Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Քաղաքապե՞տն է խփում «Սինանսի» բիզնեսին

Փետրվար 16,2011 00:00

Թե՞ «Սինանսը»՝ քաղաքապետի

Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շրջափակել է «Սինանս» ՍՊԸ-ին պատկանող խանութի ելումուտը, քանի որ այն «պատահաբար» հայտնվել է իր շքեղ հյուրանոցի ու խանութների արանքում: Այս մասին օրերս ՍՊԸ-ի փաստաբան Հովհաննես Հարությունյանը մանրամասնորեն խոսեց Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում: Ըստ նրա, Գյումրիի քաղաքապետը աճուրդով ապօրինաբար վաճառել է «Սինանսի» սեփականաշնորհված խանութի դիմաց գտնվող 24 քմ հողը՝ այսպիսով փակելով սպասարկման օբյեկտի ելումուտը. «Քաղաքապետը ամենաստորացուցիչ պայմաններն է առաջարկել իմ վստահորդին՝ նրա ձեռքից խանութը վերցնելու: ՍՊԸ-ին պատկանող հողը 300 քմ է, գործող խանութն էլ իրենով արժեք է, բայց այդ ամբողջ տարածքի համար իմ վստահորդին՝ ՍՊԸ-ի նախագահ Մկրտիչ Սինանյանին առաջարկվել է ընդամենը $10 000: Հետաքրքիրը գիտե՞ք որն է, 2007թ. մայիսին «Սինանս» ՍՊԸ-ն դիմում է քաղաքապետարան ու խնդրում խանութի դիմաց գտնվող 24 քմ հողը տրամադրել թեկուզ վարձակալությամբ կամ վաճառել, որ ՍՊԸ-ն կարողանա կառուցապատել, խանութի փոխարեն նոր շենք կառուցել կամ 2-րդ հարկ բարձրացնել, որպեսզի համապատասխանեցվի այն ճակատային մասի ճարտարապետական տեսքին, որն այդ տարածքում գոյություն ունի: Սակայն շուրջ 1 տարի այդ դիմումը մնում է անպատասխան, 2008թ. մայիսի 22-ին նորից ՍՊԸ-ն դիմում է այդ հարցով, այդ ժամանակ նոր միայն հայտնում են, թե աճուրդով վաճառվել է այդ հողատարածքը, գնորդն էլ Ռոբերտ Պետրոսյանն է, ինձ հասած տվյալների համաձայն՝ նա դրածո անձնավորություն է»: Նա վստահեցրեց, որ աճուրդը կազմակերպվել ու անցկացվել է Քաղաքացիական օրենսգրքի բազմաթիվ խախտումներով, այժմ էլ քաղաքապետարանը 2 մետր արանք է թողել ՍՊԸ-ին պատկանող գործող խանութի ու օտարված տարածքում կառուցվելիք երկհարկանի շենքի միջեւ՝ այսպիսով փակելով խանութի ճակատային մասը:

«Փաստորեն, կողքից անցնող մարդը նույնիսկ չի կարող ենթադրել, որ այդտեղ խանութ կա: Քանի որ գործը դատարանում է, նշանակվել է դատատեխնիկական-դատաշինարարական փորձաքննություն, կա փորձագետների եզրակացությունը այն մասին, որ շինությունների միջեւ հեռավորությունը պետք է լինի ամենաքիչը 6 մետր, իսկ տվյալ դեպքում շինարարական նորմերի ամենակոպիտ խախտումն է կատարվել: Այդ նույն փորձաքննությամբ տրվել է նաեւ եզրակացություն, որ քաղաքաշինական նորմերի հիման վրա, եթե այդ տարածքը եղել է «Սինանս» ՍՊԸ-ի սեփականություն հանդիսացող խանութի սպասարկման գոտի, ապա այն օտարելը եղել է օրենքով անթույլատրելի»,- ասաց փաստաբանը: Նա ակնարկեց, որ «Սինանսին» պատկանող խանութը գտնվում է Գյումրիի քաղաքապետի նորակառույց «Ալեքսանդրապոլ» հյուրանոցի ու նույն քաղաքապետի գերդաստանին պատկանող կենտրոնական Շահումյան փողոցի մի շարք խանութների արանքում: Այսինքն՝ ստացվում է, որ մի բան էլ ՍՊԸ-ն է խանգարում քաղաքապետի բիզնեսին: Գործը այս պահին էլ քննվում է դատարանում, այն 3 տարի է՝ տեղափոխվում է մի դատարանից մյուսը: «Առավոտի» այն հարցին, թե կա՞ն արդյոք անձնական հաշիվներ «Սինանս» ՍՊԸ-ի նախագահ Մկրտիչ Սինանյանի հետ, փաստաբանը համոզված է, որ քաղաքապետը ընդամենը հողակռիվ է տալիս: «Իր ամբողջ նպատակն այն է, որ «Սինանսը» կամ հարկադրված հեռանա Մայակովսկու փողոցից, կամ նվաստացուցիչ պայմաններով հարկադրված լինի սեփականաշնորհված խանութի հողատարածքը վաճառել քաղաքապետին, ի դեպ, խանութը ամրակցված հիմնական կառույց է, տաղավար չէ, ինչպես փորձում են ներկայացնել քաղաքապետարանում»,- ասաց փաստաբանը:

Այս առնչությամբ Գյումրիի քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն իր հերթին մեղավոր հանեց «Սինանս» ՍՊԸ-ին. «Ես ինչքան տեղյակ եմ, մենք միշտ «Սինանս» ՍՊԸ-ին ստիպել ենք, որ կիսամաշված, տվյալ տարածքի ճարտարապետական տեսքը աղճատող կառույցը քանդի եւ վերանորոգի, վերացնի, էսպես ասած, էդ խոլերանոցը: Դա ոչ թե հիմնական, այլ ժամանակավոր շինություն է, եւ դրա ժամկետները վաղուց սպառվել են: Եթե դուք հիշում եք, այդ տարածքում լրիվ նման կառույցներ էին, որոնք խառնիխուռն հայտնվել էին երկրաշարժից հետո, եւ դրանք բոլորը ժամանակավոր բնույթ ունեցող կառույցներ էին: Բոլորը կառուցեցին, բացի դրանից: Հողի նկատմամբ սեփականությունը, որի մասին ինքը ասում է, քաղաքապետարանը նման որոշում չի կայացրել, ես չգիտեմ, թե ինչ ճանապարհով է ինքը դարձել դրա սեփականատերը, դա հատուկ հայցի առարկա է, մենք երեւի դատարանում կքննարկենք նաեւ այդ հարցը»: «Սինանս» ՍՊԸ-ին պատկանող խանութի ելումուտը շրջափակելու մասին բողոքներին էլ ճարտարապետն այսպես արձագանքեց. «Եթե նման տրամաբանությանը հետեւենք, ուրեմն ցանկացած օբյեկտի տարածք մինչեւ Մասիս սար պիտի բաց լինի, որ ինքը աշխատի՞»: Նշենք, որ հողակռիվը «Կումայրի» արգելոցի պահպանման գոտու շուրջ է, որը, բնականաբար, շատերի ախորժակն է գրգռում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել