Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

CJP-Ի ԶԵԿՈՒՅՑԸ

Փետրվար 16,2011 00:00

Երեկ Լրագրողների պաշտպանության կոմիտեն՝ (Committee to Protect Journalists-CJP) հրապարակել է իր տարեկան զեկույցը:

CPJ-ի զեկույցում առանձին անդրադարձ կա նաեւ Հայաստանին, որում արձանագրված է, որ 2010-ին մեր երկրում մամուլի դեմ հարձակումները շարունակվել են: Կազմակերպությունն արձանագրել է, որ Սերժ Սարգսյանի կառավարությունը բախվելով բնակչության բողոքների հետ, որոնք առաջացել էին տնտեսական գլոբալ ճգնաժամի եւ ընտրությունների արդյունքների կեղծման արդյունքում, «փորձեց վերահսկողության տակ առնել տեղեկությունների լուսաբանումը՝ ճնշելով ժողովրդական բողոքը, բանտարկելով ընդդիմության ակտիվիստներին եւ օրենսդրական սահմանափակումներ մտցնելով»: Զեկույցի համաձայն, «ամենաարմատական քայլերն արվեցին հունիսին, երբ խորհրդարանն ընդունեց, իսկ նախագահը հաստատեց Հեռուստառադիոհեռարձակման օրենքի փոփոխությունները, որոնք ուժեղացնում էին վերահսկողությունը երկրի ազդեցիկ հեռարձակվող լրատվամիջոցների գործունեության վրա: Կառավարությունը փորձում էր ուշադրությունը շեղել սահմանափակող այդ փոփոխություններից՝ փաթեթում ներառելով ռադիո եւ հեռուստակայանների անցումը անալոգայինից թվայնացման: Սարգսյանը անտեսեց այդ սահմանափակումների առնչությամբ հայկական եւ միջազգային հանրության բողոքները, որոնք համարում էին, որ դա ձեռնտու է Հանրապետական կուսակցությանը՝ 2012թ.-ին սպասվող խորհրդարանական ընտրությունների ֆոնին: «Վերլուծաբանների կարծիքով, օրենսդրական այդ փոփոխությունները կառավարությանը տալիս են օրինական հնարավորություն՝ շարունակել արգելափակել «Ա1+»-ի հեռարձակումը: Կառավարությունը, ըստ էության, առանց պատշաճ բացատրությունների անտեսել է նաեւ ՄԻ Եվրոպական դատարանի կողմից 2008թ. հունիսին կայացրած որոշումը՝ «Ա1+»-ին լիցենզիայից զրկելու անօրինականության մասին»,- ասված է զեկույցում, որում ասված է նաեւ, թե հեռուստատեսության թվայնացումը մի մեթոդ էր՝ փակել նաեւ Գյումրիի ԳԱԼԱ հեռուստաալիքը, որը միակ տեղական ալիքն է, որը շարունակում է եթերում քննադատել կառավարությանը:

Փաստաթղթի հեղինակներն անդրադարձել են նաեւ լրագրողների դեմ հարձակումների՝ ծեծի ենթարկելու եւ քրեական հետապնդման ենթարկելու փաստերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել