Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՍԽԱԼԸ

Փետրվար 16,2011 00:00

Արցախյան պատերազմը, ըստ նախկին ազատամարտիկի, ազգային-ազատագրական չէր, այլ՝ ինքնապաշտպանական

\"\"1992 թվականի փետրվարի 25-26-ին Խոջալուի դեպքերի հերթական տարելիցն է: Այդ առիթով ադրբեջանական լրատվամիջոցներն արդեն իսկ ողողված են հակահայկական հրապարակումներով: Ի սկզբանե եւ այս տարիների ընթացքում ծավալած քարոզչության արդյունքում ադրբեջանական կողմը փորձեց այդ իրադարձությունները ներկայացնել իբրեւ «հայերի կողմից իրականացված ցեղասպանություն»: Հանուն արդարության պետք է նշել, որ Ադրբեջանին հոջողվեց ի լուր աշխարհի իրադրությունը ներկայացնել ըստ իր կամեցողության: Դրա պատճառն Ադրբեջանի ագրեսիվ պետական քաղաքականությունն էր քարոզչական ոլորտում: Ադրբեջանն ի սկզբանե նախահարձակ եղավ, մինչդեռ հայկական կողմն այդպես էլ դասեր չքաղեց իր հակառակորդի պահվածքից՝ նաեւ այս ոլորտում:

Հայկական աղբյուրների պնդմամբ, իրականում Խոջալուի ջարդերը հրահրվել են ադրբեջանական ուժերի կողմից, իսկ զոհվել են նախօրոք իրենց կամքին հակառակ Խոջալուում բնակեցված թուրք-մեսխեթները: Այն, որ Խոջալուի դեպքերը ադրբեջանական քարոզչությունը ներկայացրեց որպես հայերի կողմից իրականացրած ցեղասպանություն, արցախյան ազատամարտի մասնակից, դեպքերի ականատես Արամ Մանուչարյանը համարում է հայկական դիվանագիտության մեծ սխալը: «Այս տարիների ընթացքում մեր դիվանագետները ջանք չխնայեցին ապացուցելու, որ արցախյան կռիվն ազգային-ազատագրական բնույթ ուներ: Իրականում արցախյան պատերազմը երկրորդ Սարդարապատն էր: Դա ինքնապաշտպանություն էր, որի արդյունքում տեղի ունեցավ այն ամենը, ինչ անվանվում է ազգային-ազատագրական պայքար»,- ասում է մեր զրուցակիցը՝ համոզված, որ եթե հայկական դիվանագիտական միտքը փայլեր ոչ թե իր երեւակայությամբ, այլ ընդամենը իրերն իրենց անուններով կոչելու համար պայքարեր, ամեն ինչ իր տեղում կլիներ:

Մինչդեռ, արդյունքում, ըստ նրա, այն ռեժիմը, որն այսօր զավթել է Արեւմտյան մերձկասպիայի տարածքը եւ թալանում է այնտեղ ապրող ժողովուրդներին, այդ թվում նաեւ ադրբեջանցիներին, Թուրքիայի ազդեցության շնորհիվ եւ մեր դիվանագիտության մեղքով Հայաստանին հռչակեց ագրեսոր: «Նման բան չի կարող լինել, ինքնապաշտպանության գնացող կողմը ցեղասպանություն չի կարող իրականացնել, իսկ հայերին այդ պատերազմը պարտադրվեց, այդ պատերազմում հայերն ինքնապաշտպանական մարտեր էին վարում»,- ասում է մեր զրուցակիցը: Արամ Մանուչարյանն աշխարհին կոչ է անում գեթ մեկ անգամ նայել ճշմարտության աչքերին. «Ադրբեջանցիները քանիցս հայտարարություններ են արել, որ Ստեփանակերտը 100 օրերի ընթացքում գնդակոծվում էր Շուշիից, Խոջալուից, Մալիբելուից: Այդ 100 օրվա ընթացքում, իբրեւ ականատես կարող եմ վկայել, որ օրական 2-3 զոհ էինք ունենում: 100 օրերի ընթացքում խաղաղ բնակչությունից 200-300 հոգի մարդ զոհվեց, իսկ այն, ինչ կատարվեց Խոջալուում՝ ուղղակի, այսպես ասած, կրակակետերի լռեցում էր. ու եղավ այն, ինչը եղավ: Ամենասարսափելին եւ զարհուրելին այն էր, որ ամբողջ Խոջալուն լցված էր մեսխեթցի թուրքերով: Կային ադրբեջանի ազգային ճակատի զինյալներ, որոնց թիվը չէր գերազանցում 100-ը: Մնացյալ բնակչությունը, բացի մեսխեթցի թուրքերից, Խոջալուում չէր: Այսինքն՝ այս ամենը վառ ապացույցն էր այն ազգատյաց քաղաքականության, որը վարում է թուրքական ռեժիմը: Իսկ այն նկարները, որոնցով հեղեղել են համացանցը, գրքեր են տպագրում եւ այլն, դրանք բոլորն արված են Աղդամի մատույցներում: Ասկերանի սահմանից մոտ 3-4 կիլոմետր այն կողմ: Հազիվ թե մենք հնարավորություն ունենայինք այնտեղ հասնելու եւ մարդ սպանելու, որովհետեւ հետ գալն ավելի դժվար կլիներ: Ուստի հայերի կողմից Խոջալուում իրականացված ցեղասպանության թեման անիմաստ է դառնում»: Նրա համոզմամբ, այս ամենն արդյունք է 1915 թվականի ցեղասպանությունը կասկածի տակ դնելու: «Խոջալուի դեպքերը Թուրքիայի ձեռագիրն են, որը որպես քաղաքականություն որդեգրել է Ադրբեջանի գործող ռեժիմը եւ այդ երկիրը հորջորջում է առաջադեմ պետություն: Իրականում Ադրբեջանը թուրքական քաղաքականությունը վարող մի սուբյեկտ է, ուրիշ ոչինչ»,- վստահ է Արամ Մանուչարյանը եւ իբրեւ լուծում առաջարկում է նախեւառաջ արցախյան խնդրին նոր որակում տալ՝ ինքնապաշտպանական: Հաջորդ քայլով գտնում է, որ մենք պետք է կարողանանք դիվանագիտական այնպիսի գործընթացների մեջ մտնել, որ կարողանանք ձեւավորել Նոր Ադրբեջան, որի պարագայում միայն տարածաշրջանում կարող է կայունություն եւ խաղաղություն լինել: Իսկ թե ի՞նչ ասել է «Նոր Ադրբեջան», պարզաբանում է.«Ազատվել թուրքական ռեժիմի իշխանությունից, այդ կայսրությունից: Դա իր մեջ մեծ վտանգ է պարունակում թե իսլամական աշխարհի համար, թե այդ կայսրությունում բնակվող ժողովուրդների: Մի պետություն, որտեղ գոյություն ունեն 10-ից ավելի ազգություններ, որոնք չունեն ոչ մի տեսակի ինքնորոշման իրավունք, պետք է կարողանանք այդ պետությունն այնպես ձեւավորել, որ Մերձկասպիայի տարածաշրջանում նոր կոնֆեդերացիա առաջանա: Այսինքն՝ յուրաքանչյուր ազգ կարողանա ունենալ իր ինքնորոշման իրավունքը եւ այն գումարները եւ այն ամենը՝ ինչ որ թալանվել է այդ ժողովուրդներից, պետք է տերերին վերադարձվի: Ադրբեջանահայերի լիազոր մարմին կոմիտեն պահանջատեր է Ադրբեջանից. մենք պահանջելու ենք միջազգային հետաքննություն, որի միջոցով կպարզվեն բոլոր այն հանցագործությունները, որոնք կատարվել են ադրբեջանահայության եւ ընդհանրապես Ադրբեջանում բնակվող ազգային փոքրամասնությունների հանդեպ, ինչպես նաեւ հենց ադրբեջանցի դիսիդենտների, ովքեր դեմ են եղել բոլոր վայրագություններին: Եվրոպական այն պաշտոնյաները, ովքեր սիրում են խոսել Ադրբեջանն ավելի դեմոկրատ դարձնելու մասին, ադրբեջանահայերի եւ նշյալ կոմիտեի օգնությամբ՝ փայլուն տարբերակ ունեն խոսքը գործի վերածելու: Մեր պատկերացմամբ, միակ ձեւն իրերն իրենց անուններով կոչելն է՝ Ադրբեջանը սարքել Արեւմտյան մերձկասպիայի տարածք, որտեղ կբնակվեն տարբեր տեղացի ժողովուրդներ եւ այդ տարածքն ազատել Թուրքիայի տիրապետությունից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել