«Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակը պատասխանում է ԿԸՀ նախագահի մեղադրանքին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գարեգին Ազարյանը «ՀԱ»-ին տված հարցազրույցում ասել էր. «Ընտրական օրենսգիրքը» բարեփոխելու վերաբերյալ «Ժառանգության» դիրքորոշումներին ծանոթացանք անցյալ նոյեմբերին տեղի ունեցած միջազգային կոնֆերանսի ընթացքում: Այն ժամանակ մի նախագիծ էին ներկայացրել, որը մեր հանձնաժողովի անդամներից մեկը մանրակրկիտ ուսումնասիրել ու համեմատել է իշխանական կոալիցիայի մշակած եւ օրերս Վենետիկի հանձնաժողովի փորձաքննությանը ուղարկված նախագծի հետ: Գուցեեւ զարմանալի թվա, բայց կոալիցիոն նախագծում առկա տառասխալներն անգամ «Ժառանգության» նախագծում նույնությամբ կրկնվում են: Հետեւաբար ներկայացված այլընտրանքային նախագիծը մեծ մասամբ կոալիցիոն կուսակցությունների համատեղ մշակած նախագծի պարզ արտատպությունն է, գուցե մասնակի լրացումներով կամ փոփոխություններով: Իսկ դա նշանակում է, որ պաշտոնապես ԱԺ-ում շրջանառության մեջ դրված նախագծի գոնե մի մեծ մասին «Ժառանգությունը» համամիտ է, բայց այդ մասին հայտարարելու քաղաքական համարձակություն չունի»:
Մեր խնդրանքով անդրադառնալով ԿԸՀ նախագահի այս պնդումներին՝ «Ժառանգություն» կուսակցության մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Նախ տեղեկացնում ենք Գարեգին Ազարյանին, որ «Ընտրական օրենսգիրքը», ինչպեսեւ ցանկացած օրենսդրական փաստաթուղթ, ոչ բանաստեղծություն է եւ ոչ էլ արձակ ստեղծագործություն, որպեսզի վիճարկվեն դրա այս կամ այն հատվածի հեղինակային իրավունքները: Թե՛ իշխող կոալիցիայի եւ թե՛ «Ժառանգության» նախագծերը հիմնված են գործող օրենքի վրա, հետեւաբար բնական է, որ դրանց տեքստերի մեծ մասն այսպես թե այնպես պետք է համընկնեին, քանի որ որեւէ կարիք չկար փոխել այնպիսի դրույթները, որոնք բոլորի կողմից մշտապես ընդունելի են եղել. օրինակ, այն դրույթը, ըստ որի՝ ընտրությունները սկսվում են ժ. 08.00-ին եւ ավարտվում 20.00-ին: Եվ այն, որ «Ժառանգությունն» իր տարբերակում չի փոխել այս եւ նման տեխնիկական հարյուրավոր այլ դրույթները՝ չի նշանակում, որ, «պաշտոնապես ԱԺ-ում շրջանառության մեջ դրված նախագծի գոնե մի մեծ մասին «Ժառանգությունը» համամիտ է, բայց այդ մասին հայտարարելու քաղաքական համարձակություն չունի»: Եթե իհարկե, «մեծ մաս» ասելով նկատի չունենանք տեխնիկական դրույթները:
Այո՛, մեր նախագծում մենք ներառել ենք ոչ միայն տարբեր հասարակական ու քաղաքական ուժերի կողմից մինչեւ վերջերս հնչած առաջարկների զգալի մասը, այլեւ կոալիցիայի կողմից ներկայացված նախագծում առկա որոշ, թեեւ ոչ այնքան էական, սակայն խելամիտ ու հետաքրքիր դրույթներ: Նմանապես՝ կոալիցիոն նախագիծը կազմող փորձագետները ներառել են իրենց նախագծում «Ժառանգության» դեռեւս 2008թ. հունիսի 23-ին, ապա եւ 2009թ. հունիսի 24-ին արտահերթության կարգով ԱԺ օրակարգ մտցրած «Ընտրական օրենսգրքում» 55 փոփոխություններ կատարելու մասին ի վերջո մերժված օրենսդրական նախաձեռնությունից որոշ՝ ոչ այնքան էական դրույթներ, ինչը, սակայն, մեզ հիմք չի տվել պնդելու, թե կոալիցիան «Ժառանգության» նախագծի գոնե մի մեծ մասին համամիտ է, բայց այդ մասին հայտարարելու քաղաքական համարձակություն չունի:
Ի գիտություն պրն Ազարյանի՝ քաղաքական ուժերի միջեւ անհամաձայնությունները լինում են հիմնականում էական, համակարգային խնդիրներում, ինչպիսիք են, օրինակ, քվեարկած ընտրողների կողմից ստորագրված ցուցակների թափանցիկությունը, ԱԺ ընտրությունների բացառապես համամասնական ընտրակարգ սահմանելու պահանջը, ընտրական հանձնաժողովների ձեւավորման կարգը, քվեարկության կազմակերպման եւ հաշվարկի ընթացքի պարտադիր տեսաձայնագրումը, կանանց ներգրավվածության մասնաբաժինը, նախագահական եւ ԱԺ ընտրությունների պետական ֆինանսավորման չափը, կուսակցությունների պատասխանատվությունը ընտրական հանձնաժողովներում իրենց անդամների որակավորման համար, ԿԸՀ-ին առընթեր Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության լիազորությունները: Եթե այս հարցերում եւս Գարեգին Ազարյանը կոալիցիայի եւ «Ժառանգության» նախագծերի միջեւ տարբերություն չի տեսնում, ապա դրանով ընդամենը հաստատում է հասարակությանը հայտնի այն իրողությունը, որ նա առնվազն չի համապատասխանում իր զբաղեցրած պաշտոնին եւ պարտավոր է հրաժարական տալ:
Ինչ վերաբերում է տառասխալներին, ապա տեղյակ չենք, թե ինչ տարբերակ է հասել Գարեգին Ազարյանին (միգուցե սեւագի՞ր), երբ եւ ինչ ճանապարհով: «Ժառանգության» կողմից մշակված «ՀՀ Ընտրական օրենսգրքի» (նոր խմբագրությամբ) նախագծի վերջնական տարբերակը տեղադրված է կուսակցության պաշտոնական վեբ-կայքում հետեւյալ հասցեով՝ https://www.heritage.am/documents/Nakhagic_Zharangutyun.pdf»: