Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ «ՍԻՐԵՄ-ՍԻՐԵՄ»-Ի ԹԵՄԱՆ ԴԵՌ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է

Փետրվար 16,2011 00:00

\"\"«Միայն ես ու դու, ու չկա էլ ոչինչ մեզ համար». կոալիցիայում ստեղծված իրավիճակի երաժշտական բնութագիրը

Մեր տեղեկություններով՝ հինգշաբթի տեղի կունենա մի արարողություն, որի անունը դեռ այնքան էլ հստակ չէ: Դա կարող է կոչվել մի նոր, կոալիցիոն հուշագրի ստորագրում, կարող է կոչվել ընտրություններից մեկ տարի առաջ խաղի կանոնների հստակեցման շուրջ պայմանավորվածություն, գուցե անվանվի պարզապես ընկերական հարաբերությունների շուրջ զրույցի արձանագրություն: Իզուր էին մեր փորձերը՝ մեկ-երկու բացատրություն ստանալ Հանրապետականից եւ «Բարգավաճից»: Երկուսն էլ լռում են: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանից հետաքրքրվեցինք, թե ինչ են որոշել եւ ինչու էին երեկ խորհրդարանում հավաքվել ԲՀԿ բոլոր՝ գրեթե բոլոր մեծ ու փոքր պաշտոնյաները, նախարարները եւ այլք, հավաքվել էին, որ ի՞նչ քննարկեն: Հարցրինք, թեպետ նաեւ համոզված էինք, որ նման հարցերը այդքան հրապարակային եւ հատկապես խորհրդարանի պատերի ներսում չէ, որ լուծվում են: Ինչպես եւ սպասվում էր՝ մեր հարցերի պատասխանները չստացանք: Հանրապետականը եւս պարտիզանի պես լռություն է պահպանում: Իրենք այս պահի համար ասելիք չունեն, ինչպես մեզ բացատրեց մի հանրապետական՝ մենք մերն ասել ենք:

Իսկ ահա թե ինչ ասաց «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ «Առավոտի» հետ կարճ հարցազրույցում:

– Վերջերս մամուլում վերլուծություններ են արվում, թե իբր ՕԵԿ-ը անհամբեր սպասում է՝ երբ է ԲՀԿ-ն դուրս գալու կոալիցիաից՝ նրա պորտֆելներին տիրանալու համար: Դուք իսկապե՞ս սպասում եք այդ իրադարձությանը:

– Անհիմն բամբասանք է եւ պղտոր ջրում ձուկ որսալու էժանագին փորձ: Հասկանալի է, որ մինչեւ պառլամենտական ընտրությունները ընդամենը մեկ տարուց մի փոքր ավելի ժամանակ է մնացել, եւ ակնհայտ է, որ ներքաղաքական իրադարձությունները գնալով ավելի սուր դրսեւորումներ են ստանում: Ձեր հարցը թերեւս տեղավորվում է այս տրամաբանության մեջ այնքանով, որ եթե, ենթադրենք, «Բարգավաճ Հայաստանը» դուրս գա կոալիցիայից, ապա այն պորտֆելները, որոնք այս պահին դեռ ԲՀԿ-ինն են, կբաշխվեն կոալիցիայի մյուս կուսակցությունների միջեւ: Սակայն մամուլի որոշ ներկայացուցիչներ այս բնականոն գործընթացը ակնհայտորեն վեր են ածել տրամաբանությունից զուրկ ենթադրությունների շքերթի: Միանգամից նշեմ, որ երբեք ու առավել եւս հիմա ՕԵԿ-ը աչք չունի որեւէ ուժի տրված պաշտոնների վրա: Առավել եւս, որ ընդամենը մեկ տարի հետո ընտրություններ են, եւ ժամանակավոր պաշտոնները ոչինչ չեն տալիս: Իմիջիայլոց՝ պաշտոններ զբաղեցնելը մեզ համար երբեք ինքնանպատակ չի եղել: Բոլոր ժամանակներում մենք ներքաղաքական կայունությունը, դրանից ածանցվող արտաքին եւ ներքին մի շարք մարտահրավերներին դիմակայելու եւ պետության համար առաջնային եւ կենսական խնդիրների լուծումը գերադասել ենք նեղ անձնային կամ կուսակցական շահերից: Մեր ներկայիս քաղաքական վարքագիծը բխում է նաեւ այս տրամաբանությունից: Ասեմ ավելին, մենք հրապարակային արդեն ասել ենք, որ լավ կլինի, եթե կոալիցիոն ուժերը գործեն միասնական եւ համախմբված՝ հաղթահարելու համար առկա մարտահրավերները:

– Խորհրդարանական վերջին ճեպազրույցի ժամանակ Դուք խոսեցիք կոալիցիոն նիստի եւ այն հայտարարության մասին, որը պետք է ստորագրվեր: Սակայն այդպես էլ դեռ ոչինչ չի ստորագրվել։ Ի վերջո՝ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ փաստաթուղթը եւ ե՞րբ է այն ստորագրվելու:

– Մինչեւ իմ՝ կոալիցիոն նիստի մասին խոսելը, այդ թեմայով մամուլում բազմաթիվ հրապարակումներ արդեն եղել էին, ու այնպես չէ, որ ես սենսացիոն բացահայտում արեցի կամ հեծանիվ հնարեցի, պարզապես լրագրողը ինձ տվեց ուղիղ հարց, եւ ես այդ հարցին, որպես կոալիցիոն նիստին մասնակից՝ ասել եմ այն, ինչ որ կա, այսինքն՝ ճշմարտությունը: Ի դեպ, այդ նիստին մասնակցում էին եւս 12 հոգի, ուղղակի հարցը առաջինը ինձ տրվեց: Ես ասել եմ, որ այդ հայտարարությունը մի պարզ փաստաթուղթ է, որը ընդամենը ամրագրելու է, որ կոալիցիոն քաղաքական ուժերը միասնական քաղաքականության շրջանակներում գնան դեպի խորհրդարանական ընտրությունների եւ նախագահական ընտրություններին միասնաբար պաշտպանեն երկրի գործող նախագահի թեկնածությունը: Իսկ ինչ վերաբերում է այդ հայտարարության ստորագրմանը, ապա կարծում եմ՝ հանրությունը դրա ականատեսը կլինի մոտ ապագայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել