«Առավոտը» երեկ անդրադարձել է ռուսական «Ֆինանս» պարբերականի կազմած եւ երեկ հրապարակած ՌԴ ամենահարուստ մարդկանց ցուցակին, հատկապես դրանում տեղ գտած հայերին: Իսկ «Ազատություն» ռ/կ-ն երեկ ներկայացրել է այդ ցուցակի մեկ ուրիշ՝ պուտինամերձ խավը:
Ըստ այդմ՝ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի՝ ձյուդոյի նախկին սպարինգ պարտնյորը՝ մարզընկերն ու նրա եղբայրը համալրել են Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակը: 59-ամյա Արկադի Ռոտենբերգը (նկարում), ով Սանկտ Պետերբուրգում պատանի Պուտինի հետ ձյուդոյի մարզումներ է անցկացրել, ՌԴ ամենահարուստ մարդկանց ցուցակում միանգամից 17 կետով վեր է բարձրացել եւ 1,75 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 63-րդ տողը: Ռոտենբերգը Սանկտ Պետերբուրգում ձյուդոյի ակումբ ունի, որի պատվավոր նախագահն է Պուտինը, բացի այդ՝ նա «ՍտրոյԳազՄոնտաժ» ընկերությունն է ղեկավարում, որը ստանձնել է «Հյուսիսային հոսք» (Nord Stream) գազատարի՝ Բալթիկ ծովով անցնող հատվածի շինարարությունը: Նա նաեւ «Մոստո տրեստ» շինարարական ընկերության բաժնետեր է, որը շահավետ պայմանագրեր ունի Սոչիում՝ 2014թ. Ձմեռային օլիմպիադայի նախաշեմին:
Ռոտենբերգի կրտսեր եղբայրն ու գործընկերը՝ Բորիսը, ով եւս ձյուդոիստ է, կիսում է ամենահարուստ մարդկանց ցուցակի 63-րդ տեղը եղբոր հետ: Երկու եղբայրները 2009թ. «Ֆինանս» հանդեսի հրապարակած 500 ամենահարուստների ցուցակում 395-րդ տեղն էին զբաղեցնում:
Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում են հայտնվել նաեւ վարչապետ Պուտինի երկու նախկին հարեւանները՝ Յուրի Կովալչուկը, ով բանկիր դարձած գիտնական է, 90-ականներին ապրել է Պուտինի գյուղական տան հարեւանությամբ, այժմ ՌԴ ամենահարուստ մարդկանց ցուցակում գրավում է 115-րդ տեղը, մյուս հարեւանը՝ Նիկոլայ Շամալովը, հարուստների ցուցակում 184-րդն է: