Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Կոլցոն քաշեց»

Փետրվար 16,2011 00:00

Երեկ Տիգրան Կարապետյանն իր վերջնագիրը  ներկայացրեց գործող իշխանությանը

\"\"Մատենադարանին հարող տարածքում երեկ Տիգրան Կարապետյանի ղեկավարած Ժողովրդական կուսակցության համաժողովն էր: Համաժողովը բավականին սակավամարդ էր, բայց Կարապետիչին դա չընկճեց: Թեեւ սակավամարդության իբրեւ հիմնական պատճառ նա նշեց «ոմանց կռռոցը», ինչի արդյունքում իբր շրջանների ճանապարհները փակեցին, ու մարդիկ չկարողացան գալ, սակայն ողջ օրվա ընթացքում հանրապետության որեւէ տարածքից նման ահազանգ չեղավ, բացառությամբ Գյումրիի տարածաշրջանից, որտեղ վարորդները բողոքի ակցիաներ էին անցկացնում: Հիշեցնենք, որ Տիգրան Կարապետյանն ակտիվ, հանրահավաքային քաղաքական գիծ որդեգրեց ԱԼՄ հեռուստաընկերության եթերազրկման պատճառով: Բարձրագոչ «ազգային համաժողով» անվամբ հավաքի ժամանակ ընդունվեց հանրային պահանջագիր, որը կուսակցության մի քանի ներկայացուցիչներ տարան նախագահի նստավայր։ Երկրի իշխանություններից Ժողովրդական կուսակցության պահանջներն են՝ անհապաղ ազատ արձակել քաղաքական այլախոհներին, աջակցել ջավախահայերին, երկրում վերացնել սոցիալական անարդարությունը, բացառել թանկացումներն ու չհիմնավորված գնաճը, բարձրացնել կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները։ Տիգրան Կարապետյանը սպառնաց, որ եթե մինչեւ փետրվարի 28-ին հրավիրվելիք հանրահավաքն իշխանությունները լուծում չտան իրենց բարձրացրած խնդիրներին, իրենք կդիմեն ժողովրդին՝ կոչ անելով անվստահություն հայտնել իշխանություններին ու գնալ արտահերթ ընտրությունների. «Եթե մեր պահանջներին լուծում չտրվի, փետրվարի 28-ին գործող իշխանությանը կարմիր քարտ ցույց կտանք ու կասենք՝ «Ոչ»։

Տիգրան Կարապետյանը հայտարարեց, որ իրենց նկատմամբ մեծ արշավ է սկսվել թե իշխանության, թե ընդդիմության կողմից. իբր իրենց վարկաբեկող թռուցիկներ են բաժանվում։ Ապա կենտրոնացավ ՀԱԿ-ԺԿ հարաբերությունների վրա, նույնիսկ դիմեց ներկաներին՝ ցանկանո՞ւմ են, որ ԺԿ-ն միանա ՀԱԿ-ին: Հնչած բացասական պատասխանից Տիգրան Կարապետյանը ոգեւորվեց ու ՀԱԿ-ի հասցեին մի քանի «քաղցր» արտահայտություններ հնչեցրեց: Հետո էլ հայտարարեց, թե ինքը պայքարում է իշխանությունների դեմ եւ ոչ թե որոշ ուժերի, որոնց կարգախոսն է՝ «Ով մեզ հետ չէ, մեր դեմ է»։

Հավաքում պաթետիկ ելույթ ունեցավ նաեւ տարբեր քաղաքական դաշտերով անցած «Ժառանգության» մանդատով ԱԺ պատգամավոր, ՍԴՀԿ անդամ ներկայացող Վարդան Խաչատրյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել