Ոստիկանները չորս ժամ «գերեվարել» էին վարորդներին
Ձյունն ու ցուրտ եղանակը խոչընդոտ չէին, որ վրացական պետհամարանիշներով ավտոմեքենաների վարորդները կրկին բողոքի ակցիա կազմակերպեին Վանաձորում՝ այս անգամ Շարլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի հարեւանությամբ: Փոխարենը վարորդներին խոչընդոտում էին ճանապարհային ոստիկաններն ու Լոռու մարզի ոստիկանության վարչության աշխատակիցները՝ քաղաքացիական հագուստով ոստիկանները մեկ-մեկ մոտենալով վարորդներին՝ սպառնում ու ահաբեկում էին, թե չհեռանալու դեպքում կենթարկվեն պատասխանատվության. «Տղայիս տարել են ոստիկանները, ինձ էլ զանգել են, հերթով զանգում ու տանում են, որ մի օր ինձ տանեն, զանգելու եմ ձեզ ասեմ»,- լրագրողներին դիմեց պարոն Համբարձումը: Ոստիկանության աշխատակիցները երթը ցրելը պարզաբանում էին հասարակական կարգի խախտմամբ: «Էս վատ եղանակին փողոց են մտնում, մեկին որ մի բան եղավ՝ մենք ենք պատասխան տալու»,- առանց ներկայանալու՝ մեկնաբանեց ոստիկանության աշխատակիցներից մեկը:
Վարորդների մի մասը վախից թողեց հրապարակը, հետո վերադարձավ՝ հետիոտն՝ առանց մեքենայի: «Էս երկրում ավտոմեքենա ունենալն արգելվում է, ավտոմեքենա ունես, ուրեմն լավ ես ապրում, ուրեմն փող ունես, էս տրամաբանությամբ են շարժվում մեր երկրի տերերը, վերջին կոպեկն ուզում են խլել»,- նկատեց մի վարորդ:
«Վերեւները» երեւի տեղեկացան, որ խաղաղ բողոքի ակցիան չի ցրվում, եւ ձյուն մաքրող տեխնիկան, որ երբեւէ չէր մաքրել հրապարակի հարակից տարածքը, սկսեց մաքրել ձյունը՝ երթի մասնակիցներին հրելով դեպի եզրեր:
Բողոքող վարորդներին են միացել «Ժառանգություն» կուսակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Ստեփան Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը: Ոստիկանների ոչ այնքան բարեկիրթ գործողություններից հետո նրանք փորձել են ահազանգել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, սակայն չեն կարողացել նրա հետ խոսել: Պատգամավորները անձամբ էին ուզում պահանջագիրը հանձնել Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին, սակայն մարզպետարանի մուտքի մոտ էլ նրանց խոչընդոտեց անվտանգության աշխատակիցը, ապա տեղեկացրեց, որ մարզպետը տեղում չէ: Հավաքվածները անվտանգության աշխատակցին հետ մղելով՝ մտան մարզպետարանի շենք եւ հանդիպեցին փոխմարզպետ Արսեն Դարբինյանին. «Ձեր պահանջն անպայման հաշվի կառնվի, ժամկետներն ու գները կվերանայվեն, ցածր տոկոսադրույքով վարկեր կտրամադրվեն, թեկուզ ոչ պաշտոնական հավաստիացնում եմ ձեզ»,- ասաց Լոռու փոխմարզպետը: Այդ պահին, երբ փոխմարզպետը պնդում էր, որ մարզպետը տեղում չէ, մարզպետի ծառայողական մեքենան ու վարորդը սպասում էին մուտքի մոտ:
Վրացական գրանցում ունեցող գյումրեցի վարորդները երեկ ավտոերթով շարժվելու էին դեպի Վանաձոր՝ միանալու իրենց վանաձորցի «բախտակիցների» կազմակերպած բողոքի ցույցին: Սակայն, ինչպես «Առավոտին» տեղեկացրեց Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանը, հայրենի իրավապահները՝ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի տեղակալի, Ախուրյանի տխրահռչակ ոստիկանապետ Վահրամ Ենգոյանի, ճանապարհային ոստիկանության աշխատակիցների գլխավորությամբ ջանք- եռանդ չեն խնայել վարորդների ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանափակելու համար: Ոստիկանները Ջաջուռ գյուղ մոտ չորս ժամ շարունակ արգելել են վարորդներին տեղաշարժվել՝ պատճառաբանելով, թե ճանապարհները սառցակալված են, անանցանելի եւ իրենք իբր շատ մտահոգված են վարորդների անվտանգությամբ: Լեւոն Բարսեղյանի տեղեկացնելով, ինքը ահազանգել է Երեւանի ոստիկանություն, սակայն իր հայտարարությունը ընդունել են միայն երրորդ զանգից: Այստեղից եւս պնդել են, թե մտածում են վարորդների անվտագության մասին: «Իսկ ինչո՞ւ Ջաջուռ մտնող մյուս վարորդների անվտանգության մասին չեք մտածում, ինչո՞ւ են ճանապարհները անանցանելի միայն վրացական պետհամարանիշ ունեցող վարորդների համար»,- հարցրել է «Ասպարեզ» ակումբի նախագահը: Իսկ վարորդներին ի վերջո հաջողվել է հասնել Վանաձոր: Խոչընդոտներ են հարուցվել նաեւ Տաշիրից եւ Ստեփանավանից Վանաձոր ուղեւորված մեքենաների համար:
Ակցիան շարունակվեց մինչեւ երեկո: Իսկ «Ժառանգություն» կուսակցությունը հայտարարեց, որ «խստորեն դատապարտում է ոստիկանության հակասահմանադրական գործելաոճը եւ պահանջում ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանից՝ վերջիններիս պատասխանատվության կանչել»:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ է փորձել Ախուրյանի ոստիկանության բաժնի պետի տեղակալ, փոխգնդապետ Գալստյանին բացատրել, որ վրացական պետհամարանիշներ ունեցող մեքենաների երթեւեկին խանգարելը հակաօրինական է: Գալստյանը ասել է, որ հրաման ունի եւ պատրաստ է պատասխանատվություն կրել իր գործողությունների համար: