Ե՞րբ է գալու ակադեմիական «մաֆիայից» ձերբազատվելու պահը
Երկու տասնամյակ շարունակ խորհրդային կանոնակարգով կազմավորված եւ երկրորդական դասի գիտնականներ համարվող ակադեմիկոսները շարունակում են անպատիժ ձեւով ավերել գիտությունը Հայաստանում: Նման ազգային դավաճանությունը ոչ միայն դուրս է մնացել իշխանությունների վերահսկողությունից, այլեւ ստեղծված է նրանց համար «ջերմոցային» պայմաններ ապահովող օրենսդրական դաշտ: Հայաստանում 65 տարին լրացած անձը չի կարող ղեկավարել գիտական լաբորատորիա կամ ամբիոն, բայց գիտությունից օտարված, զառամյալ եւ նույնիսկ հոգեկան խանգարում ստացած ակադեմիկոսը կարող է ցմահ վարձատրությամբ որոշել երկրի գիտության ճակատագիրը: Ցավոք, մեր հարկատուները հիշում են ակադեմիկոսների անբարոյականությունների մասին միայն ԳԱԱ ընտրություններից ընտրություն, իսկ իշխանությունները մխիթարվում են չկայացած գիտնական-ակադեմիկոսների թվի բազմապատկմամբ, առանց որեւէ անգամ ուսումնասիրման առարկա դարձնելով այդ ընտրությունների օրինականությունը: Չէ՞ որ յուրաքանչյուր նոր չկայացած ակադեմիկոսը կամ թղթակից անդամը ոչ միայն բեռ է պետական բյուջեի, այլեւ ազգային չարիք է մեր երկրի քաղաքակիրթ ապագայի համար: Այսօր մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան Արամ Շահինյանի եւ այլոց ակադեմիկոս ընտրվելու կապակցությամբ, սակայն դրանք առայժմ անարձագանք են:
Հիշեցնենք, որ գիտական շառլատանության պատճառով լաբորատորիայի վարիչի եւ ավագ գիտաշխատողի պաշտոնից զրկված նույն Արամ Շահինյանը ժամանակին նշանակվել է ԿԳՆ փոխնախարար, որտեղ նա դարձել է կրկնակի գիտությունների դոկտոր, հետագայում՝ ԳԱԱ անօրինականությամբ ստեղծված «Միջազգային գիտաուսումնական կենտրոնի» տնօրեն, ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար: Այժմ էլ այդ բազմապրոֆիլ (ֆիզիկոս-քիմիկոսը եւ այլն) գիտնականը դասավանդում է ԵՊՀ-ում՝ կենսաինֆորմատիկա առարկայի հետ կապ չունենալով: Պարոն Ա. Շահինյանը իր տեսակի մեջ միակը չէ: Ակադեմիկոսներ Յու. Ալեքսանյանի, Մ. Դավթյանի, Լ. Օսիպյանի, Կ. Պողոսյանի, Ժ. Հակոբյանի եւ շատ ուրիշների անունները ընդհանրապես բացակայում են ինտերնետային ցանցում՝ որպես գիտնականներ: Նման ամոթալի վիճակի տիպիկ օրինակ է հանդիսանում ԳԱԱ բնական գիտությունների բաժանմունքը, որի անդամների գերակշռող մեծամասնությունը՝ նրա ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանի ղեկավարությամբ, ունի զրոյական միջազգային գիտական վարկանիշներ: Բաժանմունք, որտեղ տարիներ շարունակ գիտության բոլոր հարցերը լուծվում են «գողական» սկզբունքով: Բնագավառների (կենսատեխնոլոգիա, կենսաֆիզիկա, մոլեկուլյար կենսաբանություն, քիմիա եւ այլն) ակադեմիական տիտղոսներ է շնորհվում նույնիսկ այդ բնագավառներում համալսարանական կրթություն չունեցողներին, իսկ բաժանմունքի ակադեմիկոս- քարտուղար Վիլեն Հակոբյանը, որին իր՝ նախկինում ղեկավարած Բժշկական համալսարանում նույնիսկ չեն վստահում գիտական խումբ, իր կյանքի 8-րդ տասնամյակում որոշել է կենսաքիմիկոս դառնալ եւ ԳԱԱ կենսաքիմիայի ինստիտուտում խմբի ղեկավար է կնքվել: Հուսանք, որ ԳԱԱ-ն ստուգող ՀՀ Վերահսկիչ պալատը կբացահայտի նրա խմբի «գիտական» հաջողությունները: Իսկ թե ինչպես են մեր ակադեմիկոսները ավերում իրենց իսկ ղեկավարած ուղղությունները, բավական է պարզել, թե այդ զառամյալ տարիքի ակադեմիկոսներից քանիսն են տվյալ մասնագիտություններով իրենց փոխարինող ակադեմիկոսներ կամ թղթակից անդամներ «աճեցրել»: Խորհրդային միությունում ֆիզիոլոգիան համարվում էր հայկական գիտություն: Հիշենք Լ. Օրբելու, Է. Հասրաթյանի, Խ. Կոշտոյանցի, Ա. Քարամյանի եւ հայաստանյան գիտնականներ Վ. Ֆանարջյանի եւ Ժ. Բակլավաջյանի անունները: Այսօր ԳԱԱ համակարգում ունենք մեկ ֆիզիոլոգ թղթակից անդամ, որի գիտական մակարդակը մասնագետների մեջ միայն թախծոտ ժպիտ է առաջացնում: Նա ընտրվել է միայն այն պատճառով, քանի որ հանդիսանում է նախկին բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղարի փեսան եւ փոխնախագահի կնոջ եղբայրը: Բերենք եւս մեկ օրինակ: Տարիներ շարունակ ԳԱԱ-ում գործում են երեք՝ 84, 82, 77 տարեկան կենսաքիմիկոս ակադեմիկոսներ, սակայն մինչ օրս նրանցից ոչ մեկը չի պատրաստել գոնե մեկական թղթակից անդամ՝ իրեն փոխարինելու համար: Արդյո՞ք «մեզանից հետո թեկուզ ջրհեղեղ» կարգախոսով ղեկավարվող մեր ակադեմիկոսների համատարած գիտական ամլությունը չի հուշում իշխանություններին, որ պետք չէ բազմապատկել նրանց թիվը, քանզի հենց նրանք են գիտության ավերիչները:
ՀՀ ԿԳՆ բժշկակենսաբանական միջազգային հետբուհական ուսումնական կենտրոնի հիմնադիր, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր