Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ճանապարհները փակ էին

Փետրվար 17,2011 00:00

\"\"Ձյան պատճառով արձանագրված պատահարներից տուժել են քաղաքացիներ, զոհեր չկան

Երեկ հանրապետության թե հարավային, թե հյուսիսային մարզերում շարունակվում էր նախօրեից տեղացող առատ ձյունը եւ կային թե դժվարանցանելի, թե փակ ճանապարհներ: Ըստ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության, օրվա սկզբում դժվարանցանելի էր Դիլիջան-Սեւան թունելը եւ Արթիկ-Մարալիկ ավտոճանապարհը, փակ էին Գորիս-Սիսիան ճանապարհը եւ Սելիմի լեռնանցքը, նաեւ որոշ գյուղական ճանապարհներ:
Այս նախարարությունը տեղեկացնում էր, որ հանրապետության ճանապարհներին աշխատում է ավելի քան 150 միավոր ձյունմաքրիչ մեքենա: Իսկ ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, մարզերում աշխատում էր 143 միավոր տեխնիկա. ամենաշատը Լոռիում՝ 30 միավոր, Վայոց ձորում՝ 26 եւ Սյունիքում՝ 23, ամենաքիչը՝ Արարատում՝ 2: Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության, Շիրակի մարզում աշխատում էր 9 միավոր տեխնիկա, 14 գյուղ կտրվել էր արտաքին աշխարհից: Ըստ Շիրակի մարզպետարանի, մարզում փակ ճանապարհներ չկան, կան դժվարանցանելի հատվածներ եւ ձնամաքրման աշխատանքներ էլ իրականացնում են 47 ձյունմաքրիչ մեքենա, գրեյդեր եւ ինքնաթափ բեռնատար:
Ի տարբերություն Շիրակի, Արագածոտնի մարզում աշխատող տեխնիկայի մասին արտակարգ իրավիճակների նախարարության եւ մարզպետարանի հրապարակած թվերը համընկնում են՝ 17 միավոր: Որեւէ այլ մարզպետարան տեղումների, ձնաբքերի եւ ձյան մաքրման աշխատանքների մասին  տեղեկություն չի տարածել:
Ձնաբքի պատճառով փակվել էին Երեւան-Մեղրի միջպետական մայրուղու Սիսիան-Եղեգնաձոր եւ Կապան-Մեղրի (Մեղրու լեռնանցք) ճանապարհահատվածները: Ճանապարհներին մեքենաների կուտակումներ էին, իսկ շարունակվող ուժեղ քամին եւ ձնաբուքը խանգարում էին ձնամաքրման աշխատանքներին, ձյան շերտը 55-70 սմ էր, մառախուղի եւ ուժեղ քամու հետեւանքով տեսանելիությունը 0-ի էր հավասարվել: Ըստ Սյունիքի մարզպետարանի ճանապարհաշինության եւ տրանսպորտի բաժնի պետ Սարիկ Աղաբեկյանի՝ ժամը 16:00-ի դրությամբ դեռ շարունակվում էր փակ մնալ Մեղրու լեռնանցքը, եղանակային պայմանները խիստ խոչընդոտում են աշխատանքներին, բացի այդ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից եկող բեռնատար մեքենաների խցանումներն են մեծ դժվարություններ ստեղծել՝ ձյուն մաքրող տեխնիկան հնարավորություն չունի աշխատելու տվյալ հատվածում:
Սիսիան-Եղեգնաձոր ճանապարհահատվածը հաջողվել է միակողմանի բացել միայն ժամը 14:00-ի սահմաններում, ժամը 17:00-ի դրությամբ Սիսիանում ուժեղ ձնաբուքը շարունակվում էր, որի պատճառով ճանշինի աշխատողները չէին կարողանում ապահովել երկկողմանի երթեւեկություն:
Դժվարանցանելի եւ անանցանելի էին մարզային եւ համայնքային նշանակության շատ ճանապարհահատվածներ: Քաջարանում եւ Գորիսում նույնպես վարորդները տեղաշարժվում էին շատ դժվարությամբ: Գորիսի «Ոսմար» ՍՊԸ-ից «Առավոտին» փոխանցեցին, որ Գորիս-Սիսիան եւ Գորիս-Կապան ճանապարհահատվածները բաց են, բայց դժվարանցանելի, ձյան շերտը՝ 55-60 սմ, քամի չկա, սակայն ձյունը դեռ գալիս է, ճանապարհներին հերթապահություն է սահմանված, ձյուն մաքրող տեխնիկան չէր դադարում աշխատել:
Փետրվարի 15-ին եւ 16-ին ձյան պատճառով ավելի քան տասը ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել ՀՀ մարզերում: Ձնակույտերի մեջ են հայտնվել, ապա փրկարարների օգնությամբ «ազատագրվել» թե մարդատար, թե բեռնատար մեքենաներ, նաեւ՝ միկրոավտոբուսներ:
Զոհեր, բարեբախտաբար, չկան, վիրավորներ, ցավոք՝ կան: Երեւան-Գյումրի ճանապարհի 105-րդ կմ-ին շրջվել է միկրոավտոբուս եւ 5 ուղեւոր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Իսկ Ապարան-Ալագյազ ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրում շրջվել է LEXUS 430 մակնիշի ART 066 պետհամարանիշի մեքենան: Վարորդը եւ ուղեւորը ստացել են մարմնական թեթեւ վնասվածքներ, տեղափոխվել Ապարանի հիվանդանոց, որտեղ էլ ստացել են առաջին բուժօգնություն եւ գնացել տուն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել