Կամ՝ ինչու են հայտնիները ստում
«Մարդկային հարաբերությունների հիմնական հատվածը հիմնված է ստի վրա»,- փիլիսոփա Էրիկ Բեռնն իր ուսումնասիրությունների ընթացքում եկել է այսպիսի եզրակացության: Ստելու մասին հայտնի ասույթ է նաեւ հետեւյալը. «Ամենից շատ ստում են ընտրություններից առաջ եւ ձկնորսությունից հետո»: «Քաղաքականության մեջ անկեղծությունը արհեստական ստի տպավորություն է թողնում»,- գրում է Ժ. Ռենարը: Մի խոսքով, ստացվում է՝ մարդկային կյանքն առանց ստի գոյություն ունենալ չի կարող, քանի դեռ կան մարդկային շահերն ու հավակնությունները: Այս թեմայով գիտական բազում հետազոտություններ են կատարվել, մշակվել բազում տեխնոլոգիաներ, որոնց կիրառման դեպքում կարելի է զերծ մնալ խաբված լինելուց եւ հեշտությամբ ստել՝ նույնիսկ նայելով դիմացինի աչքերին: Օրինակ՝ մասնագիտական գրականության մեջ հանդիպող ստելու տեխնոլոգիաներից են հետեւյալները. ձեռք բերել շրջապատի վստահությունը, քեզ ներկայացնել որպես միամիտ, նույնիսկ անխելք, ստեղծել իրականությանը զուգահեռ մեկ այլ իրականություն: Խորհուրդ է տրվում հաճախ լռել, ներկայացնել ինֆորմացիայի այն հատվածը, որը ձեռնտու է. սա կոչվում է շրջանակի էֆեկտ:
Նշված տեխնոլոգիաներին ծանոթանալով՝ կարծես մի պահ աչքիդ առաջ է գալիս հայաստանյան քաղաքական գործիչների մեծամասնության գործունեությունը: Երեւի նրանք ստելու տեխնոլոգիաների մասին հատորներով գրքեր են կարդացել: «Առավոտը» փորձեց ստուգել նրանց եւ այլ հայտնի գործիչների ստելու աստիճանը՝ նրանց հղելով հետեւյալ հարցը՝ ի՞նչ իրավիճակներում եք ստիպված եղել ստել: Փոքրիկ հարցախույզը ցույց տվեց, որ մեր պատգամավորներից շատերը, չդավաճանելով իրենք իրենց, կրկին ստեցին, պատասխանելով, որ երբեք չեն ստել: Նույնիսկ հոգեւորականներն են երբեմն ստում, էլ ո՞ւր մնաց պատգամավորները: Թերեւս ամենամիամիտ մարդը պետք է լինես, որ հավատաս այս խոսքերին: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը վստահեցրեց, որ ինքը երեխաներից բացի ոչ ոքի չի ստել. «Պատահել է, որ երեխային լռեցնելու, ճաշ կերցնելու համար խաբեմ, բայց հասուն մարդկանց խաբելն ինձ համար անընդունելի է: Որտեղ էլ աշխատել եմ, միշտ խնդրել եմ իմ աշխատողներին անկեղծ լինել՝ վստահեցնելով, որ ամենածանր հանցագործություն կատարելու դեպքում էլ պատրաստ եմ օգնել, միայն թե ինձ չխաբեն»: Իսկ այն հարցին, ինչո՞ւ են քաղաքական գործիչները հաճախ ստում, տիկին Հակոբյանը պատասխանեց. «Գուցե ընտրության հանգամանքով պայմանավորված: Բայց ինձ համար դա անընդունելի է»:
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն էլ հիշեց, որ շատ է ստել դպրոցական տարիներին, քանի որ դասերից փախչելու «պրոֆեսոր է եղել»: «Դասերից փախչում, գնում էինք գետում լողալու: Բայց մի անգամ մայրիկս եկել էր դպրոց, որ ինձ տեսնի, հանկարծ պարզել էր, որ դասի նստած չեմ: Այդ ժամանակ բռնվել եմ, իսկ ես մայրիկիցս, ինչպես լոռեցիներն են ասում, շան նման վախենում էի»: Հետաքրքրվեցինք՝ իսկ քաղաքականության մեջ խաբե՞լ է: Պատգամավորը պատասխանեց. «Չէի ցանկանա հերոսանալ, բայց քաղաքականության մեջ երբեք ոչ ոքի չեմ խաբել: Իհարկե, այդպես շատ դժվար է մնալ քաղաքականության մեջ: Ես իսկական լոռեցի եմ, հասկանում եմ, երբ ինձ խաբում են: Բայց ես ամաչում եմ, որ դիմացինս ինձ խաբում է, դրա համար լռում եմ, ինչից տուժում եմ: Լոռեցիները միամիտ չեն, այլ՝ պարկեշտ: Միամիտը նրանք են, ովքեր լոռեցիներին միամիտի տեղ են դրել: Եթե դիմացինս ինքն իրեն թույլ է տալիս ինձ խաբել, ես խաբվում եմ, քանի որ այդ դեպքում տվյալ մարդն ինձ համար դառնում է ոչնչություն»:
Մշակույթի գործիչներն ավելի անկեղծ գտնվեցին: Օրինակ՝ դերասանուհի Լալա Մնացականյանը նշեց. «Մարդիկ հիմնականում ստիպված են խաբել, երբ ուզում են փրկած լինել իրավիճակը, երբ կարծում են, որ ճշմարտությունը լսելն ավելի ծանր կլինի, քան սուտը: Այնպես որ, խաբելը նորմալ երեւույթ է: Իսկ եթե ես կարող եմ մարդուն խաբել, ապա ինչպե՞ս կարող եմ դիմացինիս մեղադրել, որ ինքն ինձ խաբում է: Հիմա սկսել եմ ինքս ինձ չխաբել, այս որոշմանը դժվարությամբ եմ եկել, բայց այդ որոշման մարդ գալիս է այն ժամանակ, երբ սկսում է ինքն իրեն ավելի լավ ճանաչել: Խոշոր հաշվով մարդ խաբում է դիմացինին այն ժամանակ, երբ խաբում է ինքն իրեն: Եթե կգտնվի մի մարդ, որ կասի, թե ինքը չի խաբում, ուրեմն նա ամենամեծ սուտասանն է»:
Երգչուհի Շուշան Պետրոսյանն էլ խաբում է երեխաներին՝ հիմնականում քնեցնելու նպատակով. «Ես սովորական մահկանացու եմ՝ իմ մեղքերով, եթե ասեմ՝ նման բան չեմ արել, ես կխաբեմ: Շատ ծանր եմ տանում, երբ ինձ են խաբում: Աչքերին նայելով՝ ձայնի երանգից զգում եմ, որ խաբում են: Դա ինձ համար դավաճանության նման բան է, ինչը բնորոշ է թույլ մարդկանց: Իսկ ինքս ինձ ամեն օր խաբում եմ, քանի որ մարդ միայն իր առջեւ է անզոր»:
Հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանն էլ հարցերին հումորով պատասխանեց. «Մենք եկեղեցական չենք: Ավելին, մեր մասնագիտության մեջ առանց խաբելու չի լինի, բայց կարեւորը նպատակն է: Մյուս կողմից էլ նպատակն ամեն միջոց չէ, որ արդարացնում է: Եթե որեւէ մեկն ասի, որ ինքը չի խաբել, ուրեմն ինքը խաբում է: Ինչ վերաբերում է քաղաքական գործիչներին, ապա նրանք, որ խաբում են, ոչինչ, դա պարզ է, բայց գոնե մեկ-մեկ էլ ճիշտն ասեն: Ինքս ինձ խաբում եմ օրը երեքից չորս անգամ: Բայց, միեւնույն է, տարիներ էլ անցնեն՝ այդ սուտը բացահայտվում է: Մի խոսքով՝ ստի նկատմամբ անտարբեր եմ: Բայց եթե սուտը չլիներ, այսօրվա օրն էլ չէր լինի (նկատի ունի Սուրբ Վալենտինի օրը- Տ. Հ.):