Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

Փետրվար 16,2011 00:00

«Բավականին լուրջ քայլեր են ձեռնարկվում, կրթության ոլորտի բարեփոխումների նոր ալիք ենք իրականացնում: Դրանցից մեկը դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացն է, որ շուտով կիրականացվի քննությունների տեսքով»,- երեկ «Հայելի» ակումբում ասաց ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը:

Հայաստանում նման հավաստագրերի տրամադրումը առաջին անգամ է: Ինչպես հայտնում է պարոն Մկրտչյանը, քննությունները կմեկնարկեն փետրվարի 18-ին՝ թիվ 114 դպրոցում, նախապատրաստական աշխատանքները կատարված են: Կարող են մասնակցել նրանք, ովքեր վերապատրաստում են անցել եւ ունեն համապատասխան վկայագրեր: Առաջին փուլը գրավոր քննությունն է, եւ նրանք, ովքեր հավաքել են 90 տոկոսից բարձր միավորներ, կմասնակցեն բանավոր քննությանը: Վերջինս ներառում է 5 հարց, կարող են լինել նաեւ հարցեր՝ հանձնաժողովի կողմից: Օրվա հանձնաժողովի անդամները կընտրվեն համակարգչի միջոցով: Մ. Մկրտչյանը շեշտեց, որ այս գործընթացով ԿԳ նախարարությունը մեծ պատասխանատվություն է վերցնում իր վրա: Խոսելով միջին դասարանների ծրագրերի բեռնաթափումից, փոխնախարարը նշեց, որ ծրագրերը հագեցած են, այդ իսկ պատճառով իրենք վերանայում են դասագրքերը: Նա պարզաբանեց, որ ոչ թե առարկաներ կկրճատվեն, այլ սահմանափակումներ կդրվեն որոշ թեմաների քանակի վրա. «Միջին դասարաններում ավելորդ առարկաներ չկան: Կլինի թեմաների 25% բեռնաթափում, ինչը վերաբերում է բոլոր առարկաներին»:

Անդրադառնալով ուսուցիչների ատեստավորմանը, փոխնախարարն ընդգծեց, որ կա ատեստավորման երկու փուլ: Ուսուցիչ աշխատելու համար մանկավարժները կանցնեն ատեստավորման պարզ փուլը, իսկ երկրորդ փուլը տարակարգ ստանալու փուլն է, որը կամավոր է: Այն ուսուցիչները, որոնք կանցնեն ատեստավորման տարակարգային փուլը եւս, կստանան հավելավճարներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել