Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայ Դատի թուրք պաշտպանը

Փետրվար 16,2011 00:00

Հրատարակիչ եւ իրավապաշտպան Ռագըպ Զարաքոլուն պարգեւատրվեց «Հակոբ Մեղապարտի» հուշամեդալով

\"\"Երեկ Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ հանդիպում թուրք հրատարակիչ, իրավապաշտպան, «Բելգե» հրատարակչության տնօրեն Ռագըպ Զարաքոլուի հետ: Սա նրա երրորդ այցն է Հայաստան. առաջին անգամ այստեղ եղել է տասներկու տարի առաջ՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կազմակերպած գիտաժողովին: Նա Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից է, ինչի համար բազմիցս հետապնդումների է ենթարկվել թուրք իշխանության կողմից: Գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը հայտնեց, որ Ռ. Զարաքոլուի ղեկավարած հրատարակչությունը տպագրել է Վերժինե Սվազլյանի «Հայոց ցեղասպանությունն ու հավաքական հիշողությունը», պրոֆեսոր Վահագն Տատրյանի «Հայոց ցեղասպանությունը եռյակ դաշինքի պետական արխիվային վավերագրերում», Փիթըր Բալաքյանի՝ «Ճակատագրի սեւ շունը» գրքերը, որոնք նվիրված են 1915թ. Հայոց ցեղասպանությանը: Թուրքական դատարանը հինգ ամսվա ազատազրկման է դատապարտել Ռ. Զարաքոլուին՝ Ջորջ Ջերջյանի Հայոց ցեղասպանությանը նվիրված «Ճշմարտությունը մեզ կազատագրի» գիրքը թուրքերեն տպագրելու համար: Ստամբուլի դատարանում նրա դեմ՝ պետությանը եւ Աթաթուրքի հիշատակը վիրավորելու մեղադրանքներով, դատական գործ էր սկսվել դեռեւս հինգ տարի առաջ: 2008թ. դատարանը Զարաքոլուին անպարտ է ճանաչել «Աթաթուրքի հիշատակը վիրավորելու» մեղադրանքում եւ դատապարտել միայն «պետությանը հրապարակավ վիրավորելու» համար: Դ. Սարգսյանը ասաց, որ 2010թ. հոկտեմբերին թուրք մտավորականն այցելել է Հայաստանի ազգային գրադարան ու իր հրատարակած գրքերից՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, 26 անուն նվիրել գրադարանին: Դրանց թվում էր երկլեզվյա (հայերեն եւ թուրքերեն) վերահրատարակված Թեոդիկի «Յուշարձան ապրիլ տասնմեկի» գիրքը, որի առաջին տպագրությունն իրականացվել է 1919թ.՝ Կ. Պոլսում: Մարդու իրավունքների եւ Հայ Դատի պաշտպանության, Հայոց ցեղասպանության եւ մարդկության դեմ կատարած ցեղասպանությունների դատապարտման, հումանիտար արժեքներին հավատարմության համար ՀԱԳ տնօրենը Ռ. Զարաքոլուին երեկ հանձնեց «Հակոբ Մեղապարտ» հուշամեդալ, Ազգային գրադարանի շնորհակալագիր, ինչպես նաեւ Արցախի միջնադարյան արվեստի մասին պատմող գրքեր: Թուրք իրավապաշտպանն ասաց, որ իր համար մեծ պատիվ է ստանալ նման պարգեւ, որին, իր իսկ խոսքերով, առայժմ արժանի չէ, քանի որ դեռ շատ անելիք ունի: Ռ. Զարաքոլուն ասաց նաեւ, որ պարգեւը պատկանում է արդարության եւ ճշմարտության համար սպանված գործընկերներին եւ ուսուցչին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել