Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Կարասինի այցի նպատակները մութ մնացին

Փետրվար 17,2011 00:00

\"\"Բայց դրանց շուրջ ենթադրություններ կան

Փետրվարի 14-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ-պետքարտուղար  Գրիգորի Կարասինը, որը, պաշտոնական աղբյուրների մատուցմամբ, Երեւանում է գտնվում միջգերատեսչական խորհրդատվություններին մասնակցելու նպատակով: Դեռ երկուշաբթի օրը նա հանդիպել էր ՀՀ ԱԳ նախարարի, ՀՀ նախագահի հետ, երեքշաբթի օրը՝ Հայաստանի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Կարասինին այդ հանդիպումների ընթացքում հիմնականում հետաքրքրել են հայ-ռուսական հարաբերությունների, ղարաբաղյան հիմնախնդրի ու նաեւ Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ հայ խորհրդարանականների տեսակետները:
Հարցերի բավականին լայն այդ շրջանակներին վերաբերող տեսակետներ լսելու ցանկությունն առաջին անգամն է, որ ռուս դիվանագետներին բերել է հայաստանյան քաղաքական ուժերի, խորհրդարանական խմբակցությունների դուռը: Նախկինում նման դեպք, ըստ «Ազատություն» ռ/կ-ի, խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները չեն հիշել: Նման բան չմտաբերեցին նաեւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական ընդդիմության՝ «Ժառանգության» եւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները: Մինչ այս, ի տարբերություն արեւմտյան դիվանագետների, որոնց համար սա սովորական ու ավանդական պրակտիկա է, ռուսները երբեք եւ մանավանդ այս մակարդակում նման նախաձեռնությամբ հանդես չեն եկել: Իսկ որ այդ ձեւաչափով հանդիպումները եղել են ռուսաստանցի պետքարտուղարի ցանկությունը՝ փաստ է: Իհարկե, դրա մեջ որեւէ արտառոց բան, թերեւս, չկա, բայց թե ինչո՞վ է պայմանավորված ՌԴ պետպաշտոնյայի այդ աննախադեպ քայլը՝ դժվարացավ ասել նաեւ Կարասինի հետ հանդիպմանը մասնակցած «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Կարասինի հետապնդած նպատակների շուրջ ենթադրություններ, իհարկե, կան, եւ դրանք բազմաթիվ են՝ սկսած Ղարաբաղի հարցից, մինչեւ արաբական աշխարհում ծայր առած բողոքի ակցիաների արձագանքը Հայաստանում շոշափելն ու ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանում ներքաղաքական կայունության աստիճանը ստուգելը, վերջացրած Հայաստանում ներիշխանական խմորումներով, Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան, հետեւաբար նաեւ՝ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերություններով ու դրանց շուրջ քաղաքական ուժերի տեսակետները տեղում տնտղելով:
Արտախորհրդարանական ընդդիմության շրջանակներում, որի ներկայացուցիչների հետ Կարասինը, ի դեպ, չի հանդիպել, կա նաեւ մեկ այլ՝ թերեւս ավելի հավանական ենթադրություն. Կարասինի՝ հատկապես խորհրդարանական ուժերի հետ հանդիպման փաստը պայմանավորված է Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետը երկարաձգելու մասին համաձայնագիրը ՀՀ ԱԺ-ում ընդունելու հանգամանքով: Հիշեցնենք, որ Կարասինի՝ Երեւանում գտնվելու ընթացքում եւ խորհրդարանական ուժերի հետ հանդիպման օրն էր, որ ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգման վերաբերյալ հայ-ռուսական արձանագրության սահմանադրականության վերաբերյալ որոշումը:
Ի դեպ, «Առավոտի» հետ զրույցում երեկ այդպիսի ենթադրություն արեց նաեւ «Ժառանգություն» խմբակցության ղեկավարը: «Ես, այնուամենայնիվ, կարծում եմ՝ օտարալեզու դպրոցների, ռուսական ռազմաբազաների հետ կապված խնդիրներն են նրան հետաքրքրել եւ մտահոգել: Օրեր առաջ միայն ՍԴ-ն քննեց ռազմաբազաների պայմանագիրը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը: Կարծում եմ, որ Կարասինը տեղյակ է, որ խորհրդարանական ընդդիմությունն ու հատկապես «Ժառանգությունը» շատ լուրջ մտահոգություն են հայտնել այդ ռազմաբազաների տեղակայման ժամկետի երկարաձգման առնչությամբ: Նույն խորհրդարանական ընդդիմությունը դեմ էր օտարալեզու դպրոցների բացմանը: ՌԴ-ում ու Կարասինը եւս, թերեւս, գիտակցում են, որ այդ մտահոգություններն օդից չեն վերցված»,- հայտարարեց Ստ. Սաֆարյանը՝ քիչ հավանական համարելով, որ Կարասինի հանդիպումների օրակարգը պայմանավորված էր ՀՀ ներիշխանական խրթին հարաբերություններով, թեեւ ներքաղաքական խնդիրներին անդրադարձ եղել է:
Այն, որ Կարասինի քաղաքական խորհրդակցությունների նպատակը հենց Հայաստանում նկատվող հակառուսական տրամադրությունների պատճառն ու ՀՀ ԱԺ-ում ռուսական ռազմաբազաներին վերաբերող պայմանագրի ճակատագրի հարցն է եղել, հուշում է, թերեւս, նաեւ այն հանգամանքը, որ ՌԴ փոխարտգործնախարարը չի հանդիպել արտախորհրդարանական ընդդիմության՝ Հայ ազգային կոնգրեսի հետ: Ի դեպ, այդ փաստը ՀԱԿ-ին չի էլ բարդույթավորել: Համենայնդեպս, այդպիսի տպավորություն ստացանք ՀԱԿ արտաքին կապերի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանի հետ զրույցից, որն ասաց, թե իրենց տեսակետները Կոնգրեսը տեղ է հասցնում Մոսկվայում իր գործընկերների միջոցով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել