Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՓԼՎԱԾ ՏԱՆԸ ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐ ԵՆ ՄԵԾԱՆՈՒՄ

Փետրվար 16,2011 00:00

Սոցիալապես անապահով ընտանիքը տեղ չունի գնալու, իսկ իրենց տունը նորոգելու, ավելի ճիշտ՝ վերականգնելու համար էլ գումար չկա:

\"\"  \"\"

Գոհար Խաչատրյանն իր 4 անչափահաս երեխաների հետ ապրում է Կոնդ թաղամասի Ռուսթավելու փողոցի թիվ 3 կիսաքանդ տանը: Նրանց տունն ի սկզբանե ունեցել է 3 սենյակ, սակայն հիմա հնարավոր է ապրել միայն մեկում. մնացած 2 սենյակը, խոհանոցն ու սանհանգույցը փլված են: Հեռախոս ու խմելու ջուր չունեն: Որտեղ տեղադրված է լվացարանը՝ հնարավոր չէ խմելու ջուր վերցնել. հակահիգիենիկ պայմաններ են: Զուգարանն էլ վերջերս են վերակառուցել: Բազմազավակ կինն իր ուժերով փլված 2 պատի մասերը իրար վրա է շարել եւ երեխաներին պատսպարել տանիքի տակ:

Նրանք իրենց միակ բնակելի սենյակը ջեռուցում են փայտի վառարանով: Ձմռան ցրտերը դեռ չավարտված, վառելափայտը վերջացել է: Գոհարի ներկայացմամբ, եղբայրն է մի քանի կտոր փայտ բերել, որ երեխաները ցրտից չսառչեն. «Նա շինարարություն է անում, իրենց մոտ ինչ անպետք բան գտնում է՝ բերում է մեզ, որ վառենք- տաքանանք, տանը համարյա դրսի ջերմաստիճան է, ամեն տեղից փչում է: Սենյակի պատերը մեծ-մեծ ճաքեր ունեն»: Մեր այցելության ժամանակ նկատեցինք, որ տանտերը սենյակի ճաքերին ցելաֆոնե տոպրակներ է փակցրել, որ ձյունը կամ անձրեւը ներս չլցվեն: Իսկ պատուհանին հաստ ծածկոց են կախել. ճիշտ է՝ ամբողջովին զրկվել են արեւի լույսից, բայց գոնե պատուհանից փչող քամին փոքր-ինչ մեղմվել էր: Երեխաները հենց այդ պատուհանի տակ են քնում:

Գոհարի խոսքերով՝ շատ է դիմել թաղապետարան, որ գոնե շինանյութ տան՝ պատերը մի քիչ կարգի բերելու համար, բայց որեւէ մեկը բանի տեղ չի դրել. «Մեզ ոչ ոք էլ չի օգնում: Մայրս է աշխատում, հավաքարար է, օրումեջ 1000 դրամ է ստանում, բայց դրանով ոնց ապրենք: Մեր ամեն օրվա ուտելիքը փլավն է: Իմ ստացած նպաստը դրան է միայն բավարարում: Ի՞նչ անեմ, երեխաներս ամեն օր արթնանում են ու ուտել են ուզում, ո՞նց ասեմ՝ չկա: Ստիպված ամենաէժան սնունդն եմ առնում: Մեծ տղաս՝ Անդրեյը, շատ է ուզում համակարգիչ ունենալ, քանի որ նրանց դասարանում բոլորն ունեն, դրանով են զբաղվում, իսկ նա չունի, մեր տանը նույնիսկ հեռուստացույցը նորմալ ցույց չի տալիս, բացի այդ էլ լույսի պարտք ունեմ, չեմ կարողանում վճարել, անընդհատ անջատում են: Երեխաներս դասերը սովորելուց հետո անելիք չունեն»:

Նրանց ընտանիքի ամենափոքր անդամը՝ 4-ամյա Անահիտը, իր համար զբաղմունք գտել է՝ նա այս օրերին ուրագով իրենց բակի սառույցներն է քանդում: Երբ մեզ տեսավ, վազեց մայրիկի մոտ եւ ուրախությամբ հարցրեց. «Եկել են մեր հետեւից, որ լավ տեղ տանե՞ն»:

9-ամյա Մոնիկան ու 7-ամյա Արթուրիկն էլ վառարանի շուրջ նստած էին:

Գոհարի ամուսինը նրանց հետ չի ապրում, մեկնել է արտասահման, գնացել է գումար աշխատելու, բայց ոչ մի դրամ չի ուղարկել ընտանիքին՝ պատճառաբանելով, որ աշխատանք չի գտել. «Երբ այստեղ աշխատում էր, էլի նորմալ չէինք ապրում, մի կերպ էինք ծայրը ծայրին հասցնում, բայց քանի որ ամուսինս մենակ է մեծացել՝ մայր, հայր, եղբայր ու քույր չի ունեցել, ուզում էր անպայման շատ երեխաներ ունենալ, բայց ո՞վ գիտեր, որ սենց կլինի, որ տունը կփլվի, իսկ մենք տեղ չենք ունենա գնալու: Ես շատ եմ ուզում աշխատեմ, որ այս խնդիրներից պրծնենք, բայց ո՞նց թողնեմ այս փոքր երեխաներին ու գնամ աշխատեմ, ո՞ւմ հոգածությանը թողնեմ, ուրիշ պահող չունենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել