Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ը՝ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ԵՐԱՇԽԻՔ

Փետրվար 17,2011 00:00

Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը բացառում է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը որեւէ պաշտոնի: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շահնազարյանն ասել է, թե «Քոչարյանի թոշակառուի կարգավիճակը չի փոխվի», որ նա մնալով ստվերում՝ ԲՀԿ-ի օգնությամբ փորձում է ապակայունացնել Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, եւ նրան արդեն իսկ հաջողվել է որոշակի անկայունություն մտցնել իշխող կոալիցիայում եւ ներիշխանական շրջանակներում: Ըստ Շահնազարյանի, իրականում Քոչարյանը ԲՀԿ-ի միջոցով փորձում է ցույց տալ, որ ինքը վայելում է Կրեմլի աջակցությունը, իսկ իշխող ՀՀԿ-ն էլ՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, ունենալով Արեւմուտքի աջակցությունը, փորձում է պահպանել իր իշխող դիրքերը: «Բացառված է, որ Մոսկվան որեւէ քաղաքական աջակցություն ցուցաբերի Ռոբերտ Քոչարյանին՝ հաշվի առնելով այն հսկայական ատելությունը, որ կա մեր հասարակության մեջ նրա նկատմամբ, եւ հաշվի առնելով, որ նրան սպասում է ամբաստանյալի աթոռը»,- հայտարարել է Շահնազարյանը՝ համոզմունք հայտնելով, որ այս ամենն ավելի է խորացրել հակասությունը Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի միջեւ:
«Իշխանություն, փող, բիզնես, ազդեցություն՝ միայն այդ հարթության վրա են նրանք կարողանում հասկանալ ամեն ինչ: Պետություն, ժողովուրդ, պետության անվտանգություն, ժողովրդի անվտանգություն, ժողովրդի բարեկեցության բարձրացում՝ ես համոզված եմ, նրանք նույնիսկ չեն էլ մտածում այդ մասին»,- արձանագրել է ՀԱԿ ներկայացուցիչը՝ միաժամանակ կարծիք հայտնելով, որ դիրքերն ամրապնդելու համար մղվող այս պայքարի ֆոնին ՀԱԿ-ը հանդիսանում է կայունության երաշխավորը, իսկ Հայաստանում անկայունություն մտցնելու բոլոր փորձերը դատապարտված են:
Այդուհանդերձ, նա կանխատեսել է, որ սոցիալական իրավիճակը Հայաստանում պայթյունավտանգ տարրեր է պարունակում: Հարցին, թե ՀԱԿ-ը կուղղորդի՞ սոցիալական բողոքի ալիքը, Շահնազարյանը պատասխանել է. «Սոցիալական պահանջներ առաջ քաշելով՝ որեւէ հաջողության չեն հասնի: Բացառապես քաղաքական խնդիրները լուծելով կարելի է հասնել դրան: Միակ ուղին իշխանափոխությունն է, այլ ճանապարհ չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել