Ո՞վ է կազմակերպելու լիբրետո գրողների ուսուցումը
Վերջերս «Առավոտը» հետաքրքրվեց, թե Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի «Գրական ստեղծագործություն» բաժնում ի՞նչ մասնագիտություններ են ընդգրկված, մտահոգված լինելով դրամատուրգիական կադրերի պատրաստման հարցով: Իսկ դրամատուրգիան չի սահմանափակվում միայն դրամատիկական արվեստով: Մեծ եղավ մեր հիասթափությունը, երբ ինստիտուտից տեղեկացանք, որ գրական ստեղծագործություն ասելով՝ այստեղ հասկացել են միայն սցենարական գործը՝ չմտածելով դրամատուրգիական եւ երաժշտադրամատիկական արվեստների մասին: Մասնագետներն ասում են, որ պիես գրելու համար պարտադիր չէ մասնագիտական բարձրագույն կրթություն ունենալ, չնայած բեմի, գործողության, կոմպոզիցիայի, կերպարաստեղծման գաղտնիքների իմացությունը պարտադիր է: Իմացության պակասն էլ առիթ է տվել, որ պիեսներ գրողներից շատերը պարզապես շատ բան չգիտեն դրամայի առանձնահատկությունների մասին: Իսկ Մոսկվայում, ինչպես տեղեկացանք թատերագետ, Ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ Արա Խզմալյանից, 1990թ. փորձարարական դրամայի «Լյուբիմովկա» կենտրոն է ստեղծվել, որը վերածվել է ուսումնական հաստատության:
Ընդ որում, եթե թատերական դրամատուրգիայի հարցով վիճակն այնքան էլ անհուսալի չէ, քանի որ դրամատուրգ Կարինե Խոդիկյանի՝ ավելի քան 10 տարի առաջ հիմնադրած «Դրամատուրգիա» հանդեսը նաեւ ուսուցողական գործառույթ ունի, ապա Թատերական ինստիտուտի նշված բաժինը չունի օպերային եւ բալետային լիբրետո գրողների ուսուցման նպատակ: Ովքե՞ր են մեզ մոտ գրում լիբրետոներ. հիմնականում՝ կոմպոզիտորները, մեկ էլ՝ իսկապես պատահական մարդիկ: Երբ աշխարհահռչակ խորեոգրաֆ Յուրի Գրիգորովիչը պատրաստվում էր բեմադրել Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետը, նպատակ ունենալով ստեղծել նոր լիբրետո, որն ամբողջապես կարտացոլեր հանճարեղ բալետի ենթաշերտերը, հայտնի դարձավ, որ երեւանյան բեմադրության համար լիբրետո է գրելու մշակույթի այն ժամանակվա նախարար Հովիկ Հովեյանը: Թե բալետի եւ բալետային դրամատուրգիայի հետ ի՞նչ կապ ուներ բանաստեղծ Հովեյանը, ոչ ոք չգիտեր: Հավանաբար չգիտեր նաեւ ինքը, բայց որ «խոպան» տարածք էր եւ նախարար-«լիբրետիստը» կարող էր $100 000 պահանջել լիբրետոյի համար՝ իմացան բոլորը: Ավելի ուշ պարզվեց, որ Հովեյանի հաջորդներից մեկն էլ է նույն «գնով» դարձել «լիբրետիստ»՝ անունը դնելով Արամ Իլյիչի կողքին:
Հայաստանում իսկապես պարտադիր է կազմակերպել լիբրետո գրողների ուսուցումը, անհրաժեշտ է պրոֆեսիոնալ հիմքերի վրա դնել այս չափազանց կարեւոր, միեւնույն ժամանակ աչքաթող արված ոլորտը: Ժամանակին երգիչ-բեմադրիչ Տիգրան Լեւոնյանը մեզ մոտ ստեղծեց կայացած ավանդույթներ, սակայն նրա մահից հետո ոչ ոք չուզեց հարստացնել ձեւավորվածը: Մինչդեռ անհրաժեշտ էր, որպեսզի հիմնվելով եղածի վրա, շարժվեինք առաջ: