Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԲԱ ՈՐ ՄԵ՞ՆՔ ՀԵԼԱՆՔ ՈՒ ԻՐԵՆՑ ԿԵՐԱՆՔ»

Փետրվար 17,2011 00:00

Ի՞նչ  են մտածում փողոցային քաղաքական «մեկնաբանները» ներքաղաքական հարցերի շուրջ

Երբ լռում են քաղաքական «մուսաները», երբ պալատական եւ ընդդիմադիր երգիչները որեւէ հոդաբաշխ խոսք չեն գտնում՝ վերլուծելու ստեղծված իրավիճակը, եւ շարունակ դոփում են տեղում, մեզ այլ բան չի մնում, քան «դերվիշի շորեր հագած» պտտվել մարդկանց մեջ, զրուցել շարքային քաղաքացիների հետ՝ նրանց կարծիքը եւ մեկնաբանությունները ստանալու: Եվ հիմնականում շարքային քաղաքացիները շատ ավելի խորքային վերլուծություններ են կատարում եւ հրապարակավ խոսում են դրանց մասին, քան որոշ կարկառուն քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ: Ի դեպ, վերջիններիս գրեթե բոլոր վերլուծությունները վերջին 4-5 օրերի ընթացքում ջրի գին ունեն, քանզի մեր երկրում իրադրությունը փոփոխվում է ոչ թե օրերով, այլ ժամերով։ Օրինակ, եթե երկու օր առաջ իշխանության մաս կազմող ուժերի որոշ ներկայացուցիչներ պնդում էին, թե անպայման կստորագրվի կոալիցիոն համատեղ փաստաթուղթ՝ միասին գնալու եւ մեկ թեկնածուի պաշտպանելու մասին, ապա նույն օրվա արդեն երկրորդ կեսին իրավիճակն այնպես էր խճճվել, որ մարդիկ գերադասում էին լռել:
Մենք եւս տեղեկություններ ունեինք, որ հինգշաբթի, այսինքն՝ այսօր, կստորագրվի համապատասխան մի թուղթ կամ փաստաթուղթ, սակայն երեկ մինչեւ ուշ գիշեր այդպես էլ հստակ տեղեկություններ չկային: Այս իրավիճակում ուրիշ բան երեւի չի մնում, քան պարզապես զայրանալը եւ ձեռքը սեղանին խփելն ու վերջակետ դնելը: Ի դեպ, Երեւանի փողոցներում մեր հերթական պտույտի ընթացքում երկրի գործող նախագահին նման խորհուրդ տվողները քիչ չէին. «Ախր, ինչի համար է ձգում, թող կանգնի եւ ձեռքը սեղանին խփելով ասի՝ դե, թողեք-գնացեք»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց Շիլաչու բնակիչ, նախկինում կոոպերատիվի նախագահ, այժմ գործազուրկ Զավեն Վարդանյանը: Մեր զրուցակից երեւանցիների կարծիքները ստեղծված ներքաղաքական իրավիճակի մասին ներկայացնելիս շեշտենք, որ մարդիկ մեր հարցերին շատ ավելի դժկամությամբ էին պատասխանում, քան երբեւէ: Այսօր ՀՀ քաղաքացիները շատ ավելի ագրեսիվ էին եւ շատ ավելի զայրույթով լեցուն: Ինչից էլ հարցնում էինք, լսում էինք առաջին հերթին սոցիալական դժգոհությունների մասին: Իսկ ներքաղաքական հարցերը մարդկանց ուղղակի ափից հանում էին. «Ինչի՞ց ես հարցնում, մեզ իրենք ոչ էլ հետաքրքրում են, ալյուրը թանկացավ, դու դրանից հարցրու, առաջ գոնե մենք մեր համար հաց էինք թխում, մի կերպ յոլա էինք գնում, հիմա ի՞նչ եմ անելու»,- դիտողություն արեց նախկին «Գայանե» հանրախանութի աշխատող, այժմ խանութի տարածքը վարձակալած պարսիկի մոտ պահակ աշխատող Վարդանը:
«Գնա-գնա, էդ իշխանավորներին ասա, որ մեկ-մեկ էլ իրանք գան, մեր քեֆ-հալը հարցնեն, թե չէ՝ իրար են ուտում, բա որ մե՞նք հելանք եւ իրանց կերանք»,- ասաց մի մարդ, որն իր անունը չասաց, պարզապես հարկ համարեց շեշտել, որ «երբ ես էս քաղաքում անուն ունեի, իրենք ո՞ւր էին»։ Երաժշտական դպրոցի դաշնամուրի դասարանի ուսուցչուհի Անահիտ Սողոմոնյանը նկատեց, որ այսօր մեր երկրում քաղաքական կյանքը մի տեսակ անհասկանալի ցայտնոտի մեջ է. «Ես ամեն օր իմ գործին եմ գնում, հեռուստացույց անգամ չեմ դիտում, ուղղակի զզվել եմ նույն դեմքերից եւ ոչ մի բան էլ չգիտեմ: Դուք պատկերացնո՞ւմ եք, որ Քոչարյանը ընդդիմություն կդառնա։ Բա, հենց այդ եմ ասում, նա եթե անգամ ուզում է վերադառնալ, ապա կգա միմիայն որպես իշխանական կուսակցության լիդեր, դրանով կգա: Բայց դա կլինի մեր բոլորի վերջը: Ո՞ւր գա, իբր 10 տարի ի՞նչ արեց, որ էլի գա, Աստված չանի»:
Նախկինում հրուշակագործ, այժմ հացի փռում աշխատող Մկրտիչ Տեր-Ղազարյանը քաջատեղյակ էր կոալիցիոն անցուդարձից, անգամ գիտեր, որ այսօր-վաղը ինչ-որ կարեւոր բան է լինելու, եւ ասաց. «Մի բան կասեմ՝ նախագահը ոչ թե պետք է սպասի, որ էդ թուղթը ստորագրեն կամ չստորագրեն, այլ պետք է կանգնի եւ ասի՝ գնացեք, հենց հիմա: Մեկ ա, գնալու են, վաղ թե ուշ, ավելի լավ է՝ հիմա գնան, թե չէ՝ դեռ էլի կհարստանան, կուժեղանան, հետո ավելի վատ կլինի»: Մեր հարցին՝ ի՞նչ նկատի ունի, ո՞ւմ մասին է խոսում, պարոն Մկրտիչն ասաց. «Ո՞նց թե, հասարակ բան ասեմ, եթե մեկը քո հաշվին ուժեղանա ու հետո քեզ խփի, դու ի՞նչ կանես, կսպասես մինչեւ ուժեղանա՞, թե՞ կասես՝ հենց հիմա հեռացիր: Քեզ լուրջ բան եմ ասում, էդ հին խոսք է՝ երկու շան գլուխ մի ամանի մեջ չի եփվի»: Բանկի աշխատակից մի երիտասարդ էլ մեր հարցերին չուզեց պատասխանել եւ հարկ համարեց ասել, որ սխալ հարցեր ենք տալիս. «Դուք տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում Եգիպտոսում, անգամ Իրանն է իրար անցել, մենք դեռ Կարապետիչի հույսին ենք: Մեր ժողովուրդը կարծում եք ավելի լա՞վ վիճակում է, իսկ եթե մի անկառավարելի շարժում սկսվի՞, արդյոք կառավարությունը սրա մասին չի՞ մտածում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել