվի առնելով, որ առողջապահության նախարարության տվյալներով՝ մեր երկրում աճել է քաղցկեղով, շաքարային դիաբետով հիվանդ դպրոցահասակ երեխաների, սնուցման եւ նյութափոխանակության խանգարումներով, ճարպակալման, սրտամկանի սուր ինֆարկտով հիվանդների, ինչպես նաեւ ալերգիկ հիվանդությունների թիվը, երեկ մենք, պարզելու համար, թե մայրաքաղաքի դպրոցների բուֆետներում ինչ սնունդ են վաճառում մեր երեխաներին, պատահական այցելեցինք մի քանի դպրոցներ՝ տեղում տեսնելու եւ լուսանկարելու: Նախապես գիտակցելով մեր դպրոցների որոշ տնօրենների ամբիցիաները՝ մենք առողջապահության նախարարության հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունից, ինչպես նաեւ սննդի վերահսկողությամբ զբաղվող գյուղնախարարությունից թույլտվություն ստացանք՝ այցելելու ցանկացած դպրոց:
Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 162 դպրոցի տնօրեն Աննա Ստեփանյանը մեր այցի նպատակը լսելուն պես՝ ասաց, որ «ոչ մի խնդիր չկա, իհարկե, միասին կգնանք, կտեսնեք, որ մեր բուֆետը շատ մաքուր է, այնտեղ միայն բուլկիներ, խաչապուրի ու նման բաներ են վաճառում»: Սակայն մի բան է ասելը, մի բան է՝ անելը: Մեր հորդորներին՝ դե, եկեք գնանք, ում ենք սպասում, տիկին Ստեփանյանն անընդհատ «ոտքներս կախ էր գցում»՝ ասելով, որ մի քիչ նստենք-խոսենք, հետո կգնանք: Կես ժամ հետո, երբ այլեւս խոսելու բան էլ չկար, տիկին Ստեփանյանը ցուցում տվեց, որ դուրս գանք իր աշխատասենյակից ու դրսում սպասենք, մինչեւ ինքը կգա: Այդ ընթացքում բուֆետի մոտ սկսվեց անառողջ եռուզեռը. տոպրակներով աղբ ու էլի ինչ-որ բաներ՝ աշխատողները սկսեցին տեղափոխել դուրս: 10-15 րոպե հետո տնօրենը կանչեց՝ ասելու, որ չի թույլ տալիս իր դպրոցի բուֆետ մտնել. «Ես թաքցնելու բան չունեմ, այնտեղ սովորական սնունդ է, նորմալ պայմաններ, ավելին՝ մենք նրանց հետ կապ չունենք, վարձակալական հիմունքներով ենք տվել, իհարկե, հետեւում ենք, որ ավելորդ բաներ չվաճառեն եւ չեն էլ վաճառում, միայն թարմ սնունդ՝ ուրիշ ոչինչ: Պարզապես՝ պետք է քաղաքապետարանից թույլ տան, որ ձեզ թողնեմ»: Տեղում երբ կապվեցինք քաղաքապետի մամուլի քարտուղարի հետ, ստացանք թույլտվությունը, սակայն դարձյալ տնօրենը խոչընդոտում էր մեր աշխատանքին՝ սպասելով, որ անձամբ իրեն զանգեն ու ասեն, որ «թույլ են տալիս»: Քաղաքապետարանից արագ կապվեցին տիկին Ստեփանյանի հետ, ավելին՝ զարմացան, թե ինչո՞ւ է տնօրենը նման խնդիրներ ստեղծում, մի խոսքով, մեծագույն տանջանքներից հետո նոր տնօրենը տեղի տվեց: Այդ դպրոցում այնքան բռնատիրական մթնոլորտ էր, որ անգամ, երբ մի աշակերտի հարցուփորձ էինք անում, թե ինչ է ուտում դպրոցում եւ վերջինս անկեղծությամբ ասում էր, որ «նրբերշիկով հաց, կոլա-ֆանտա», վերջինիս մեջքից կճմթում էին՝ ստիպելով լռել ու ասել, որ ոչ մի գազավորված ըմպելիք այնտեղ չեն ծախում: Ավելին՝ բուֆետից հասցրել էին իսպառ վերացնել գազավորված հյութերը եւ թողնել միայն բնական հյութեր, հոթ-դոգ, խաչապուրի ու գաթա:
Զավեշտն այն էր, որ բուֆետի պատին փակցված էր մնացել գնացուցակը, որտեղ հստակ նշված էր, որ վաճառվում է լիմոնադ ու «Հայ կոլա» (տես՝ լուսանկարը): Նշենք, որ, ըստ մասնագետների, գազավորված ըմպելիքները բացասաբար են ազդում երեխաների տրամադրության ու վարքի վրա՝ առաջացնելով «հիպերակտիվության սինդրոմ», այսինքն՝ բարձր ակտիվություն եւ կենտրոնանալու ցածր աստիճան, ինչը հատկապես դպրոցում՝ դասերի ժամանակ պետք է որ անթույլատրելի լինի: Բացի այդ, գազավորված ըմպելիքների չարաշահումը խախտում է օրգանիզմի թթվա-հիմնային հավասարակշռությունը՝ նպաստելով թթվային միջավայրի ստեղծմանը, ինչը կարող է մի շարք հիվանդությունների պատճառ դառնալ:
Դանիել Վարուժանի անվան թիվ 89 միջնակարգ դպրոցի բուֆետում նույնպես նույն նրբերշիկներով հոթ-դոգերն էին, թխվածքներ, գաթա, բուլկի, խաչապուրի, գազավորված ըմպելիքներ: Կաթնամթերքից, որն այնքան անհրաժեշտ է երեխաներին, միայն թան կար: Այս 2 դպրոցներին էլ սննդով սպասարկում է «Սահականույշ» ՍՊԸ-ն: Բայց այս դպրոցում ոչ միայն չխոչընդոտեցին մեր աշխատանքին, այլեւ տնօրեն Օֆելյա Պետրոսյանն անձամբ ստիպեց, որ միասին շրջենք դպրոցի դասասենյակներում էլ, տեսնենք մաքրությունը, զրուցենք բուֆետի աշխատակիցների հետ: Տնօրենի խոսքերով՝ «Ես ինքս էլ ուզում եմ, որ մեր աչքի լույս երեխաները առողջական որեւէ խնդիր չունենան, ուստի կողմ եմ, որ պայքարենք ու առողջ սնունդ վաճառեն, թող մեզ տան ցուցակ, թե այս տարիքի երեխային ինչ կալորիականությամբ սնունդ է պետք, ասեն՝ ինչ է թույլատրվում վաճառել, մենք դրան կհետեւենք: Մեր դպրոցում առանձնապես արգելվող սննդամթերք չկա, ես դեմ եմ էժանագին նրբերշիկներին, ինքս էլ մի քանի անգամ ասել եմ, որ դրանք չբերեն, բայց էլի վաճառում են, թույլ չեմ տալիս նաեւ կրեմով ուտելիքների եւ ձեթով տապակված կարկանդակների վաճառքը: Ես օգտվում եմ բուֆետից, թեյ եմ խմում, մի անգամ խմորեղեն կերա, որը հին էր եւ ասացի այդ մասին, բայց ես իրավունք չունեմ իրենց ինքս հրահանգեմ, թե ինչ բերեն, ինչ՝ ոչ»:
Նշենք, որ առաջիկայում պատահական այցելելու ենք նաեւ մայրաքաղաքի այլ դպրոցներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել