Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Գազպրոմի» ուզածը փողն է

Փետրվար 16,2011 00:00

Ռուսաստանից ՀՀ ներկրված բնական գազի ծավալները 2010-ին, նախորդ տարվա համեմատությամբ, նվազել են 11,6%-ով: Նշված ժամանակահատվածում 14,9%-ով նվազել է նաեւ գազի սպառումը բնակչության կողմից: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը սա պայմանավորեց գազի սակագների բարձրացմամբ. «Բայց միայն սակագների աճով պայմանավորել չի կարելի, որովհետեւ մեծ նշանակություն ունի նաեւ եղանակը: Նախորդ տարվա հունվարին, երբ գազի գներն ավելի մեղմ էին, հանրապետությունում սպառումը կազմում էր 177 միլիոն խմ, այս տարվա հունվարին՝ 200 միլիոն խմ: Նախորդ ձմեռ ավելի տաք էր, քան այս ձմեռ»: Պարոն Մովսիսյանի խոսքով, նշված ժամանակահատվածում աճել է ներքին էլեկտրաէներգիայի սպառումը՝ մոտ 3%-ով. «Եթե այս միտումը վերագրենք այս տարվան, 2010-ի համեմատ աճը կկազմի մոտ 7%-ի սահմաններում: Եթե գազի գների մեծ փոփոխություններ այս տարի չարձանագրենք, ապա կկարողանանք էլեկտրաէներգիայի գները պահել, ամեն ինչ կախված է գազի սակագներից»: Նախարարը անդրադառնալով գազի սակագների շուրջ «Գազպրոմի» հետ բանակցություններին՝ նշեց, որ դրանք դեռ ընթանում են բարեկամական մթնոլորտում: Նախարարը հերքեց այն լուրերը, թե «Գազպրոմը» ծանր պայմաններ է առաջարկում սակագինը անփոփոխ թողնելու համար, ապա վստահեցրեց. «Միայն փող են ուզում»:

Անդրադառնալով այս տարվա գերակա ծրագրերին՝ նախարարն առանձնացրեց մի քանիսը: Նրա խոսքով, մինչեւ տարեվերջ պատրաստ կլինի Հայաստան-Իրան բարձր լարման էլեկտրահաղորդման նոր գծի 80%-ը: Պարոն Մովսիսյանի տեղեկացմամբ, այս ծրագրի շրջանակներում ամբողջովին կվերակառուցվի Հրազդան-Շինուհայր 220 վոլտ հզորությամբ լարման գիծը. «Սա մեր արյունատար անոթներից մեկն է՝ Շինուհայրը Վրաստանին կապող օղակը»: Նա համոզված է, որ Իրանի քաղաքական իրավիճակը չի խանգարի տնտեսական համագործակցությանը. «Լարվածությունը միշտ էլ եղել է, բայց գործերն առաջ են գնացել»: Նախարարի խոսքով, այս տարի Հայաստան-Իրան համատեղ ենթակառուցվածքային մի շարք ծրագրեր կմտնեն գործնական փուլ: Կսկսվեն նավթամթերքատար խողովակաշարի շինարարական աշխատանքները, կշարունակվի «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը. «Իրան-Հայաստան գազամուղը հնարավորություն է տալիս ֆորսմաժորային իրավիճակներում ամբողջությամբ ապահովել գազի ներքին պահանջարկը: Այս պարագայում արդեն էական չէ, թե ինչ գներով է Իրանը գազ մատակարարում, կարեւորը դիվերսիֆիկացիայի հնարավորությունն է»: Պարոն Մովսիսյանը նշեց նաեւ, որ մինչեւ տարեվերջ պետք է ընդունեն «Ընդերքի մասին» նոր օրենսգիրքը. «Սա հնարավորություն կտա ընդերքի ոլորտում եւս ապահովել ներդրումներ ու զգալի աճ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել