Մեծ Բրիտանիայում կանանց մահվան հիմնական պատճառներից մեկը թոքերի քաղցկեղն է: Սակայն Միացյալ Թագավորությունը միակ պետությունն է, որտեղ մահացության ցուցանիշը կայուն է կամ նվազում է: Մյուս բոլոր պետություններում այն շարունակ աճում է, ինչպես հայտնում են եվրոպացի գիտնականները: Ըստ նրանց տվյալների՝ Մեծ Բրիտանիայում թոքերի քաղցկեղից կանանց մահացության ցուցանիշն ավելի քան երեք անգամ գերազանցում է Իսպանիայի այդ ցուցանիշին, մոտ երկու անգամ էլ՝ Ֆրանսիայի: Միլանի եւ Լոզանի համալսարանների աշխատակիցների գնահատմամբ՝ 2011 թ.-ին Եվրոպայում քաղցկեղից կմահանա 1,3 միլիոն մարդ: Սա փոքր-ինչ գերազանցում է 2007 թ. ցուցանիշները: Մինչդեռ կանանց շրջանում թոքերի քաղցկեղից մահացության ցուցանիշը ետ է մնում տղամարդկանց ցուցանիշից: Սա պայմանավորված է նրանով, որ կանայք սկսել են ավելի ուշ ծխել: 30 տարի առաջ տղամարդկանց շրջանում ծխողները կազմում էին 66%, իսկ կանանց շրջանում՝ 20%: Վերջին 30 տարիների ընթացքում ծխող տղամարդկանց թիվն էապես նվազել է՝ այն դեպքում, երբ կանանց շրջանում այդ ցուցանիշը հասել է 24%-ի:
Ինչպես հայտնում են գիտնականները, ծխել սկսելու եւ քաղցկեղի առաջացման միջեւ ընկած ժամանակահատվածը 30-40 տարի է: