Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սպառնում է ՀՀԿ-ին

Փետրվար 17,2011 00:00

Մովսես Շահվերդյանի խոսելու ժամանակը մոտենում է

Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ Մովսես Շահվերդյանի համբերության բաժակն արդեն լցվել է: Նա կարծում է, որ արդեն ժամանակն է բաց եւ անկեղծ խոսելու, եւ այդ համատեքստում երեկ «Առավոտի» հետ զրույցում հայտարարեց. «Հայաստանը ոչ մեկի բոստանը չէ, ոչ մեկի սեփականաշնորհված բիզնես-տարածքը չէ, դա բոլորիս հայրենիքն է, եւ բոլորս ունենք հավասար իրավունքներ եւ պարտականություններ այդ հայրենիքի ճակատագրի հարցում: Եվ երբ Հայաստանում որոշ քաղաքական ուժերի կողմից քաղաքական իրավունքների եւ արտոնությունների մոնոպոլիզացիա է կատարվում, դա վտանգավոր է մեր պետականության անվտանգության եւ ապագայի տեսակետից: Չմոռանանք, որ Հայաստանը պատերազմի մեջ գտնվող երկիր է, եւ եթե ներսում խառնակությունները ավելի խորանան, համոզված եմ, որ դա լինելու է պատերազմի վերսկսման առաջին պատճառը: Կասկած չունեմ, որ Ադրբեջանը հենց դրան է սպասում եւ ոչ թե իր տանկերի թվաքանակի ավելացմանը: Ուստի ՀՀԿ-ն, որպես իշխող կուսակցություն, որը մեծամասնություն ունի նաեւ ԱԺ-ում եւ մոնոպալիզացրել է քաղաքական իշխանությունը ողջ հանրապետությունում, պարտավոր է ավելի զգոն, պատասխանատու եւ լուրջ վերաբերմունք դրսեւորել Հայաստանի ներկայի եւ ապագայի նկատմամբ: Հիշեցնեմ, որ 1999-ին ՀՀԿ-ն իշխանության եկավ ոչ թե իր ինչ-ինչ առավելությունների շնորհիվ, այլ որոշակի գործընթացների արդյունքում: Այդ իշխանությունը ՀՀԿ-ն ոչ նվաճել է, ոչ էլ վաստակել, հանգամանքների բերումով ստացել է: Այդ «հանգամանքների» ակտիվ մասնակիցը նաեւ ես եմ եղել եւ քաջատեղյակ եմ, եթե հարկ լինի՝ ես շատ փակագծեր կբացեմ»: Նրա խորին համոզմամբ՝ ՀՀԿ-ն պետք է հասկանա եւ հոգեբանորեն պատրաստ լինի, որ մի օր կարող է իշխանության չլինել, ու դրանում ոչ սարսափելի, ոչ դժբախտ որեւէ բան կա ոչ իրենց, ոչ էլ երկրի համար: Նա նաեւ  համոզված է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքում ԱԺ-ում պետք է ձեւավորվի այլ քաղաքական մեծամասնություն. «Մեր պետության շահից է բխում, որ ՀՀԿ-ն իշխող դիրք առաջիկա խորհրդարանում չունենա»:
«Առավոտի» հարցին՝ սպառնո՞ւմ եք ՀՀԿ-ին, մեր զրուցակիցը պատասխանեց. «Չեմ սպառնում, բոլորովին: Ես հիշեցնում եմ, որ Հայաստանը ոչ ՀՀԿ-ի, ոչ էլ այլ մի կուսակցության սեփականությունն է, այլ բոլորիս հայրենիքը, եւ ՀԱՍԿ-ը պակաս իրավունքներ եւ պարտականություններ չունի իր հայրենիքի նկատմամբ: Այո, ժամանակին ՀԱՍԿ-ն է ճանապարհ բացել ՀՀԿ-ի համար, որ գա իշխանության: Ես չեմ ուզում փակագծերը բացել, բայց հիշեցնեմ 1999 թվականի մարտյան դեպքերը, երբ վճռվում էր «Արդարություն» դաշինքի լինել-չլինելու հարցերը. «Առավոտում» լուսահոգի Անդրանիկ Մարգարյանը հարցազրույց էր տվել, որտեղ բացառել էր Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի դաշինքի մեջ մտնելը: Բայց եղավ. նաեւ իմ ակտիվ մասնակցությամբ եւ ջանքերով: Իրենք թող հիշեն, թե հետագայում ինչպես Վազգեն Սարգսյանը երջանկահիշատակ Աշոտ Նավասարդյանի թողած «Հանրապետական» կուսակցության հիմքի վրա ձեւավորեց ներկայիս ՀՀԿ-ն»:
Մովսես Շահվերդյանի կանխատեսումներով՝ Հայաստանում հասունանում է սոցիալական շարժում, որը բավականին բնականոն եւ տրամաբանական երեւույթ կլինի մեր ժամանակների եւ խնդիրների համար: Լինելով Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության նախագահ՝ ասում է, որ իր կուսակիցների հետ միասին անտարբեր չեն մնալու այդ գործընթացներից. կլինեն այդ շարժման ակտիվ մասնակիցների, միգուցե՝ ուղղորդողների եւ եթե հաջողվի՝ նաեւ առաջնորդողների շարքերում: Անկախ ամեն ինչից՝ իրենց դերը քաղաքական դաշտում կատարելու են: Մտադիր են առաջիկա ընտրություններին մասնակցել, իրենց գաղափարներով եւ ծրագրերով խորհրդարան գնալ եւ հստակություն մտցնել քաղաքական դաշտում, վերացնել թշնամական, սեւ ու սպիտակի հակադրությունը՝ փոխարինելով գաղափարական հակադրություններով. «Այլապես Հայաստանը գնալու է քաղաքացիական պատերազմի եղբայրասպան ճանապարհով, ինչի ականատեսը մենք արդեն եղանք 2008-ի մարտի 1-ին: 1998-ին առաջադրելով Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը՝ մենք ինքնանպատակ չէինք գործում, այլ ցանկանում էինք հենց այդ հստակությունը մտցնել քաղաքական դաշտում: Բայց ինչ-ինչ պատճառներով, միգուցե հետագայում հնարավոր լինի դրանց անդրադառնալ, դա տեղի չունեցավ: Հայտնի դեպքերն էլ ամեն ինչ խառնեցին իրար, եւ այդպես էլ Հայաստանի քաղաքական դաշտը չկարգավորվեց, ավելին, 1998-ի ընտրությունների արդյունքում խառնաշփոթն ավելի խորացավ ու մինչ օրս շարունակվում է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել