Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՕԳՆԵՆՔ ՊԵԿ-ԻՆ

Փետրվար 16,2011 00:00

Մեր հարգարժան ՊԵԿ-ի (Պետեկամուտների կոմիտե) կազմում գործում է մի մեծ «Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի» բաժին, որը, ինչպես ՊԵԿ-ի մնացած բաժինները, աշխատում եւ ապրում է հարկատուների (մեր եւ ձեր) փողերով: Այդ բաժինը, ինչպես բխում է իր անունից, պարտավոր է հասարակությանը հատկացնել տեղեկատվություն, որը վերաբերվում է ՊԵԿ-ի՝ հարկային եւ մաքսային ոլորտներում գործունեությանը: Ես էլ, որպես քաղաքացի, օգտվելով տեղեկատվություն ստանալու իմ իրավունքից, փորձեցի ստանալ այս հարցի պատասխանը. «Ներկայումս ՀՀ տարածքում «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով մուտք գործած քանի՞ ավտոմեքենա կա»: ՊԵԿ-ի վերոնշյալ բաժնից պահանջվեց երեք օր, որ այդ «բարդ» հարցին պատասխանի: Ավելի ճիշտ՝ չպատասխանի, որովհետեւ իրենց ուղարկած «պատասխանի» մեջ հարցիս պատասխանը չկար: Ինձ հայտնում էին, որ «2010 թ. ընթացքում ՀՀ «ժամանակավոր ներմուծում» ռեժիմով մուտք է գործել մոտ 43 000 ավտոմեքենա»: Դե, լավ, չեն ուզում ասեն, թե ներկա պահին ինչքան մեքենա կա, թող չասեն: Բայց գոնե հասկանանք իրենց ուղարկած պատասխանի իմաստը: Եթե մի վարորդ իր մեքենայով 2010թ. ընթացքում 10 անգամ Վրաստանից մտել է Հայաստան ու դուրս եկել, ապա այդ մեքենան բերված 43000 քանակի մեջ հաշվառված է 1 անգա՞մ, թե՞ 10: Այդ հարցով դիմեցի վերոնշյալ բաժնի պետին, որն ինձ «բացատրեց», որ այն, ինչ իրենք ասել են՝ հենց իմ հարցի պատասխանն է, եւ այնտեղ ամեն ինչ պարզ է եւ ակնհայտ: Ես հասկացա, որ ուղղակի բութ եմ, եթե այդ տեղեկության մեջ չեմ տեսնում հարցիս պատասխանը: Լավ, ես չեմ տեսնում: Իսկ ՊԵԿ-ի պաշտոնյաները տեսնո՞ւմ են արդյոք: Վերջին հաշվով՝ քանի՞ վարորդ կա, որ, ՊԵԿ-ի կարծիքով, պիտի իր մեքենան մաքսազերծի եւ դրանով լցնի ծակված բյուջեն: 40 հազարի մո՞տ է այդ թիվը, թե՞ ընդամենը 4000:

Դե, ինչ ասեմ, ա՛յ վարորդներ: Եկեք բոլորս միասին հավաքվենք, ինքներս մեզ հաշվենք: ՊԵԿ-ին էլ այդ թիվը կասենք, թող իրենք էլ իմանան: Մենք մեր տեղեկատվությունը հարազատ ՊԵԿ-ին տրամադրել չենք ափսոսա: Իսկ եթե լուրջ՝ ապա մի քիչ մտածելով կհասկանանք, որ մեր բոլոր պրոբլեմները ՊԵԿ-ի հետ սկսվում են հենց իրենց կողմից, ցանկացած, նույնիսկ ամենաչնչին, տեղեկություն գաղտնի պահելուց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել