Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԵՀՐԱՆՈՒՄ ԶՈՀ ԵՎ ՎԻՐԱՎՈՐՆԵՐ ԿԱՆ

Փետրվար 16,2011 00:00

\"\"Երկուշաբթի օրը Թեհրանում զանգվածային բախումներ են եղել հակակառավարական ցույցերի մասնակիցների եւ ուժային կառույցների ներկայացուցիչների միջեւ: Այդ մասին փետրվարի 15-ին հաղորդել է BBC-ն:

Բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել էին Իրանի մայրաքաղաքի կենտրոնում՝ իրենց աջակցությունը հայտնելու եգիպտացի ցուցարարներին, որոնք 18-օրյա ցույցերի արդյունքում հասել էին երկրի նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությանը:

Իրանցի ոստիկանները Թեհրանի Ազադի՝ Ազատության հրապարակում հավաքվածների դեմ արցունքաբեր գազ են կիրառել, կան տասնյակ ձերբակալվածներ: Հաղորդվում է նաեւ մեկ զոհի եւ վիրավորների մասին: Ընդդիմության հետ համերաշխության ցույցեր են տեղի ունեցել նաեւ Իրանի մի շարք այլ քաղաքներում՝ Սպահանում, Մաշհադում եւ Շիրազում:

Ավելի վաղ հաղորդվում էր ընդդիմության երկու առաջնորդների, այդ թվում՝ նախագահի նախկին թեկնածու Միր Հուսեին Մուսավիին եւ Մեհդի Քարուբիին՝ տնային կալանքի տակ պահելու մասին: Իրանի իշխանությունները դրանով նպատակ են հետապնդել խոչընդոտել ընդդիմության առաջնորդների մասնակցությունը մայրաքաղաքում տեղի ունեցող բողոքի ցույցերին:

Ընդդիմությունը հայտարարում է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում երկրում սպանվել է ընդդիմադիր շարժման ավելի քան 80 կողմնակից, պաշտոնական Իրանը հերքում է այդ տվյալները:

BBC-ի մատուցմամբ, երկուշաբթի օրը Իրանում սկսված բողոքի ակցիաները առաջին լուրջ ցույցերն են 2009թ. դեկտեմբերից ի վեր, երբ Աշուրի հիշատակմանը նվիրված շիաների տոնի ընթացքում սպանվեց ութ մարդ:

Փետրվարի 14-ին ցուցարարները վանկարկել են «Մահ բռնապետներին» կարգախոսը, ինչին ի պատասխան՝ քաղաքացիական հագուստով ոստիկանները ցուցարարների վրա կրակ են բացել եւ մահակներով ծեծի են ենթարկել ցույցի մասնակիցներին: Ցույցի նախօրեին Իրանի իշխանությունները կանխարգելիչ միջոցառումներ էին ձեռնարկել՝ ձերբակալելով ընդդիմության տասնյակ կողմնակիցների:

Ընդսմին, Իրանի փոխոստիկանապետ Ահմադ Ռզա Ռադանը երկրում տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ առաջին պաշտոնական մեկնաբանություններն է արել։ Նրա ասելով, երկուշաբթի երեկոյան Թեհրանում ընդդիմության եւ իրավապահ մարմինների աշխատակիցների միջեւ տեղի ունեցած բախումների հետեւանքով տուժել է 9 ոստիկան: Նա հաստատել է ավելի վաղ հայտարարված մեկ զոհի մասին տեղեկությունը՝ հավելելով, որ «կան վիրավորներ նաեւ խաղաղ բնակչության շրջանում։ Տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։ Եվս մեկ քաղաքացի ինքնասպանության փորձ է կատարել, սակայն ոստիկանների միջամտության արդյունքում այդ փորձը կանխվել է»: Փոխոստիկանապետի մատուցմամբ, անկարգությունները նախաձեռնել են «հակահեղափոխական տարրերը՝ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Իսրայելի գործակալները»:

Բացի այդ, երեկ հայտնի դարձավ, որ Իրանի խորհրդարանի 180 պատգամավորներ պահանջել են մահապատժի ենթարկել ընդդիմության առաջնորդներ Միր Հուսեին Մուսավիին եւ Մեհդի Քարուբիին, նրանք վանկարկել են՝ «Մահ ԱՄՆ-ին, մահ Իսրայելին»:

Անցած գիշեր Թեհրանի իրադարձություններին անդրադարձել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: «Այն, ինչ այսօր կատարվում է Իրանում, այդ երկրի ժողովրդի համարձակության, միաժամանակ նաեւ իշխող վարչակազմի երկերեսանիության վկայությունն է: Այդ վարչակազմը վերջին երեք շաբաթներին անընդհատ ողջունում էր Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունները: Այժմ, սակայն, երբ հնարավորություն կա սեփական ժողովրդին օժտել այն նույն իրավունքներով, որոնց, իրենց համոզմամբ, արժանի է Եգիպտոսի ժողովուրդը, Իրանի իշխանությունները ցուցադրում են իրենց իրական դեմքը»,- հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել