Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ԱՅՍՊԻՍԻՆ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ-1

Փետրվար 17,2011 00:00

«Արմենիա» հեռուստաընկերության մրցութային առաջարկում “ կա երկու փաստաթուղթ, որոնց վրա բացակայում են կնիքը եւ  տրամադրող անձի անուն-ազգանունը:

\"\"

Թվային հեռարձակման ցանցի միջոցով հեռարձակում իրականացնելու հեռուստաընկերությունների մրցութային առաջարկներին անդրադառնալու ենք հերթականությամբ՝ այնպես, ինչպես դրանք ներկայացվել են ՀՌԱՀ-ում:
Եվ այսպես, թիվ 1 մրցույթի միակ մասնակիցը «Արմենիա Թի-Վի» ՓԲԸ-ն էր, որը 2010 թվականի իր մրցութային առաջարկում նշել է. «Արմենիա» հեռուստաընկերությունը գրեթե ամբողջությամբ իրականացրել է իր նախորդ մրցութային առաջարկի հիմնախնդիրները, չասելու համար, որ շատ ու շատ ոլորտներում նույնիսկ առաջ անցնելով տրված խոստումներից»: Սակայն իր նախորդ՝ 2003-ի առաջարկում «Արմենիան» ծրագրային քաղաքականությունը ներկայացնելիս շարադրել էր արդեն իրականացված ծրագրերը՝ ընդամենը հավելելով. «Ապագայում դրանք էապես փոփոխվելու են»: Եվ ինչպես այն ժամանակ հնարավոր չէր առանձնացնել, թե «Արմենիան» ինչ է խոստացել ու կատարել կամ չի կատարել՝ նույնն է նաեւ այժմ: Մրցութային նոր առաջարկում էլի վերաշարադրել են իրենց իրականացրած ծրագրերը: Հայրենական հաղորդումների ծավալը նշել են 92 տոկոս՝ հավելելով, թե դրան արդեն հասել են, սեփական հաղորդումների ծավալը՝ 90 տոկոս. «Ներկայումս գիտակրթական եւ մշակութային հաղորդումների սակավ ծավալը պայմանավորված է հեռուստադիտողների՝ նման հաղորդումների նկատմամբ քիչ պահանջով, սակայն «Արմենիա» հեռուստաընկերությունը փորձում է հեռուստադիտողների շրջանում ավելի մեծ հետաքրքրություն առաջացնել մշակութային եւ գիտակրթական հաղորդումների նկատմամբ»:
Ապագա ծրագրերը մանրամասնելու առումով բավական սակավախոս այս ընկերության մրցութային առաջարկում, սակայն, հանգամանալից շարադրված են այսօրինակ մանրամասներ. «Արմենիա» հեռուստաընկերության հաշվապահությունը իրենից ներկայացնում է մի բաժին, որը գլխավորում է գլխավոր հաշվապահը», «Արմենիա» հեռուստաընկերության հաշվապահության բաժինը տարիների ընթացքում բազմիցս է արժանացել գովասանքի ղեկավարության կողմից իր պարտականությունների պատշաճ եւ ժամանակին կատարման համար», «Գանձապահների բաժինը հանդիսանում է ցանկացած ընկերության օրենքով սահմանված պարտադիր օղակներից մեկը», «Անվտանգության բաժինը իրականացնում է հեռուստաընկերության տարածքների պահպանությունը, ինչպես նաեւ ապահովում է աշխատակիցների անվտանգությունը՝ արտագնա նկարահանումների ժամանակ»: Առավել մանրամասն՝ նաեւ գրաֆիկական պատկերներով, ներկայացված է, որ 2009 թվականին «Արմենիան» «միշտ գլխավորել է հեռուստատեսությունների վարկանիշային աղյուսակը, ինչը վկայում են GFK ընկերության վարկանիշային պաշտոնական տվյալները»: Նաեւ, որ «2010 թվականը «Արմենիա» հեռուստաընկերությունը նույնպես դիմավորեց եւ այժմ արդեն ավարտին է հասցնում՝ պահպանելով բացարձակ առաջատար դիրքեր հեռուստատեսային շուկայում՝ եւ որպես շուկայի ամենամեծ հեռուստադիտողների բանակն ունեցող, եւ որպես ամենավարկանիշային հեռուստատեսություն: Ինչի մասին կրկին վկայում են GFK ընկերության պաշտոնական վարկանիշային տվյալները»:
Սակայն ո՛չ այս ամենը, ո՛չ անգամ ծրագրերի շարադրանքը հաղթողին որոշելու համար «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված չափորոշիչներ չեն՝ ի տարբերություն մրցութային առաջարկում ամրագրված հետեւյալ խոստման. «Արմենիա» հեռուստաընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր՝ անհրաժեշտության դեպքում հետագա տասը տարիների ընթացքում կատարելով ներդրում մինչեւ 3,7 մլրդ դրամ ընդհանուր ծավալով»: Մանրակրկիտ ներկայացված է, թե ինչպես են բաշխվելու այդ ներդրումները: Ասենք, 2013 թվականին «Կսկսվեն ինտեգրման աշխատանքները միջազգային սոցիալական կայքերին, ինչպիսիք են Twitter, Facebook»: Միջանկյալ նկատենք, որ դրանց ինտեգրվելու համար առանձնապես միջոցներ պետք չեն: Սակայն ահա մեկ այլ խոստում, որը մեր կարծիքով՝ մի առանձին վերցրած հեռուստաընկերության խնդիրը չէ. «2014 թվականին, շարունակելով IT տեխնոլոգիաների ինտեգրումը, կսկսվեն աշխատանքներ միջազգային սոցիալական սայթերի հայկական տարբերակների ստեղծման նպատակով»: Հիշենք ապագայի համար՝ «Արմենիան» փաստորեն խոստանում է ստեղծել Twitter-ի եւ Facebook-ի հայկական տարբերակները: Իսկ 2016 թվականին ներդրումները նախատեսում են ուղղել Համահայկական լրատվական համակարգի կառուցմանը. «Նոր IReporter կոնցեպտի իրականացում, որի շրջանակներում մարդիկ կդառնան լրատվական մի ընդհանուր համակարգի մաս», ինչպես նաեւ կատարվելու են ներդրումներ «Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակներով»:
Սակայն ի՞նչ միջոցներով է արվելու այս ամենը: Այս մասին մրցութային առաջարկում չկա որեւէ փաստաթուղթ: Միայն նշված է: «Վերոհիշյալ ներդրումները իրականացվելու են ընկերության գործունեության ընթացքում ձեւավորված միջոցներից, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում՝ ընկերության բաժնետերերի կողմից հավելյալ ներդրումների միջոցով»:
Չի սխալվում նա, ով ոչ մի փաստաթուղթ չի ներկայացնում: Քանի որ այն դեպքերում, երբ մրցութային առաջարկում ընդգրկվել են փաստաթղթեր՝ նկատելի են դարձել որոշակի թերացումներ: Ասենք, լուսանկարներում ներկայացված է «WARNER BROS. INTERNATIONAL TELEVISION DISTRIBUTION INC»-ի հետ 2010 թվականի փետրվարի 26-ի համաձայնագիրը, որը ճիշտ է՝ տիտղոսաթերթի վրա է, բայց կնիք չկա, ճիշտ է՝ ստորագրություն կա եւ գրված է տնօրեն, բայց չկա անուն-ազգանուն: Նույն պատկերը նաեւ «Digital rights group limited»-ի հետ կնքված համաձայնագրի դեպքում է՝ էլի կնիք չկա, անուն-ազգանուն չկա: Եվ ՀՌԱՀ նախագահը սրանք էլ կարող էր անվանել «անորոշ անձանց կողմից տրամադրված» կամ անգամ կեղծ փաստաթղթեր: Սակայն նշենք, որ այս համաձայնագրերը հեռարձակման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ են եւ անմիջական նշանակություն չունեն հաղթողին որոշելու համար: Օրենքով հաղթողին որոշելու չափանիշներից մեկը աշխատակազմի մասնագիտական պատրաստվածությունն է, մինչդեռ «Արմենիայի» եւ «Արմնյուզի» մրցութային առաջարկներից մյուս լուսանկարներն ապացուցում են այն, ինչ առանց այդ էլ հանրահայտ էր, որ այդ հեռուստաընկերությունների ռեսուրսները նույնն են:
Առաջ անցնելով՝ նշենք, որ մեր ձեռքի տակ կա նաեւ մեկ այլ հեռուստաընկերության մրցութային առաջարկ, որի հենց ֆինանսական առումով վճռորոշ փաստաթղթերից մեկը չի պարունակում անհրաժեշտ տվյալները: Այս մասին՝ հաջորդիվ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել