Հունվարի վերջին Ստամբուլում կայացած սիրողական բռնցքամարտի եվրոպական կոնֆեդերացիայի (EUBC) գործկոմի նիստում որոշվել է, որ այս տարվա սեպտեմբերի 22-ից հոկտեմբերի 8-ը Բաքվում կայանալիք մարզաձեւի աշխարհի առաջնությունում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվելու է 2012 թվականի ամառային օլիմպիական խաղերի տասը ուղեգիր: Ըստ այդմ, Լոնդոն մեկնելու իրավունք ստանալու են ըստ քաշային կարգերի քառորդ եզրափակիչ մտած ութ բռնցքամարտիկները ու եւս երկուսը՝ լրացուցիչ ցուցանիշներով:
Այս առումով կարեւորվում է հունիսի 10-19-ը Սոֆիայում անցկացվելիք Եվրոպայի առաջնությունը, որտեղ, մեդալներից բացի, խաղարկվելու են նաեւ օլիմպիական վարկանիշային միավորներ, որոնք հաշվի առնելով էլ անցկացվելու է աշխարհի առաջնության մասնակիցների վիճակահանությունը:
Հայտնի է, որ հարեւան հանրապետությունում կազմակերպվող ցանկացած միջազգային մարզական միջոցառում, իսկ դրանք որպես կանոն լինում են աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններ, որտեղ նաեւ օլիմպիական ուղեգրեր են խաղարկվում, ծանր երկընտրանքի առջեւ են կանգնեցնում մեր ազգային հավաքականներին: Եվ մեր համապատասխան ֆեդերացիաները, Ազգային օլիմպիական կոմիտեն եւ երկրի ղեկավարությունը ամիսներ շարունակ հարկադրված են լինում մեր պատվիրակությունների անդամների անվտանգության լիարժեք երաշխիքներ ստանալու նպատակով բանակցություններ վարել ինչպես Ադրբեջանի իրենց գործընկերների, այնպես էլ մարզաձեւերի միջազգային ֆեդերացիաների ու ՄՕԿ-ի ղեկավարների հետ: Բայց հայտնի է նաեւ ու դրա փորձն էլ կա, որ անգամ հարյուր տոկոսանոց երաշխիքների խոստումները մեր մարզիկների համար Ադրբեջանում հոգեբանական, մարզումային եւ մրցակցական հավասար պայմաններ չեն կարող ապահովել: Այ, հիմա էլ մեր բռնցքամարտիկները գրեթե անելանելի վիճակում են հայտնվել: Ինչպե՞ս վարվել: Պեկինից հետո օլիմպիական նոր քառամյա ցիկլում բռնցքամարտի ֆեդերացիան, պետությունը եւ ՀԱՕԿ-ը մեծ գումարներ են ներդրել բռնցքամարտում եղած հաջողությունները զարգացնելու, աշխարհի, Եվրոպայի առաջնություններում նվաճված մրցանակների որակն ու քանակն ավելացնելու, Լոնդոնի օլիմպիական խաղերում ներկայացուցիչներ ունենալու եւ օլիմպիական մեդալների համար պայքար մղելու համար: Իսկ հիմա այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ արված ամբողջ աշխատանքը հայտնվել է ջուրն ընկնելու վտանգի առջեւ: Բաքու չգնալ, թերեւս, ճիշտ չի լինի: Իսկ գնալու դեպքում մեր բռնցքամարտիկները կկարողանա՞ն ռինգում, ագրեսիվ հանդիսատեսի ճնշման պայմաններում, իրենց իսկական կարողությունները դրսեւորել ու պլանավորված քանակի մեդալներ եւ ուղեգրեր նվաճել: Խիստ կասկածելի է: Մյուս կողմից էլ, եթե հրաժարվենք մասնակցությունից, հնարավոր է՝ ընդհանրապես զրկվենք Լոնդոն մեկնելու հեռանկարից: