Սյունիքում որոշել են պայքարել հանուն անտառի եւ անտառի կենդանիների, արդյունքում, սակայն, մարդիկ իրենց այգում պտղատու ծառերն են կտրում կամ հեռանում են գյուղերից:
2010 թվականի դեկտեմբերին Սյունիքի մարզի Գեղի գյուղի մատույցներում արձանագրված ապօրինի ծառահատման 2 դեպքն իսկական գլխացավանք է դարձել գյուղի բնակիչների համար: Ծառահատողներին բացահայտելու համար գործով զբաղվող պատասխանատուները վերջերս այցելել են գյուղ եւ ուսումնասիրելով մարդկանց փայտանոցներում եղած փայտի պաշարը, սկսել են ակտեր կազմել: Այժմ գյուղում վախի մթնոլորտ է, գյուղացիները այս դեպքի մասին խուսափում են շատ բարձրաձայնել, մտածելով, որ իրենց էլ, ձեռքի հետ՝ իրենց հարեւաններին էլ, կմեղադրեն անօրինական ծառահատումներ կատարելու մեջ: Թերեւս հենց այս պատճառով բնակիչները մեզ հետ կիսվեցին՝ խնդրելով ավելորդ քաշքշուկից զերծ պահելու համար չնշել իրենց անունները: «Վերջերս մի խումբ մարդիկ մտել են գյուղ՝ ոստիկաններ, բնապահպաններ, անտառտնտեսության աշխատողներ: Մտել են մեր գյուղացոց հայաթները, ավտոտնակները, նկուղները բացել ու սկսել փայտը չափել ու հարցուփորձ անել, թե քեզ շտեղանա էդ փայտը՝ անտառի՞ց ես կտրել, թե՞ գնել ես, եթե առած է՝ չեկ ցույց տուր: Մի դրանց հարցնող լինի՝ գյուղացին շատ գիտե՞ր, որ նման բան է լինելու, որ առնելուց չեկը երկալեր: Մարդ կա, որ վախից ասել է, թե անտառից է կտրել: Մի երեք հոգու վրա ակտ են գրել ու 10 օրը մեկ գալիս չափում են, թե հինչքանըն է վառած»,- ասում են գյուղի բնակիչները:
Գյուղացիները նշում են, որ վերջին 20 տարվա մեջ սա առաջին դեպքն է, որ պետական կառույցների ներկայացուցիչները մտնում են գյուղ եւ մարդկանց մեղադրում անտառից օգտվելու համար: Գեղին սահմանամերձ գյուղ է, այստեղ 70 տնտեսություն կա՝ 230-240 բնակչով: Գյուղը գազիֆիկացված չէ, թեեւ Գեղիի վարչական տարածքով է անցնում Իրան-Հայաստան գազատարի 29 կմ հատվածը: Բնակիչներն իրենց տները փայտե վառարաններով են տաքացնում՝ այլ ելք չունենալով, քանի որ գյուղի մեծ տները էլեկտրաէներգիայով ջեռուցելը գյուղացու գրպաններին հարմար չէ:
Վերջին «ստուգայցերից» հուսահատված ու վախեցած գյուղացիները ստիպված իրենց այգու պտղատու ծառերն են կտրում-վառում՝ տունը ջեռուցում, ասում են՝ այլ ելք չեն թողել իրենց: «Բա ինչ անենք, թողնենք երեխեքը մրսեն, հա՞: Ո՛չ գազ ունենք, ո՛չ թողնում են ծառ կտրես: Սահմանամերձ գյուղ է, գոնե էդքանը պիտի հաշվի առնի պետությունը, մեզ համար արտոնություններ սահմանի: Էնպես են անում, որ մարդիկ հուսահատվում են, հոգնում են էս ամեն ինչից, թողնում-փախչում են գյուղերից: Հետո էլ պաշտոնյաները գյուղի զարգացման մասին են խոսում»,- բարկացած պատմում է Գեղիի բնակչուհին:
Փորձեցինք Կապանի անտառտնտեսությունից պարզաբանում ստանալ կատարվածի վերաբերյալ: Մեզ հետ ունեցած զրույցում Կապանի անտառտնտեսության պետ Վոլոդյա Միրզոյանը նշեց, որ 2010-ի դեկտեմբերին իրենց աշխատակիցը շրջայցի ժամանակ ապօրինի հատված 2 ծառ է հայտնաբերել, դեպքը արձանագրվել է որպես անհայտ անձի կողմից կատարված անտառհատում: Նյութերն ուղարկվել են ոստիկանության Կապանի բաժին՝ ծառահատում իրականացնողներին բացահայտելու համար: «Եթե փայտանոցում 20 խմ փայտ ունի բնակիչը, ո՛չ փատաթուղթ ունի, թե որտեղից է գնել, ո՛չ էլ տարածաշրջանից որեւէ մեկը մեզ դիմել է թափուկի համար, ո՛չ էլ պայմանագիր ունի մեզ հետ հատատեղի համար, ուրեմն անտառից է օգտվում: Մեր մասնագետները մինչեւ աշուն տարածաշրջանի որոշ գյուղերում հանդիպումներ են ունեցել գյուղաբնակների հետ, ներկայացրել կանոնները, եթե վառելափայտ էին ցանկանում, հատատեղն էին որոշում, մեր իմացության շրջանակներում պետք է վառելափայտ ստանային: Կապանի Վաչագան, Շղարշիկ, Սրաշեն, Առաջաձոր բնակավայրերի բնակիչները օգտվել են: Գեղիում ոչ մեկը թափուկի կտրոն չունի: Թափուկի 1 խմ-ն 1500 դրամ է, իսկ ծառը՝ 4300 դրամ, ապօրինի ծառահատման դեպքում տուգանքի չափը 6-60 հազար դրամ»,- ասում է Կապանի անտառտնտեսության մասնաճյուղի տնօրեն Վոլոդյա Միրզոյանը:
Գեղիի բնակիչները հավաստիացնում են, որ իրենց գյուղում նման հանդիպումներ չեն կազմակերպվել, եւ անտառից օգտվելու կարգին իրենց չեն ծանոթացրել, ուստի այս ամենում մեղքի ամենամեծ բաժինը անտառտնտեսությանն է: «Առանց բնակիչներին անտառից օգտվելու կարգը բացատրելու՝ եկել ակտ են գրում: Ընդհանուր 36 խմ փայտը, որ արձանագրել են, թե 70 տնտեսության մեջ բաժանում ես, ապա մեկ տանը 10 խմ փայտ էլ չի հասնում: Մենք չենք հրաժարվում փող տալուց, բայց գոնե անտառտնտեսության աշխատակիցները տարվա ընթացքում գային գյուղացիներին բացատրեին, ծառերի տեղերը նշեին, էս մարդիկ գնային կտրեին թույլատրելի սահմաններում: Ասում են, թե թափուկի համար կտրոն չունի գյուղացին, պայմանագիր չկա կապած մեզ հետ եւ այլն: Եթե գյուղի բնակչին չեն եկել բացատրել, իրազեկել, որտեղի՞ց պիտի իմանա էս գյուղի ապրողը էդ ամեն ինչի մասին: Իրենք իրավունք ունեն դեպքի վայրում բռնեն ու ակտ գրեն, ոչ թե գան փայտանոցում ակտ գրեն: Կարող է էդ մարդը հեռու մի տեղից փայտ է առել ու չեկ չի վերցրել, պիտի հիմա տուգանե՞ն: Իբր դա հերիք չի, ասում են՝ ինչի՞ ես կաղնու ծառ կտրել, բա վայրի խոզը ի՞նչ է ուտելու: Ուրեմն իրենք թքած ունեն մարդկանց վրա, որ սառում են, բայց մտածում են, որ վայրի խոզը սոված կմնա»,- խիստ վրդովված պատմում են մեր զրուցակիցները:
Գեղիի գյուղապետ Վասիլ Գրիգորյանը ձեռքերը ծալած չի նստել եւ փորձել է անտառտնտեսության հետ քննարկել հարցը: Վասիլ Գրիգորյանի համոզմամբ՝ հատված ծառերի տեղն ամենեւին էլ չի համընկնում անտառտնտեսության մատնանշած տարածքի հետ: Գեղիի անտառները մեծամասամբ թփուտներից են կազմված, ինչը նշանակում է, որ նման ծառեր հնարավոր չի, որ գյուղացիներն այդ տարածքից կտրած լինեն: «Քարտեզով նայում եմ, որտեղ իրենք ապօրինի ծառահատման տեղ են նշել, ակտ են գրանցել՝ դա մեր համայնքային սեփականության տարածքում է, ոչ թե անտառտնտեսության»,- նշում է Վասիլ Գրիգորյանը:
Բազմիցս ենք գրել, որ Սյունիքի գյուղերը դատարկվում են, դատարկվել են այնքան, որ վիճակը սպառնում է մեր ազգային անվտանգությանը: Իսկ գյուղապետը ասաց նաեւ, որ չորս ընտանիք էս վերջին դեպքերից հետո թողել-գնացել է գյուղից, որովհետեւ տաքանալու միջոց՝ փայտ չունեին վառելու: