Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՔԱՂՑԿԵՂՈՎ ՉԵՆ ՎԱՐԱԿՎՈՒՄ

Փետրվար 16,2011 00:00

Ասում են՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Հայրապետ Գալստյանը կանանց դեմքին նայելով էլ կարողանում է ախտորոշել՝ նրանց մոտ կրծքի քաղցկեղ կա՞, թե՝ ոչ: Երեկ «Առավոտը» փորձեց մասնագետից պարզել՝ իսկապե՞ս այդպես է, եւ կա՞ն, արդյոք, արտաքին նախանշաններ, որոնցով ուռուցքաբանները կարողանում են նախնական ախտորոշում կատարել: Մեր հարցին Հ. Գալստյանը պատասխանեց. «Ես կնոջ դեմքին նայելով չեմ կարող նրա կրծքի մասին պատկերացում կազմել: Քաղցկեղն ախտորոշելու համար հետազոտություն պետք է անցնել: Կրծքի ուռուցքը մեծամասամբ ցավ չի առաջացնում»:

Երեկ Երեխաների քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն էր, ինչի առթիվ էլ պարոն Գալստյանն ու կենտրոնի մանկական ուռուցքաբանության վարիչ Գրիգորի Բադալյանը հրավիրել էին ասուլիս: Ըստ նրանց, երեխաների ուռուցքներն էականորեն տարբերվում են մեծերի մոտ հանդիպող ուռուցքներից: Հ. Գալստյանի խոսքերով, երեխաների ուռուցքներն աճում են ամիսների ընթացքում. «Մեր երկրի քաղցկեղով հիվանդ երեխաների 65%-ը համապատասխան բուժումից հետո լիովին առողջանում է, քանի որ մանուկների ուռուցքներն ավելի զգայուն են եւ դեղորայքային բուժումը նրանց վրա ավելի ազդեցիկ է լինում»: Պարոն Բադալյանն էլ ավելացրեց, որ քաղցկեղը ժառանգաբար փոխանցվող հիվանդություն չէ. «Միայն աչքի քաղցկեղը կարող է փոխանցվել: Ինչպես նաեւ հնարավոր է, որ ընկերքի միջոցով քաղցկեղածին բջիջներն անցնեն նոր ծնված երեխային»: Ինչ վերաբերում է քաղցկեղի՝ ժողովրդական մեթոդներով բուժմանը, ապա Հ. Գալստյանը դրանց դեմ է. «Դրանք ոչ արդյունավետ մեթոդներ են: Ոչ մի օգուտ չեն տալիս, այլ ընդամենը երկարացնում են բժիշկի մոտ գալու ճանապարհը: Պետք չէ այդ հեքիմներին, բուսաբույժներին ու շառլատաններին վստահել»: Մեր այն հարցին՝ կենցաղային շփումների արդյունքում հնարավո՞ր է քաղցկեղով վարակվել, պարոն Գալստյանը պատասխանեց. «Դա ավելի շատ հոգեբանական մտավախություն է: Մեր պրակտիկայում նման դեպքի չենք հանդիպել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել