Լրահոս
Օրվա լրահոսը

Աֆղանցի վետերանների տոնը

Փետրվար 16,2011 00:00

Ցավոք, պետությունը մոռացել է նրանց մասին

Ամեն տարի փետրվարի 15-ին եւ օգոստոսի 2-ին Աֆղանստանի պատերազմին մասնակցած հայ վետերաններն այցելում են Հաղթանակի զբոսայգի: Երեկ էլ՝ Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 22-ամյակի օրը, նրանք ծաղկեպսակ դրեցին աֆղանական պատերազմում զոհվածների հուշարձանին: Չնայած ցրտին ու սառած ճանապարհներին, Հրազդանի աֆղանական պատերազմի վետերանների միության նախագահ Սուրեն Սարդարյանը վաղ առավոտյան, նախատեսված ժամից շուտ՝ արդեն զբոսայգում էր: Նրա խոսքով, միայն Հրազդանից Աֆղանստանի պատերազմի մասնակից 83 վետերան ունեն: Ցավով է նշում, որ այժմ նրանցից քչերն են մնացել Հայաստանում, մեծ մասը ԱՄՆ, ՌԴ կամ Եվրոպա է մեկնել:

Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը «Առավոտին» ասաց. «Սա մեր օրն է, գալիս ենք, հիշում մեր մարտական ուղին, ընկերներին: Գնալով մեծանում ենք, նայում եմ՝ իսկական վետերաններ են, բոլորի մազերը սպիտակել են»: Աֆղանստանի պատերազմին 3700 զինվոր եւ մոտ 400 հայ սպաներ են մասնակցել, ունեցել ենք 86 զոհ: Աֆղանստանից վերադարձած տղաների մեծ մասը հետագայում իրենց մասնակցությունն ունեցավ ղարաբաղյան պատերազմին: Ա. Մխիթարյանը վստահ է. «Աստված չանի, եթե պատերազմ լինի, չնայած տարիքին, նրանք պատրաստ են մեկնել ռազմաճակատ: Մարտական ոգին մե՛նք պիտի բարձրացնենք, մտածենք մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության մասին»:

Վետերանները չնայած հպարտությամբ էին իրար շնորհավորում, բայց նաեւ սրտնեղած էին իրենց նկատմամբ պետության անուշադրությունից: «ԽՍՀՄ-ի ժամանակ հաշմանդամներին տնով, մեքենայով էին ապահովում, պարտադիր բուժման էին ուղարկում, իսկ այսօր մեզանից ոչ մեկը որեւէ բանից չի օգտվում: 4500 դրամ են տալիս, իբր հոգացեք ձեր տրանսպորտային ծախսերը: Ամո՛թ է: Մարդիկ կան, այնքան ժամանակ չեն գնում, մինչեւ վայենկոմատից զանգում, ասում են՝ եկե՛ք, ձեր ողորմությունը վերցրեք: Վիրավորանքին չափ ու սահման չկա… Ախր այսօրվա հայկական բանակն էլ կայացել է նաեւ Աֆղանստանի պատերազմի մասնակիցների՝ Կոմանդոսի, Խաչատուրովի, Դուշման Վարդանի եւ այլոց շնորհիվ»,- «Առավոտին» ասաց աբովյանցի վետերան Սուրենը: Նա աշխատում է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում, բայց գոհ չէ: Գտնում է՝ եթե աշխատանքը կենցաղային ապահովման համար է, տհաճ է: Ավելի ուշ հավելում է՝ չստացվի, որ միայն դժգոհում է, ընկճված չէ, պարզապես իրերն է իրենց անունով կոչում. «Այստեղ գալն ինձ համար սուրբ պարտականություն է, ընկերներիս տեսնելու համար պարտավոր եմ գալ, հիշել նրանց, ում թողել ենք օտար հողում: Երեխաներին էլ եմ այդ ավանդույթը փոխանցել»: Սանասար Սահակյանը պետությունից ստացած չնչին գումարով միայն տրանսպորտի ծախսերն է կարողանում հոգալ, կոմունալ վճարումների համար դադարել է գումար ստանալ 2000 թվականից: Ցանկանում է միայն, որ աշխատանքի հարցը լուծվի: Ամեն տարի վետերանների հետ հուշարձանի մոտ է լինում նաեւ աֆղանական պատերազմի «Կարմիր խաչ» շքանշանակիր եւ ղարաբաղյան պատերազմում զոհված Դուշման Վարդանի մայրը՝ Զարուհի Ստեփանյանը: «Առավոտին» նա խնդրեց բարձրաձայնել մի խնդրի մասին: Նրա խոսքով, Եռաբլուրում մայրերի համար փամփուշտի տեսքով 8 քառ. մետրով եկեղեցի էր կառուցվել, որտեղ մայրերը գնում, մոմ էին վառում: Այժմ զոհվածների բոլոր մայրերը վրդովված են եւ հրաժարվել են այդ եկեղեցուց: Նրա փոխանցմամբ, այսօր Եռաբլուրի եկեղեցին բիզնեսի կենտրոնի է վերածվել. «Սկսեցին ոչ միայն մոմ վաճառել, այլեւ այն դարձրել են կնունքների եւ մահացած մարդկանց եկեղեցու. մի շաբաթվա մեջ արդեն 4-րդ դիակն են բերում, մայրերի եկեղեցով՝ փող աշխատում: Ցավալին այն է, որ այդ եկեղեցի են այցելում Հայաստանի բոլոր դպրոցների, մանկապարտեզների երեխաները, դրսից եկած ժողովուրդը, գալիս են, որ մո՞մ վառեն, թե՞ այնտեղ հանդիպեն դիակի: Մի՞թե Հայաստանում չկա այլ եկեղեցի, չէ՞ որ այն ուխտատեղի է…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել