Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՇՈՒՏՈՎ ՍԿՍՎԵԼՈՒ Է ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվար 17,2011 00:00

\"\"ՀԺԱՄ-ի հիմնական թիրախը երիտասարդներն են

Արդեն մի քանի օր է՝ մայրաքաղաքում, հատկապես ուսանողական թաղամասերում, «Մասնակցիր ապագայի կառուցմանը», «Մի վհատվիր, ամեն ինչ լավ է լինելու», «Ժպտա եւ հաղթիր», «Շուտով սկսվելու է…» մակագրություններով թռուցիկներ են փակցվում: Թռուցիկների հեղինակը Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունն է (ՀԺԱՄ): Ի՞նչ նպատակ է հետապնդում կուսակցությունն իր այս քայլով՝ «Առավոտի» հարցին երեկ կուսակցության վարչության նախագահ Վահրամ Մկրտչյանն ասաց, որ սա հայ հասարակությունը փոփոխելու իրենց առաջին քայլերից մեկն է. «Մենք երկար ենք քննարկել՝ հասարակությանը բարեփոխելու, հասարակությունն այլ հարթության մեջ դնելու, հասարակության վրա ազդելու՝ ի՞նչ տեխնոլոգիաներ են պետք: Հանգեցինք նրան, որ մենք չպետք է գնանք շաբլոններով՝ միտինգներ, ժողովներ: Դրանք արդեն հնացած մեթոդներ են եւ կարծես թե չեն բերում ճիշտ տեղ»: Կուսակցության հիմնական թիրախը երիտասարդներն են: Ընտրված են հասարակության եւս երեք շերտեր, որոնց հետ այս տարվա ընթացքում պետք է «աշխատանքներ տարվեն»՝ մտավորականություն, գյուղացիություն, փոքր եւ միջին գործարարներ:
Հիշեցնենք, որ ՀԺԱՄ-ը հիմնադրվեց հենց փոքր եւ միջին գործարարներին իր աջակցությունը բերելու եւ Հայաստանում միջին խավ ձեւավորելու համար: Դատելով նրանից, որ մեր երկրում միջին խավը չի կայացել՝ կուսակցությունը մինչ օրս անօգուտ է գործել: Վահրամ Մկրտչյանը վստահեցնում է, որ հետայսու իրենք առավել արդյունավետ են աշխատելու եւ անելու են ամենը, որ Հայաստանում նոր որակի հասարակություն ձեւավորվի. «Հասարակություն, որը պետք է հասկանա, որ ապագան իրենից է կախված, եւ ինքն այսօր պետք է մասնակցի ապագայի կառուցմանը»: Թե ինչպիսի՞ ապագայի մասին է խոսքը՝ հետագա ակցիաներում կերեւա: Իսկ ի՞նչ է թաքնված՝ «Շուտով սկսվելու է…» ինտրիգային կարգախոսի տակ՝ հարցի պատասխանը եղավ. «Շուտով սկսվելու է հեղափոխությունը: Խոսքը, բնականաբար, հեղաշրջման մասին չէ: Մենք պատրաստելու ենք հեղափոխություն անող հասարակություն. սա է սկսվելու»:
ՀԺԱՄ-ը, փաստորեն, առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացնում, եւ այս ամենն ապացույցն է նրա, որ բավականին լուրջ հայտ է ներկայացնում, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ ՀԺԱՄ հիմնադիր նախագահ, նախկին կարկառուն ԱԺՄ-ական Սեյրան Ավագյանն այժմ ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի անդամ է: Նաեւ՝ հիմնադրման օրվանից այս կուսակցության անունը կապվում էր հայտնի գործարար Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի» հետ: «Առավոտի» այս դիտարկումներին Վահրամ Մկրտչյանը հակադարձեց. «Նշված անձանց հետ մեր հարաբերությունները շատ ջերմ եւ ընկերային են, մանավանդ, որ Սեյրան Ավագյանը բացի հիմնադիր նախագահ լինելուց, ՀԺԱՄ անդամ է եւ կուսակցության հասարակական խորհրդի նախագահը: Բարսեղ Բեգլարյանն իմ մտերիմն է, բայց Բեգլարյանի եւ ՀԺԱՄ-ի միջեւ ոչ մի կապ էլ չկա: ՀԺԱՄ-ն ինքնուրույն քաղաքական միավոր է: Այս ակցիաները մեր երիտասարդական կառույցի մտահղացումներն են: Թե ինչպիսիք կլինեն հետագա քաղաքական զարգացումները՝ ժամանակը ցույց կտա: ՀԺԱՄ-ն անդամ է նաեւ «Հայության հարատեւման շարժման», որի նպատակն էլ նույնն է՝ հեղափոխություն մարդկանց ուղեղներում, քանի որ այսպիսի հասարակությամբ հեռու չենք գնա»: Վերլուծելով ներկայիս միտինգային գործընթացները՝ Վահրամ Մկրտչյանը վստահաբար հայտարարում է, որ դրանք ոչինչ չեն տալիս. «Ես ԱԺՄ-ում եմ եղել, 1996-ից սկսած տասնյակ հզոր հանրահավաքներ ենք արել. հանրահավաքի ուժը ավարտվում է, երբ հրապարակը դատարկվում է, ծնվում է սպասում՝ թե ե՞րբ է լինելու հաջորդ հանրահավաքը: Հանրահավաքային զանգվածն էլ ինքնըստինքյան վերածվում է դժգոհ, բողոքող, քանդել-ջարդելու պատրաստ զանգվածի: Իսկ տեխնոլոգիաները, որոնք մենք ենք որդեգրել, հիմնական գործող տարր են դարձնում մարդուն, ոչ թե ճառ ասող լիդերին: Մենք թիրախավորել ենք յուրաքանչյուր հայ երիտասարդի, ոչ թե, ասենք, Վահրամ Մկրտչյանն իր փոքրաթիվ թիմով խոսի՝ հետո գնա քաղաքական առեւտուր անի: Կարձագանքեն մարդիկ սրան՝ կապրենք՝ կտեսնենք»:
Դիտարկմանը՝ վերջին շրջանում նախագահ Սերժ Սարգսյանն էլ է խոսում նոր որակի հասարակության մասին, Վահրամ Մկրտչյանը հակադարձեց. «Նախագահի հետ ոչ մի կապ էլ չկա, եւ մենք նախագահի ծրագիրը չենք իրականացնում: Մենք իրականացնում ենք, ըստ մեզ, հասարակությանն ու պետությանն օգտակար ծրագիր, եթե այդ ընթացքում նախագահը կարձագանքի՝ փառք ու պատիվ իրեն, եթե ոչ՝ դա մեզ չի էլ ընկճի: Նախագահն, այո, ասում է՝ նոր որակի հասարակություն, ոչ՝ կոռուպցիային ու կաշառակերությանը, բայց նախագահի ասելուց երկու ամիս հետո արատավոր այդ երեւույթները չե՞ն եղել: Մի բան է ասել, այլ բան՝ տեր կանգնել: Եթե նախագահն իր խոսքի տերն է, պետք է ոչ թե կուսակցության 20-ամյակին դա հայտարարի, այլ հավաքի պատկան պետական մարմիններին եւ ասի՝ ձեր հերը կանիծեմ, եթե այսօրվանից այսպես չեք աշխատել: Նման մի փորձ Վազգեն Սարգսյանն արել է: Այ, դա կլինի «0 պրոբլեմ»:
ՀԺԱՄ-ում չեն բացառում քաղաքական դաշինքներ, մասնավորաբար, «Ժառանգություն» կուսակցության հետ, բայց ՀԱԿ-ի հետ անցնելիք ճանապարհ չեն տեսնում. վերապահումներ ունեն Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական անցյալի առումով: «Մենք շատ լավ գիտակցում ենք, թե ինչ քաշի եւ որակի խաղացող ենք, ուստի նմանատիպ ուժերի հետ բանակցում ենք, քանի որ կարծում ենք, որ ապագան խոշորացման մեջ է: Մանր-մժեղային տարբերակները պետք է դուրս գան քաղաքականությունից»,- ասում է Վահրամ Մկրտչյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել